• Latest news

«Իմ մեջ արթնացել է ապրելու ցանկությունը». Հայաստանում առաջին փոխպատվաստված լյարդով պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել

10 հունիսի, 2019  15:33

Հեպատիտ C-ի ֆոնին լյարդի ցիռոզի պատճառով 56-ամյա Սվետլանա Հակոբյանը շատ էր թուլացել եւ գրեթե ոչ մի բան չէր կարողանում անել՝ անգամ դժվարությամբ էր քայլում: Բժիշկները հիշում են, որ երբ նա քայլում էր միջանցքով, նրան կարելի էր հեռվից ճանաչել յուրահատուկ ճոճվող քայլվածքից: Հիմա Սվետլանան զգալիորեն ամրապնդվել է, չնայած լյարդի փոխպատվաստման վիրահատությունից հետո անցել է 2 ամսից պակաս ժամանակ: Երկարատեւ վերականգնումից հետո Սվետլանան այսօր, վերջապես, հիվանդանոցից դուրս է գրվում եւ տուն վերադառնում:

Սվետլանայի մոտ հեպատիտ С-ն եւ ցիռոզը հայտնաբերել են 3 տարի առաջ՝ բավականին ուշ փուլում: Նա հիվանդանոցում է հայտնվել արդեն բավականին ծանր վիճակում: «Աստղիկ» ԲԿ հեպատոլոգ-վարակաբան Վիոլետա Սարգսյանը նշեց, որ իրենց հաջողվել է կայունացնել պացիենտի վիճակը եւ նույնիսկ սկսել հակավիրուսային բուժում, որի շնորհիվ հաջողվել է հեպատիտի վիրուսից ազատվել: Սակայն նրա լյարդն անշրջելիորեն վնասված էր, եւ միակ լուծումը փոխպատվաստումն էր:

Երբ «Աստղիկ» ԲԿ-ում որոշել են սկսել պատրաստվել երկրում առաջին լյարդի փոխպատվաստման վիրահատությանը, պարզվել է, որ Սվետլանան համապատասխանող թեկնածու է, իսկ բժիշկը շտապել է նրան ու նրա ընտանիքին հայտնել այս հնարավորության մասին: Ընտանիքն անմիջապես համաձայնվել է:

«Երբ հեռախոսով նրանց կանչեցի եւ ասացի, որ անհրաժեշտ է անչափ կարեւոր բան քննարկել, խնդրեցի բոլորին գալ, ընտանիքի բոլոր անդամները մեկ մարդու պես եկան: Երբեք չեմ մոռանա Արեւիկի (պացիենտի դուստրն է) հարցը. «Բժիշկ, դուք ինչ-որ լա՞վ բան եք ասելու»: Ես ասացի. «Այո, շատ, ներս եկեք»: Տեղեկանալով, թե ինչ ենք առաջարկում, նրանք ասացին՝ եթե մենք կարծում ենք, որ այդպես է պետք, իրենք մեզ կվստահեն եւ կհամաձայնվեն»:

2019 թվականի ապրիլի 24-ին «Աստղիկ» ԲԿ-ում անցկացվել է Հայաստանում առաջին լյարդի փոխպատվաստումը: Սվետլանա Հակոբյանի համար դոնոր է դարձել նրա 20-ամյա դուստրը: Վիրահատությունը տեւել է մոտ 8 ժամ, աշխատել է մասնագետների մեծ խումբ, որի մեջ մտել են 6 վիրաբույժներ (որոնցից ոմանք եկել էին Ռուսաստանից), անեսթեզիոլոգներ, ռեանիմատոլոգներ, լաբորատորիայի աշխատակիցներ եւ շատ այլ մասնագետներ:

Դոնորը վերականգնվել եւ հիվանդանոցից դուրս է գրվել շատ ավելի վաղ, իսկ ընդունողը ստիպված էր հիվանդանոցում անցկացնել գրեթե 2 ամիս: Հիմա պացիենտն իրեն լավ է զգում եւ աստիճանաբար կկարողանա վերադառնալ նորմալ կյանքին, չնայած նրան հիմա հակացուցված է ֆիզիկական ակտիվությունը:

«Անկեղծ ասած՝ այդ ժամանակ (մինչեւ վիրահատությունը) ես ապրելու ցանկություն չունեի, հույս չկար»,- հիշում է Սվետլանան: Հիմա, նրա խոսքով, ամեն ինչ փոխվել է. «Ես շնորհակալ եմ բժիշկներին այն բանի համար, որ հիմա այստեղ եմ: Իմ մեջ արթնացել է ապրելու ցանկությունը, եւ հիմա ես նորից կարող եմ լինել իմ երեխաների կողքին եւ դա վայելել: Ինքնազգացողությունս հիմա գերազանց է, ամեն ինչ շատ լավ է...Նախկինում ես չէի էլ կարող պատկերացնել, որ կարող եմ ինձ այսպես զգալ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել