• Latest news

Հայաստանում վերանայել են ծննդատների կարգերը. 10-ից միայն 3-ն են պահպանել երրորդ կարգը

18 փետրվարի, 2019  16:18

Դեռեւս անցյալ տարվա ամռանը առողջապահության նախարարի հրամանով հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է օբյեկտիվորեն գնահատեր երկրի բոլոր ծննդատների աշխատանքն ու հագեցվածությունը: Այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով՝ մեծ թվով ծննդատների կարգը ստիպված էին վերանայել: Երեւանում 3-րդ կարգի 10 ծննդատներից միայն երեքն են կարողացել իրենց կարգը պահպանել: Այս մասին «Ֆեյսբուքում» ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ հանձնաժողովն ուսումնասիրել է ծննդատների ոչ միայն հագեցվածության ու անձնակազմի պատրաստվածության մակարդակը, այլեւ այն, թե այդ ծննդատներում տարվա ընթացքում քանի երեխա է ծնվում: Բանն այն է, որ եթե ծննդատանը ծնունդները փոքրաթիվ են, դա կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ այդ հաստատության աշխատանքի որակի վրա:

Մինչեւ վերջին ժամանակները Երեւանում կար 3-րդ (բարձրագույն) կարգի 10 ծննդատուն, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց մեծամասնությունը չի համապատասխանում այդ կարգի հաստատություններին ներկայացվող պահանջներին: 3А կարգը պահպանել են միայն Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը եւ «Էրեբունի» ԲԿ մանկաբարձական բաժանմունքը, իսկ 3Б կարգը՝ միայն Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը: Մնացյալ 7 ծննդատները ստացել են 2-րդ կարգ, բայց նախարարի խոսքով՝ եթե հետագայում սկսեն համապատասխանել 3-րդ կարգի ծննդատան պահանջներին, ապա նրանց կարգի վերաբերյալ որոշումը կարող է դարձյալ վերանայվել:

Երկրի մարզերում այս պահին 3-րդ կարգի ծննդատներ չկան: 2-րդ կարգի 6 ծննդատուն վերանայելուց հետո ստացել են 1-ին կարգ, իսկ 1-ին կարգի 3 ծննդատուն ստացել են 2-րդ կարգ:

Նախարարը նաեւ նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված է լրացուցիչ 700 մլն դրամ, որոնք կուղղվեն  ծննդօգնության ոլորտի ֆինանսավորմանը. բնական ծննդաբերության համար ծննդատներին արդեն կվճարեն ոչ թե 107 հազար դրամ, այլ 140 հազար, իսկ կեսարյան հատման համար 220 հազար դրամ 198 հազարի փոխարեն: Լրացուցիչ վճարումների մեծ մասը պետք է հատկացվի բուժաշխատողների աշխատավարձին: Արսեն Թորոսյանը վստահ է, որ այս միջոցառումները կօգնեն կրճատել ստվերային շրջանառությունը եւ ծննդատներում ապօրինի վճարումները:

Նա ծննդկաններին եւ նրանց ազգականներին կոչ արեց ծննդատան անձնակազմին չվճարել անմիջականորեն ծննդօգնության հետ կապված ծառայությունների դիմաց: Ծննդատներում վճարովի կարող են լինել միայն ծննդաբերության հետ չկապված լրացուցիչ ծառայությունները, օրինակ՝ առանձին ՎԻՓ-հիվանդասենյակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է