• Latest news

Կատարախտ, գլաուկոմա եւ տեսողության շտկում. Աշխարհահռչակ պրոֆեսորը վիրահատություն է կատարում «Աստղիկ» ԲԿ-ում

16 ապրիլի, 2019  16:18

Հանրահռչակ ակնավիրաբույժ պրոֆեսոր Գերդ Աուֆարթը University of Heidelberg-ից հայաստանյան քառօրյա այցելության ընթացքում ամբողջ շարք վիրահատություններ կկատարի «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ինչպես ասել է պրոֆեսորը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, վիրահատությունների ցանկում են եղջերաթաղանթի փոխպատվաստումը, ռեֆրակցիայի շտկման վիրահատությունները՝ Femto Lasik եղանակով, աչքի հետտրավմատիկ վիրահատությունները, ինչպես նաեւ վիրահատություններ գլաուկոմայի եւ կատարախտի բուժման համար։

Պրոֆեսոր Աուֆարթը աշխարհում ամենահայտնի ակնավիրաբույժներից է։ Նա պատվավոր երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում ակնաբուժության ոլորտում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, որը հրապարակել է հեղինակավոր Ophthalmologist գիտական պարբերականը (2018 Power List

Սա պրոֆեսոր Աուֆարթի երկրորդ այցելությունն է «Աստղիկ» ԲԿ։ Նրա խոսքով՝ այստեղ կա անհրաժեշտ ամեն բան որակյալ ախտորոշման եւ աչքի հիվանդությունների մեծ մասի բուժման համար։ Բոլոր սարքավորումներն արդիական են եւ համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, եւ որ գլխավորն է՝ սարքավորումների զինանոցն անընդհատ համալրվում է։

«Իմ նախորդ այցելության ժամանակ այստեղ դեռ կերատոպլաստիկա եւ գլաուկոմայի լազերային բուժում իրականացնելու հնարավորություն չկար։ Հիմա այդ գործողություններն արդեն կարելի է անել, իսկ ժամանակի ընթացքում, համոզված եմ, այստեղ էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն, եւ էլ ավելի շատ սարքավորումներ կտեղադրվեն՝ կախված այն բանից, թե ինչ պացիենտներ կգան ու ինչ խնդիրներով», - նշել է պրոֆեսորը։

Աշխատելով հայ պացիենտների հետ՝ պրոֆեսորը ուշադրություն է դարձրել մի հետաքրքիր փաստի. այստեղ՝ Հայաստանում, բարձիթողի մատնված դեպքերը շատ-շատ են։ Քանի որ պրոֆեսոր Աուֆարթն աշխատում է Գերմանիայի ամենախոշոր համալսարանական կլինիկաներից մեկում, նա իր աշխատանքի ընթացքում շատ տարբեր դեպքեր է տեսնում, բայց միջին վիճակագրական ակնաբույժներն ու ակնավիրաբույժները Գերմանիայում, ըստ պրոֆեսորի, չեն տեսնում այսպիսի քանակությամբ պացիենտներ՝ հիվանդության ծանր, բարձիթողի վիճակում, ինչպիսին այստեղ են՝ Հայաստանում։ Ինչպես նշել է պրոֆեսոր Աուֆարթը, նման պացիենտներից ոմանք բժշկի դիմում են չափազանց ուշ, քանի որ դա ավելի վաղ անելու հնարավորություն չեն ունեցել կամ անտեսել են հիվանդության ախտանիշները, քանի դեռ այն լրջորեն չի ազդել կյանքի որակի վրա, մյուսները պարզապես չեն իմացել, չեն հասկացել, որ լուրջ խնդիր ունեն եւ որ պետք է դիմել բժշկի։

«Այստեղ մենք տեսել ենք շաքարային դիաբետի պատճառով լուրջ փոփոխություններ, ծանր գլաուկոմա ունեցող պացիենտներ, որոնք երկար ժամանակ չեն բուժվել, բնածին հիվանդություններ, որոնք տարիներ շարունակ անտեսվել են...» - ասել է պրոֆեսորը։

Բժշկին ժամանակին դիմելը շատ կարեւոր է, ընդգծել է նա, չէ՞ որ ցանկացած հիվանդության դեպքում հաջող բուժման հնարավորությունները զգալիորեն ավելանում են, եթե պացիենտը ժամանակին է գալիս։ Իսկ եթե նա դիմել է չափից ավելի ուշ, ապա հաճախ ոչ մի բժիշկ արդեն չի կարող օգնել նրան։

«Շատ դժվար է մարդուն ասել, որ նրան արդեն չես կարող օգնել։ Բայց լավ բժիշկը պետք է ազնիվ լինի եւ ամեն ինչ բացատրի, որպեսզի պացիենտը հասկանա, թե ինչ է կատարվում իր հետ։ Այլապես պացիենտը, հուսալով, որ, այնուամենայնիվ, բուժում կգտնի, կսկսի դիմել ուրիշներին, եւ անբարեխիղճները կարող են նրան կեղծ հույս ներշնչել՝ ցանկանալով փող վաստակել։ Որպեսզի նման խնդիրներ չառաջանան, ժամանակին դիմեք բժշկին», - ասաց պրոֆեսորը։

Պրոֆեսոր Աուֆարթի խոսքով՝ նա ապագայում ծրագրում է կրկին գալ «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ խորհրդատվություններ եւ վիրաբուժական միջամտություններ կատարելու համար։ Ավելին, «Աստղիկի» ակնաբույժները կմեկնեն University of Heidelberg՝ ուսանելու եւ որակավորումը բարձրացնելու համար. մի քանի բժիշկ ներկա պահին արդեն այնտեղ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի