• Latest news

Թոքերի քաղցկեղային ուռուցքի մեջ «ստամոքս» եւ «աղիներ» են գտել

8 ապրիլի, 2019  22:35

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կաթնասունների թոքերի քաղցկեղի նմուշում հայտնաբերել են մանրակերտ ստամոքս, 12-մատնյա աղի եւ բարակ աղի:

Science Alert պարբերականը հայտնում է, որ հետազոտողները վերլուծել են քաղցկեղային ուռուցքների 33 տարատեսակների հազարավոր գենոմներ, ներառյալ թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղը, որը կազմում է թոքերի քաղցկեղի բոլոր դեպքերի 80-85 տոկոսը: Պարզվել է, որ մեծ թվով չարորակ նորագոյացություններում բացակայում է NKX2-1 ակտիվ գենը, որը կարեւոր դերակատարում ունի բջիջների ճակատագրի որոշման հարցում:

Այս գենը պայմանավորում է բջիջների դիֆերենցումը, որի ընթացքում դրանք ձեռք են բերում գործառույթներ եւ հատկություններ, որոնք բնորոշ են շնչառական համակարգի հյուսվածքներին: Այս գենի բացակայության դեպքում բջիջները կարող են զարգանալ ցանկացած այլ հյուսվածքների եւ օրգանների մեջ:

Գիտնականները հայտնաբերել են, որ այս նմուշներում քաղցկեղային բջիջները գեներ են արտահայտում, որոնք կապված են ոչ թե շնչառական համակարգի, այլ մարսողական ֆունկցիաների հետ: Քանի որ թե՛ թոքերում, թե՛ ստամոքսում, թե՛ աղիներում զարգացումը սկսվում է միեւնույն ցողունային բջիջներից, ապա թոքերի քաղցկեղային բջիջները, որոնք զրկվել են NKX2-1 գենից, սկսում են զարգանալ «հարեւան ուղիով», այսինքն՝ դառնում են ստամոքսի եւ աղիների բջիջներ:

Մասնագետները փորձեր են անցկացրել մկների վրա, որոնց թոքային հյուսվածքի NKX2-1-ը նոկաուտի էր ենթարկվել: Արդյունքում մանրադիտակի տակ նկատելի են դարձել կառուցվածքներ, որոնք հատուկ են միայն աղիքի եւ ստամոքսի հյուսվածքներին: Դրանից բացի, թոքի բջիջները սկսել են արտադրել մարսողական ֆերմենտներ: Ուռուցքների զարգացմանը հակված մկների թոքերի մեջ նորագոյացություններ են առաջացել, որոնք հիշեցրել են միջին եւ հետին աղիքի հատվածները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Developmental Cell ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել