• Latest news

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը երիտասարդներին ավելի հաճախ է ախտահարում. հետազոտություն

13 ապրիլի, 2019  21:55

Վերջին տարիներին երիտասարդների շրջանում կտրուկ աճել է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ հիվանդացությունը, նախազգուշացնում են Bristol University-ի մասնագետները:

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈՃՀ) լյարդում լիպիդների (ստեատոզների) կուտակումն է, որը կապված չէ ալկոհոլի գործածման եւ չարաշահման հետ: Հիվանդությունը համարվում է մետաբոլիկ համախատանիշի դրսեւորում եւ հստակ կապ ունի ճարպակալման, դիաբետի եւ արյան մեջ ճարպերի բարձր մակարդակի հետ:

Աշխարհում բնակչության մոտ 20-30 տոկոսը տառապում է ԼՈՃՀ-ով: Հիվանդության տարածվածությունը շարունակում է աճել, ինչը ծանր հետեւանքներ ունի հանրային առողջության եւ տնտեսության համար: Նախկինում կարծում էին, որ այս հիվանդությամբ հիվանդանում են տարեց մարդիկ, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ զգալի թվով 24-ամյա մարդիկ նույնպես տառապում են ԼՈՃՀ-ով, ինչը նրանց ենթարկում է հետագայում առողջական ծանր խնդիրների առաջացման վտանգին, ինչպես, օրինակ, լյարդի քաղցկեղը, 2-րդ տիպի դիաբետը եւ սրտի կաթվածը:

Bristol University-ից գիտնականները հետազոտել են 1991 եւ 1992 թվականներին բրիտանական Էյվոն կոմսությունում ծնված ավելի քան 4 հազար երիտասարդների: Նրանք 18 տարեկանում անցել էին ուլտրաձայնային հետազոտություն, որը ցույց էր տվել, որ նրանցից 2,5 տոկոսի մոտ եղել է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն: Հինգ տարի հետո ֆիբրոսքանի միջոցով նոր հետազոտությամբ հայտնաբերվել է, որ ավելի քան 20 տոկոսի լյարդում եղել են ճարպային շերտեր կամ ստեատոզ, ինչը ցույց է տալիս ԼՈՃՀ-ի զարգացման մասին: Ավելին՝ դեպքերի կեսում հիվանդությունը դասակարգվել է որպես ծանր: Սքանավորումը նաեւ ցույց է տվել, որ 2,4 տոկոսի մոտ առկա էր ֆիբրոզ՝ լյարդի սպիավոր հյուսվածքներ, որը կարող է բերել ցիռոզի զարգացման:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ երբ այս երիտասարդները հասնեն 50-60 տարեկանի, լյարդի հիվանդությունները կարող են համաճարակի բնույթ ընդունել: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններով երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը ունեցել է ավելորդ քաշ: Լյարդում առավել մեծ քանակությամբ ճարպային շերտերով մարդկանց շրջանում 60 տոկոսը տառապել է ճարպակալմամբ: Հետազոտողները բացառել են նաեւ նրանց, ովքեր մեծ քանակությամբ ալկոհոլ են գործածել, սակայն ոմանց մոտ ԼՈՃՀ կարող են առաջացնել 2 գործոն՝ ալկոհոլը եւ ճարպակալումը:

Հետազոտողները հիշեցնում են, որ այս հիվանդությունը բուժելի է, եթե ճիշտ սննդակարգի հետեւեն, պահպանեն նորմալ քաշը, զբաղվեն ֆիզիկական մարզումներով եւ ալկոհոլն օգտագործեն չափավոր քանակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել