• Latest news

«Աստղիկ» ԲԿ-ում գլխուղեղն ախտահարող JC վիրուսի հայտնաբերման նոր հետազոտություն են ներդրել

15 հուլիսի, 2019  12:11

Հայաստանում առաջին անգամ «Աստղիկ» ԲԿ-ում ներդրել են JC վիրուսի (Մարդու պոլիոմավիրուս 2) հայտնաբերման նոր հետազոտություն։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանը, նոր հետազոտությունն անցկացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ, PCR) մեթոդով, դրա զգայականությունը հասնում է 92 տոկոսի, իսկ սպեցիֆիկությունը՝ 98 տոկոսի։

JC վիրուսն այդպես է անվանվել պացիենտի անվան սկզբնատառերից (John Cunningham), որի մոտ այն հայտնաբերվել է առաջին անգամ 1971 թվականին։ Մարդիկ սովորաբար այս վիրուսով ախտահարվում են մանուկ հասակում. կարծիք կա, որ բնակչության մոտ 80 տոկոսը դրա կրողն է։ Սակայն քանի դեռ իմունիտետն ամուր է եւ ակտիվ, այն հաջողությամբ ճնշում է վիրուսը, իսկ եթե իմունիտետը թուլանում է, վիրուսն ակտիվանում է՝ առաջ բերելով ամբողջ շարք խնդիրներ։

Նոր հետազոտությունը ներդրվել է «Աստղիկ» ԲԿ նյարդաբանության բաժնի վարիչ Հովհաննես Մանվելյանի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ JC վիրուսը ակտիվանալու դեպքում առաջ է բերում նյարդաբանական խնդիրներ. այն ախտահարում է ուղեղի սպիտակ նյութը, ինչը, կախված վնասվածքների տեղակայումից, կարող է հանգեցնել էպիլեպտիկ նոպաների, վերջույթների կաթվածահարման, տեսողության հետ կապված եւ մի շարք այլ խնդիրների։

Զարգացող բազմաֆոկալ լեյկոէնցեֆալոպատիային (ԶԲԼ), որն առաջ է գալիս վիրուսով ախտահարվելու դեպքում, որպես կանոն, բախվում են ՁԻԱՀ ունեցող պացիենտները, որոշ հեմատոլոգիական նորագոյացություններ (Հոջկինի լիմֆոմա, քրոնիկական լիմֆոլեյկոզ եւ այլն) ունեցողները, ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք իմունասուպրեսիվ թերապիա են ստանում (օրինակ, օրգանների փոխպատվաստումից հետո կամ աուտոիմունային հիվանդությունների ժամանակ)։

Նախկինում ախտորոշում կայացնելու համար օգտագործում էին միայն ՄՌՏ, բայց նոր հետազոտությունը հնարավորություն է տալիս համոզվել, որ պացիենտի մոտ հենց JC վիրուսն է, եւ ճիշտ որոշում կայացնել։

Ինչպես նշեց բժիշկ Մանուկյանը, վիրուսի անալիզ հանձնել կարելի է ցանկացած ժամանակ՝ քաղցած լինելու կամ որեւէ այլ կանոն պահպանելու կարիք չկա։ Պատասխանը պատրաստ է լինում արդեն հաջորդ օրը։

Այս պահին «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիան միակն է Հայաստանում, որտեղ կատարվում է JC վիրուսի հայտնաբերման հետազոտություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել