• Latest news

Ծնողներին անհրաժեշտ գիտելիքներով ապահովել. Երեւանում ընթանում է «Լույսի մոլորակ» մոր եւ մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը (ֆոտո)

23 մարտի, 2019  14:20

Հայաստանում ծնողներն իրենց երեխաներին շատ են սիրում, սակայն երբեմն, որքան էլ սա տարօրինակ չհնչի, իրենց չափից ավելի սիրով կարող են երեխաներին վնասել: Այս մասին մարտի 23-ին Երեւանում «Լույսի մոլորակ» մոր եւ մանկան կոնֆերանս-ցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալիս ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի կին Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նման կոնֆերանս-ցուցահանդեսը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, որի գլխավոր նպատակը ծնողներին երեխայի գրագետ խնամքի մասին անհրաժեշտ գիտելիքներով ապահովելն է:

«Անչափ կարեւոր է, որ ծնողները գրագետ լինեն, բոլոր հարցերը քննարկեն մասնագետների հետ, իսկ երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը իսկապես գրագետ մոտեցում ցուցաբերեն»,- նշեց Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախապես խոստացել էր կամուրջ դառնալ նրանց միջեւ, ովքեր հրաշալի գաղափարներ ունեն, եւ նրանց, ովքեր այդ գաղափարների իրականացման ռեսուրսներ ունեն, ուստի հիմնադրամի ներկայացուցիչները հաճույքով համաձայնվեցին օգնել այս միջոցառման կազմակերպմանը, քանի որ այստեղ ծնողները կարող են երեխաների գրագետ խնամքի վերաբերյալ անգնահատելի գիտելիքներ ստանալ: Նույն պատճառով այս միջոցառման կազմակերպմանը հաճույքով մասնակցեց նաեւ ՄԱԿ Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն իր հերթին նշեց, որ երեխաները շատ բանի կարիք ունեն, բայց ամենից շատ նրանց ուտելիք է հարկավոր, խաղալու հնարավորություն եւ սեր:

«Երեխան չի կարող նորմալ զարգանալ առանց ճիշտ սնվելու, առանց խաղալու հնարավորության եւ առանց ազգականների ու հասարակության սիրո»,- նշեց մասնագետը:

Կոնֆերանս-ցուցահանդեսը ընթանում է «Երեւան-էքսպո» կենտրոնում (Հակոբյանի փողոց 3) եւ բաց կլինի մինչեւ երեկոյան ժամը 18-ը: Այստեղ երեխաների համար հետաքրքիր հարթակներ կան, որտեղ նրանք կարող են հեքիաթներ լսել, մասնակցել թատերական բեմադրություններին, ծանոթանալ տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին, նկարել, հողաթափիկ ինֆուզորիային եւ շատ այլ արարածների տեսնել մանրադիտակի տակ եւ ուղղակի լավ ժամանակ անցկացնել:

Իսկ ծնողների համար կազմակերպվել են երեխայի ճիշտ խնամքի, հղիության եւ ծննդաբերության, երեխայի դաստիարակության մեջ հոր դերի եւ անգամ կիբեռ-հիգիենայի վերաբերյալ դասախոսություններ եւ սեմինարներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել