• Latest news

Արցունքածորանների ամենաժամանակակից վիրահատական մեթոդը Հայաստանում․ լազերային էնդոսկոպիկ դակրիոցիստոռինոստոմիա

15 հուլիսի, 2019  18:41

Արցունքատար ծորանների բորբոքումը եւ հետագայում խցանումները բավականին տարածված խնդիր է ցանկացած տարիքում, որին, իրենց գործնեության ընթացքում առնչվում են թե՛ ակնաբուժները եւ թե՛ ԼՕՌ մասնագետները: Մինչեւ վերջերս այս խնդրի լուծման` արցունքատար ծորանի վերականգնման նպատակով բաց վիրահատություն էր իրականացվում դեմքի մաշկի կտրվածքի միջոցով:

Ներկայումս Հայաստանում արդեն հասանելի է նոր միջամտության տարբերակը, որը կատարվում է ներդիտական` էնդոսկոպիկ եղանակով վիրահատական լազերի օգնությամբ դեմքի մաշկի վրա առանց որեւէ կտրվածք իրականացնելով: Եթե նախկինում նման հիվանդները բուժման նպատակով ստիպված էին մեկնել արտերկրներ, ապա ներկայումս նրանք հայրենիքում վիրահատվելու հնարավորություն ունեն:

Բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջաբան Գոռ Անանյանը մասնագիտացել եւ աշխատել է Helios Amper-Klinikum Dachau (Մյունխեն, Գերմանիա) բժշկական կենտրոնում, եւ տիրապետում է ոչ միայն քթի, կոկորդի, ականջի, գլխի եւ պարանոցի ախտահարումների արդիական ախտորոշման, կոնսերվատիվ եւ վիրահատական բուժման ծավալին, այլեւ վերը նշված վիրաբուժական եղանակին։ Հայրենիք վերադառնալով՝ նա որոշել է նոր միջամտությունը ներդնել նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնում եւ նորաբաց «Դա Վինչի» կլինիկայում, ինչով էլ հիմք է դրվել նորամուծության հաջող մեկնարկին մեր տարածաշրջանում։ Վիրահատություններն անցկացվում են ակնաբույժների հետ սերտ հագործակցությամբ։

Բժիշկ Անանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ներկայացրեց լազերային միջամտության մանրամասները եւ դրա հիմնական առավելությունները:

Այս միջամտության եղանակի շնորհիվ, ինչպես նշվել էր, հիվանդի մաշկի վրա ոչ մի կտրվածք չի իրականացվում, բուն վիրահատությունը տեվում է մոտ 20-30 րոպե եւ կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում (հիմնականում` երեխաների մոտ):

«Ներքթային ներդիտական (էնդոսկոպիկ) եղանակի կիրառումը թույլ է տալիս մանրակրկիտ վերահսկել եւ իրականացնել վարահատական միջամտության ամբողջ ընթացքը: Սկզբնական փուլում քթի խոռոչ է անցկացվում ներդիտակը, որից հետո ձեւավորվում է արցունքատար ծորանի նոր բացվածքը լազերի միջոցով, այնուհետեւ լազերի լուսատարն անց է կացվում արցունքատար ծորանով դեպի արցունքապարկ, նուրբ մշակելով եւ լայնացնելով ծորանի լուսանցքը: Նորաստեղծ բացվածքով դեպի ծորան ժամանակավոր (մոտ մեկ ամիս տեւողությամբ) անց է կացվում սիլիկոնային ստենտը, որն ապահովում է արցունքի հետագա արտահոսքը եւ խոչընդոտում արցունքածորանի հետագա նեղացումը եւ խցանումը», - ասաց բժիշկ Անանյանը:

Ամենագլխավոր առավելություններից է նաեւ այն, որ միջամտությունից հետո հիվանդի դեմքին սպիներ չեն մնում, բարդությունների եւ արյունահոսության վտանգը նվազագույն է, հետվիրահատական շրջանն ավելի թեթեւ եւ անցավ է անցնում՝ համեմատած բաց վիրահատության հետ: Նման բուժման իրականացման համար տարիքային սահմանափակումներ չկան:

«Այս միջամտությունը կարող են կատարել նաեւ ակնաբույժները, - շարունակում է բժիշկ Անանյանը, - եթե, իհարկե, առկա են անհրաժեշտ հմտություններ ներքթային ներդիտական միջամտություններ իրականացնելու համար: Եթե վիրահատությունը կատարում է ԼՕՌ մասնագետը, ապա, նա ունակ է միաժամանակ վերացնել ոչ միայն արցունքածորանի նեղացմանը եւ խցանմանը նպաստող ներքթային ախտահարումները` քթի միջնապատի ծռվածությունը, ստորին խեցու մեծացումը, տարատեսակ նորագոյացումների արկայությունը, այլ նաեւ վերացնել, անհրաժեշտության դեպքում, հարքթային խոռոչների եւ քթային շնչառությանը խոչնդոտող առկա ախտահարումները»:

Բժիշկ Գոռ Անանյանը ներկայացրեց նաեւ նախավիրահատական ընթացքը։ Նախ անհրաժեշտ է անցնել ակնաբույժի եւ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություններ, կատարել մի շարք գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ քթի եւ հարքթային խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա, որոնց նպատակն է ամբողջական գնահատել քթի, հարքթային խոռոչների, ակնակապճի անատոմիական կառուցվածքը: Այս ամենն օգնում է ճշգրիտ վերլուծել եւ ծրագրել վիրահատության ծավալը եւ ընքացքը:

Ըստ բժշկի՝ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտ ու արագ բուժել ժամանակին բավականին ծանր ու բարդ թվացող հիվանդությունները, ինչի արդյունքում հիվանդները կարող են այլեւս «չվախենալ» բժշկի մոտ գնալուց կամ տարբեր պատճառաբանություններով իրենց այցը հետաձգելուց, որը կարող է բերել հիվանդության վատթարացմանը։

           

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել