«ԱՍՏՂԻԿ» ԲԿ-ում կատարվել է հաստ աղու հազվադեպ հանդիպող վերականգնողական վիրահատություն իլեոռեկտոպլաստիկայով

8 ապրիլի, 2019  21:23

Հաստ աղու վերականգնողական վիրահատությունը միափող կոլոստոմայով հիվանդների մոտ եղել և մնում է կոլոռեկտալ վիրաբուժության ամենաբարդ խնդիրներից մեկը, հատկապես ուղիղ աղու մասնահատումներից հետո՝ ըստ Հարտմանի տիպով վիրահատված հիվանդների մոտ, փոքր կոնքում ուղիղ աղու կարճ ծայրատների առկայությամբ, որը մշտապես ընդգրկվում է սպիական-կպումային գործընթացի մեջ: Չնայած հաստ աղու քաղցկեղի ժամանակակից ախտորոշիչ մեթոդների զարգացվածության՝ դեռևս շատ հիվանդներ ընդունվում են ստացիոնար արդեն հիվանդության բարդությունների առկայությամբ, ինչը ստիպում է կիրառել բազմափուլ վիրահատական միջամտություններ:

Այս ամենի հետ կապված առաջանում են կոլոստոմայով հիվանդների վարման բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնման արդիական խնդիրներ: Կոլոռեկտալ վիրաբույժների ճնշող մեծամասնությունը հաստ աղու վերականգնողական վիրահատությունների դեպքում նախապատվությունը տալիս է կոլոպլաստիկային, սակայն հազվադեպ հանդիպող բարդ դեպքերում վերջինիս իրականացումը լինում է գործնականում անհնար, այդ իսկ պատճառով, ցավոք, կարիք է լինում վիրահատությունն ավարտելու իլեո-կոլո կամ իլեո-ռեկտոպլաստիկայով, ինչը և կատարվել է մեր դեպքում: Առաջին անգամ Հայաստանում, «Աստղիկ» Բժշկական կենտրոնում:

Հիվանդ՝ Հ.Վ., 61տ, ընդունվել է «Աստղիկ» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք 21.01.19թ՝ գանգատվելով կոլոստոմայի առկայությունից, ինչը պատճառում է արտահայտված սոցիալ-հոգեբանական և կոսմետիկ անհարմարություն: 15.06.18թ. (7 ամիս առաջ) հիվանդը վիրահատվել է մեր կլինիկայում հաստ աղու ռեկտոսիգմոիդ շրջանի ուռուցքի կապակցությամբ՝ բարդացած փոքր կոնքում թարախակույտերի փոքր օջախներով և մասնակի աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ կատարվել է ուղիղ և սիգմայաձև աղիների մասնահատում՝ ըստ Հարտմանի: Հետվիրահատական շրջանում ստացել է 5 կուրս ադյուվանտ ՔԹ:

Վիրահատությունից մեկ ամիս անց սրտի պսակաձև անոթների նեղացումների կապակցությամբ ստենտավորվել է 2 դեղապատ ստենտերով: Ներկայումս դիմել է կլինիկա պլանային հետազոտման և հաստ աղու վերականգնողական վիրահատության նպատակով: Ընդունման պահին վիճակը բավարար է, մարմնի զանգվածը 125կգ: Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկոլաբորատոր և գործիքային քննությունները (ռեկտոսկոպիա՝ ուղիղ աղու 10 սմ ծայրատ՝ առանց ախտաբանական նշանների; արյան և մեզի լաբ. քննություններն՝ առանց առանձնահատկությունների, որովայնի օրգանների ՈւՁՀ, ԷՍԳ, ԷխոՍԳ, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի օրգանների ՀՇ կոնտրաստով, ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտություն): Ուղեկցող հիվանդություններից առկա են ՍԻՀ, տարած սրտամկանի ինֆարկտ, անկայուն ստենոկարդիա, սրտային անբավարարություն II ՖԴ (NYHA): Կատարվել են կարդիովիրաբույժի, սրտաբանի, անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի, օնկոլոգի, անոթային վիրաբույժի կոնսուլտացիաներ: Կատարված հետազոտություններով հիվանդության կրկնության կամ մետաստազների առկայության մասին վկայող նշաններ չեն հայտնաբերվել:

23.01.19թ էնդոտրախեալ + էպիդուրալ անզգայացման պայմաններում կատարվել է լապարատոմիա, ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է որովայնի խոռոչում արտահայտված կպումային պրոցես: Կպումներն անջատվել են: Սկսվել է ուղիղ աղու ծայրատի տարանջատումը (մոբիլիզացիան), որը գտնվում էր  կոնքային որովայնամզի տակ: Մոբիլիզացիայից հետո կատարվել է դեսցենդոստոմայի մոբիլիզացիա, ինչպես մաշկի կողմից, այնպես էլ որովայնի խոռոչի կողմից: Ստոմայի որովայնի խոռոչ դուրսբերումից հետո պարզ դարձավ, որ այն կարճ է և չի հասնում ուղիղ աղու ծայրատին:Այդ իսկ պատճառով շարունակվեց հաստ աղու ձախ կեսի մոբիլիզացիան հիմնական անոթների կապումով և հատումով: Պարզ դարձավ, որ հաստ աղու ձախ կեսի արյունամատակարարումը բավարար չէ, և մոբիլիզացիան շարունակվեց մինչև հաստ աղու լյարդային անկյուն:

Սակայն այստեղ ևս հաստ աղու արյունամատակարարումը գնահատվեց անբավարար բերանակցում ձևավորելու համար: Այդ իսկ պատճառով որոշվեց այս մակարդակի վրա ավարտել հաստ աղու մոբիլիզացիան և ձևավորել իլեոռեկտալ բերանակցում: Իլեոցեկալ անկյան շրջանից հեռանալով շուրջ 25-30 սմ զստաղու գալարների միջև NTLC55 սարքի օգնությամբ ձևավորվեց V-ձև բերանակցում, և քսակակարի միջոցով ֆիքսվեց CHEX 28 ցիրկուլյար սարքի գլխիկը: Նույն սարքով ձևավորվեց իլեոռեկտալ բերանակցում: Ստուգվեց բերանակցման հերմետիկությունը՝ գնահատվեց բավարար: Որովայնի խոռոչը դրենավորվեց և շերտ առ շերտ վերականգնվեց: Շերտ-շերտ կարվեց նաև նախկինում առկա ստոմայի վերքը: (Վիրահատող թիմ՝ պրոֆ. Ալեքսանդր Մ. Աղավելյան, դոց. Մինաս Ա. Աղավելյան, Վիկտորյա Մ. Զախարյան, Գրիգորի Ռ. Ռաաֆայելյան, օպեր. բուժքույրեր՝ Անի Մելքոնյան և Հերմինե Հայրապետյան):

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարաբերականորեն հարթ: Հիվանդը գտնվել է վիրաբույժների, սրտաբանների և ռեանիմատոլոգների հսկողության ներքո: Վերքը լավացել է առաջնային ձգումով: 06.02.19թ. հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել ստացիոնարից:

Հ.Գ. Անհրաժեշտ է նշել, որ իլեոռեկտոպլաստիկան, հանդիսանալով առավել բարդ և վտանգավոր վիրահատություն, պետք է իրականացվի միայն համապտասխան նեղ մասնագիտացում ունեցող փորձառու վիրաբույժների կողմից, բազմապրոֆիլային հիվանդանոցի պայմաններում, այն էլ միայն հազվագյուտ և նպատակահարմար դեպքերում, երբ կոլոպլաստիկան տեխնիկապես անհնար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի