• Latest news

Շրջաններ թղթի վրա եւ հավասար դասավորված մատիտներ. 5-ամյա Վիկտորիայի մոտ աուտիզմն արտահայտվել է ուժեղ սթրեսից հետո

10 ապրիլի, 2019  20:26

5-ամյա Վիկտորիան մշտապես նույն բանն է նկարում.անհավասար սեւ շրջաններ՝ անփութորեն ներկված տարբեր գույներով:  Երբեմն շրջանների վրա նաեւ կարճ գծեր են հայտնվում, որոնք նման են աչքերին, քթին, բերանին:

Աղջկա տատիկը՝ Գրետա Մարտիրոսյանը գաղափար չունի, թե ինչ են նշանակում այդ պատկերները: Աուտիզմ ունեցող այլ երեխաները, տեսնելով այդ նկարները, սկսում են ուշադիր դրանք զննել եւ տատիկը միշտ հարցնում է նրանց՝  հասկանում են արդյոք, թե ինչ է դրանցում պատկերված: Սակայն աուտիզմով երեխաներն այդքան շփվող չեն  եւ ոչ ոք նրան չի պատասխանում:

Վիկտորիան նույնպես աուտիզմ ունի: Հետաքրքիր է, որ մինչեւ 1.5 տարեկանը նա մեծացել է որպես ամենասովորական երեխա. նա ակտիվ էր, նորմալ սնվում էր, խոսում... Ամեն ինչ փոխվեց այն օրը՝ 3.5 տարի առաջ, երբ Վիկտորիայի հայրը հարձակվեց նրա մոր վրա: Վախենալով տեսածից՝ Վիկտորիան սկսեց բարձր գոռալ եւ երկար ժամանակ նրան չէին կարողանում հանգստացնել:

Այդ օրը, հիշում է տատիկը, նա ոչինչ չկերավ եւ անգամ ջուր չխմեց:

Կարճ ժամանակում նրա բնավորությունը եւ վարքը անճանաչելի դարձան. նա գրեթե դադարեց խոսել, իսկ ուտում էր միայն քաղցրավենիք եւ գրենկի, չնայած մինչ այդ ուտում էր ամեն ինչ, ինչ ուտում են իր տարիքի երեխաները:

Մասնագետների խոսքով՝ չի բացառվում, որ հենց ապրած սթրեսն է ինքնատիպ խթանիչ մեխանիզմ հանդիսացել, որը Վիկտորյայի մոտ հանգեցրել է աուտիզմի առաջացման։ Բայց խնդիրն ինքը, ամենայն հավանականությամբ, ունի գենետիկ ծագում. Վիկտորյայի կրտսեր եղբայրը նույնպես աուտիզմ ունի, իհարկե՝ այն նրա մոտ սկսել է դրսեւորվել գրեթե ծննդյան օրվանից։ Հիմա փոքրիկը 4 տարեկան է, եւ նա, ի տարբերություն քույրիկի, առհասարակ չի խոսում։ Վաղ տարիքում նա նույնպես դարձել է ծնողների վեճերի ու ընտանեկան բռնության վկան։


Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է տատիկը, աուտիզմ ունեցող երեխային մեծացնելը հեշտ բան չէ, իսկ երբ այդպիսի երեխաները երկուսն են, դա շատ ավելի դժվար է։ Վերջերս տղան ընկել է իրենց 7-րդ հարկի բնակարանի պատուհանից, բայց հրաշքով ողջ է մնացել՝ կոտրելով միայն կոնքի ու կոնքազդրային ոսկրերը։


Ինչ վերաբերում է Վիկտորյային, նա բավական հանգիստ երեխա է, սիրում է նկարել, երգել, պարել։ Կարող է ամբողջ օրը կանգնել հայելու առջեւ՝ նայելով իր արտացոլանքին։ Նա սիրում է նաեւ հավասար շարել գույները, մատիտներն ու այլ առարկաներ. այս սովորությունը հատուկ է աուտիզմով հիվանդ շատ երեխաների։ Նրա բառապաշարը սահմանափակ է, եւ շրջապատի շատ իրերի արձագանքում է ոչ այնպես, ինչպես մյուս երեխաները, բայց սովորաբար հիանալի հասկանում է այն, ինչ ուզում են նրան հասկացնել։
Վիկտորյան հիմա հաճախում է հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսե» վերականգնողական կենտրոն, որին աջակցում է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը եւ, տատիկի խոսքով, դա դրականորեն է ազդում նրա զարգացման ու վարքագծի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել