• Latest news

Ի՞նչ է կաթվածների համապարփակ բուժման կենտրոնը եւ Հայաստանին քանի՞ այդպիսի կենտրոն է հարկավոր (ֆոտո)

5 հուլիսի, 2019  18:25

Ըստ կաթվածով պացիենտների հետ աշխատելուն պատրաստվածության աստիճանի՝ բժշկական կենտրոնները կարելի է բաժանել 4 խմբի, պնդում է հայտնի նյարդաբան, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն:

Նրա խոսքով՝ առաջին տեղում են, այսպես կոչված, կաթվածի համապարփակ բուժման կոնտրոնները. դրանք առավել պատրաստված բժշկական հաստատություններ են, ունեն կաթվածով պացիենտներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ բոլոր սարքավորումները, եւ որտեղ կան անհրաժեշտ գիտելիքներով զինված նյարդաբաններ: Այսպիսի կենտրոններում անհրաժեշտության դեպքում կարող են անցկացնել թրոմբէկտոմիա՝ ուղեղը սնուցող անոթից թրոմբի հեռացման վիրահատություն: Եվ, բնականաբար, այստեղ կարող են անցկացնել նաեւ թրոմբոլիզ՝ դեղերով թրոմբի քայքայման միջամտություն:

Կաթվածի առաջնային բուժման կենտրոններում, ի տարբերություն համապարփակ բուժման կենտրոնների, թրոմբէկտոմիա անցկացնելու հնարավորություն չկա, բայց թմոբոլիզը հասանելի է: Այստեղ նույնպես կան նյարդաբաններ, որոնք կարողանում են աշխատել կաթվածով պացիենտների հետ:

Հիվանդանոցների երրորդ խումբը կաթվածի դեպքում, այսպես կոչված, առաջին օգնության ցուցաբերման կենտրոններն են: Այստեղ թրոմբոլիզ սկսելու հնարավորություն կա, բայց չկան որակավորում ունեցող մասնագետներ, ուստի նման կենտրոններից պացիենտներին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխում են կենտրոնների առաջին երկու խմբերից մեկը:

Եվ վերջապես՝ հիվանդանոցների չորրորդ խումբը, որտեղ կաթվածով պացիենտներին օգնություն ցուցաբերելու ոչ մի ենթակառուցվածք չկա. բժիշկներն այսպիսի հիվանդանոցներում կարող են հասկանալ, որ մարդու մոտ հենց կաթված է եւ նրան ուղարկել այլ կենտրոն, որտեղ նրան օգնություն ցույց կտան:

Միքայել Սքոն Մուրաթօղլուն NEWS.amMedicine-ի հետ զրույցում նշեց, որ կա կաթվածի համապարփակ բուժման 2 կենտրոն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը եւ «Հերացի» հիվանդանոցային համալիրը: Հայաստանի մնացյալ բժշկական կենտրոնների մեծամասնությունը դասվում է 3-րդ կամ 4-րդ խմբին:

Կաթվածի համապարփակ բուժման 2 կենտրոնը բավարա՞ր է արդյոք ամբողջ երկրի համար:

Միքայել Սքոն Մուրաթօղլուն նշեց, որ նույնիսկ աշխարհի զարգացած երկրներում այդպիսի կենտրոնները շատ չեն: Բժիշկ Մուրաթօղլուն աշխատում է Ալբերտա նահանգում, որի բնակչությունը մոտ 3,5 մլն է: Եվ այս նահանգում կա կաթվածի համապարփակ բուժման միայն 2 կենտրոն ու կաթվածի առաջնային բուժման մի քանի կենտրոններ. մյուս բոլոր հիվանդանոցներից կաթվածով պացիենտներին տեղափոխում են այս կենտրոններ: Եթե աշխատանքը ճիշտ է կազմակերպված եւ համակարգված, հաջողվում է պացիենտներին ժամանակին տեղափոխել անհրաժեշտ կենտրոններ:

«Կանադայի մնացյալ նահանգներում, նաեւ զարգացած երկրների մեծ մասում, նույնպես կա կաթվածի առաջնային բուժման 2-3-ական կենտրոն: Այսպիսի ավելի շատ կենտրոններ պահելը գրեթե անհնար է: Դրանից բացի, մենք ցանկանում ենք, որպեսզի կաթվածի դեպքում աշխատանքի բանիմաց մասնագետները հավաքվեն 2-3 կենտրոններում. եթե այդպիսի կենտրոնները մեծաթիվ են, յուրաքանչյուր մասնագետին բաժին է ընկնում ավելի քիչ թվով պացիենտ, եւ նրանք պակաս փորձառու են լինում»,- ասաց Միքայել Սքոն Մուրաթօղլուն:

Նրա խոսքով՝ «Էրեբունիում» կաթվածով պացիենտների բուժումը բարձր մակարդակով է կազմակերպված եւ ոչ մի բանով չի զիջում Կանադայում արվողին: Այստեղ կա ե՛ւ անհրաժեշտ սարքավորում, ե՛ւ որակավորում ունեցող, փորձառու անձնակազմ: Այստեղ աշխատում են ըստ ուղեցույցների, որոնց մշակմանը մասնակցել են լավագույն արտասահմանցի մասնագետները:

«Էրեբունի» ԲԿ նյարդաբանության եւ նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանը հայտնեց, որ իրենց բաժանմունքն աշխատում է օրվա 24 ժամին եւ առանց հանգստյան օրերի: Հերթապահ նյարդաբանը մշտապես կապի մեջ է, նրա հեռախոսը երբեք չի անջատվում. հենց նրան է զանգահարում կաթվածով պացիենտին տեղափոխող շտապ օգնության բժիշկը: Մինչ շտապ օգնության մեքենան ճանապարհին է, անձնակազմը հնարավոր ամեն ինչ անում է պացիենտի փրկության համար՝ հետեւելով նյարդաբանի հեռախոսով տրված ցուցումներին:

Ինքը՝ նյարդաբանը եւ հերթապահ բուժքույրը պացիենտին սպասում են «Էրեբունի» ԲԿ մուտքի մոտ, որպեսզի բուժումն անմիջապես սկսեն՝ ոչ մի վայրկյան չկորցնելով, քանի որ ցանկացած հապաղում բերում է լրացուցիչ նեյրոնների մահվան՝ նվազեցնելով պացիենտի առողջանալու եւ վերականգնվելու հավանականությունը:

«Իմ խումբը պացիենտին դիմավորում է «Էրեբունի» ԲԿ դռների մոտ: Բժիշկը պատրաստ է՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձեռքին, բուժքույրը՝ դեղերով ճամպրուկը ձեռքին: Միջանցքում նրանք սկսում են հավաքել հիվանդության զարգացման պատմությունը, մինչ պացիենտին տանում են ՀՏ կաբինետ: Եթե որոշում են թրոմբոլիզի համար դեղ ներարկել, ապա այն սկսում են կատարել հենց այնտեղ՝ ՀՏ կաբինետում: Պացիենտին արդեն կաթիլայինով տեղափոխում են բաժանմունք, իսկ եթե որոշում են, որ նա վիրահատության կարիք ունի, ապա անմիջապես՝ վիրահատարան: Մենք աշխատում ենք առավելագույն օպերատիվորեն, որպեսզի ոչ մի րոպե չկորցնենք»,- ասաց Նունե Եղիազարյանը:

«Էրեբունի» ԲԿ-ն բժշկական կենտրոններից մեկն է, որտեղ պետպատվերի շրջանակում իրականացվում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիր, եւ այստեղ այս ծրագրի շրջանակում փետրվարի 1-ից մայիսի վերջ փրկել են արդեն 121 պացիենտի:

Նունե Եղիազարյանը նշեց, որ այս ընթացքում իրենց բաժանմունք են ընդունել կաթվածով շատ ավելի մեծ թվով պացիենտների՝ մոտ 800, բայց թրոմբոլիզի եւ թրոմբէկտոմիայի համար բոլորը չէ, որ հարմար են. եթե պացիենտին չափից ավելի ուշ են հասցրել, եթե նրա ուղեղն արդեն մահացել է, նրան արդեն չես օգնի։ Իսկ եթե բուժումն սկսվի կաթվածից հետո 4 ժամվա ընթացքում, կան շատ լավ հնարավորություններ, որպեսզի պացիենտը հեռանա բուժկենտրոնից ինքն իր ոտքով։ Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է, որ հենց նկատում են կաթվածի նշանները, կանչեն շտապօգնություն եւ որքան հնարավոր է արագ պացիենտին տեղափոխեն «Էրեբունի» ԲԿ։

Միքայել Սքոն Մուրաթօղլուն եւ նրա շատ գործընկերներ, որոնք կարեւոր դեր են խաղացել Հայաստանում կաթվածի բուժման կենտրոնի կայացման գործում, եկել են այստեղ մասնակցելու Հայ բժիշկների 5-րդ միջազգային կոնգրեսին, որն ընթանում է Երեւանում հուլիսի 4-6-ը։ Նրանք նաեւ մասնակցել են սուր իշեմիկ կաթվածի բուժման հարցերին նվիրված համաժողովին, որը կազմակերպել է «Էրեբունի» բժշկական կենտրոնը հուլիսի 3-ին եւ 5-ին։

Այս մասնագետներից շատերն աշխատում են «Էրեբունի» ԲԿ-ում արդեն ավելի քան 10 տարի. նրանք կարեւոր դեր են խաղացել կաթվածների բուժման կենտրոնի կայացման գործում։ Նրանցից ոմանք գալիս են այստեղ տարին մի քանի անգամ՝ օգնելով պացիենտների բուժմանը եւ ուսուցանելով տեղի մասնագետներին՝ ինչպես տեղում, այնպես էլ կազմակերպելով նրանց ուղեւորությունը ԱՄՆ եւ աշխարհի այլ երկրներ՝ փորձի փոխանակման համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է