• Latest news

Սրտի ՄՌՏ. Ո՞ւմ եւ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ այս հետազոտությունը

28 հուլիսի, 2019  12:06

Սրտի եւ անոթների որոշ հիվանդությունների ախտորոշման համար էլեկտրակարդիոգրամա, էխոկարդիոգրամա եւ համակարգչային տոմոգրաֆիա-անտիոգրաֆիա հետազոտությունները բավարար չեն։ Նման դեպքերում օգնության կարող է գալ հետազոտության նոր եւ շատ ինֆորմատիվ մեթոդը՝ սրտի ՄՌՏ-ն։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Վահե Բակունցը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինչ է սրտի ՄՌՏ-ն, ում եւ որ դեպքերում է այն ցուցված։

Եվ այսպես, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) թույլ է տալիս ստանալ սրտի եւ կրծքավանդակի օրգանների մանրամասն պատկերը հզոր մագնիսային դաշտի եւ ռադիոալիքների կիրառման շնորհիվ։ Դա օգտագործվում է գերազանցապես սրտի բարդ հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաեւ նորմալ եւ պաթոլոգիական հյուսվածքների տարբերակիչ ախտորոշման համար։

Այս մեթոդի հիմնական առավելությունը, ինչպես բացատրեց մասնագետը, այն է, որ ՄՌՏ-ն տալիս է մանրամասն տեղեկություն սրտամկանի հյուսվածքային բնութագրերի մասին. դա միակ մեթոդն է (չհաշված բիոպսիան), որը թույլ է տալիս պարզել, թե արդյոք պացիենտի մոտ կան սրտամկանի այտուց, ֆիբրոզ փոփոխություններ (կաթվածային ախտահարումներից կամ բորբոքային հիվանդություններից հետո) եւ այլ խնդիրներ, որոնք հետազոտության այլ մեթոդներով չեն հայտնաբերվում։ ՄՌՏ-ն նաեւ հնարավորություն է տալիս գնահատել սրտի իշեմիկ ախտահարումների աստիճանը, այն դեպքում, երբ, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիան կարող է ցույց տալ միայն պսակաձև զարկերակների անցանելիությունը։

Սրտի ՄՌՏ-ն անփոխարինելի է նաեւ տարբեր կարդիոմիոպաթիաների ժամանակ. հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիաների դեպքում, օրինակ, իրականացվում է ՄՌՏ կոնտրաստային ուժեղացմամբ՝ կոնտրաստային նյութը կուտակվում է վնասված բջիջներում՝ մատնանշելով սրտամկանի անշրջելի փոփոխությունների մասին։ Օբստրուկտիվ կարդիոմիոպաթիաների դեպքում ՄՌՏ-ն  կարդիովիրաբույժներին տեղեկություն է տալիս օբստրուկցիայի աստիճանի եւ սրտամկանի ֆունկցիոնալ բնութագրերի մասին։

«Մենք հատուկ կինոշարք ունենք, որը ցույց է տալիս կրճատվող սիրտը։ Դրանց շնորհիվ մենք ստանում ենք տեղեկություն միոկարդի կծկողական առանձնահատկությունների եւ օբստրուկցիայի առկայության կամ բացակայության մասին», - ասել է մասնագետը։

Սրտի ՄՌՏ-ն կարող է նաեւ կարեւոր դեր խաղալ առիթմիայի պատճառների ախտորոշման գործում, օրինակ՝ ի հայտ բերել աջ փորոքի առիթմոգեն դիսպլազիա կոչվող պաթոլոգիան, սա հազվադեպ խնդիր է, եւ ՄՌՏ-ն դրա ախտորոշման միակ ոչ ինվազիվ մեթոդն է։

Այսօրվա դրությամբ սրտի ՄՌՏ-ն համարվում է նաեւ սրտի կուտակային հիվանդությունների՝ հեմոքրոմատոզի ախտորոշման միակ ոչ ինվազիվ մեթոդը։ Սա ժառանգական հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը երկաթի չափից ավելի մեծ քանակություն է յուրացնում, ինչը հանգեցնում է երկաթի նստվածքի առաջացմանն օրգանիզմում եւ օրգանների ախտահարմանը։

Այս հետազոտությունը շատ ինֆորմատիվ է նաեւ սարկոդիոզի, ամիլոիդոզի եւ որոշ այլ հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Այն նաեւ կարող է օգտագործվել ներսրտային գոյացությունների (թույլ է տալիս տարբերել թրոմբը անգիոսարկոմայից կամ ֆիբրոմա/միկսոմայից), անեւրիզմների եւ կեղծ անեւրիզմների դիֆերենցման համար։

Կա՞ն արդյոք հակացուցումներ սրտի ՄՌՏ անցկացնելու համար

Պացիենտները սովորաբար հետազոտությունը լավ են տանում. անգամ կլաուստրոֆոբիա ունեցող մարդիկ լուրջ անհարմարություն չեն զգում, չէ՞ որ նրանք ողջ միջամտության ընթացքում շփվում են բժշկի հետ եւ կատարում են նրա հրահանգները (պահել շնչառությունը եւ այլն)։

Բայց  մի շարք բացարձակ եւ հարաբերական հակացուցումներ, այնուամենայնիվ, կան։ Դրանց է վերաբերում օրգանիզմում հին կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների եւ բժշկական նշանակության որոշ այլ մետաղական իրերի առկայությունը։ Ընդ որում՝ անոթների ստենտները հակացուցում են հանդիսանում ստենտի տեղադրումից հետո միայն առաջին 1-2 ամսում։

Որոշ վիճակներ նույնպես կարող են հակացուցում համարվել, ուստի միջամտությունն անցկացնելուց առաջ խորհուրդ է տրվում քննարկել բուժող բժշկի հետ առկա բոլոր հիվանդություններն ու խնդիրները։

Ո՞ր տարիքից է կարելի կատարել սրտի ՄՌՏ

Ամենափոքր պացիենտը, որին բժիշկ Բակունցը սրտի ՄՌՏ է արել, 12 տարեկան է եղել։ Տարիքն ինքնին հակացուցում չէ այդ հետազոտությունն անցկացնելու համար, բայց անհրաժեշտ է, որպեսզի պացիենտը համարժեք լինի եւ կարողանա կատարել բժշկի հրահանգները եւ անշարժ պառկել։

Ապագայում նախատեսվում է ներդնել ընդհանուր անեսթեզիայի կիրառում, որը հնարավորություն կտա սրտի ՄՌՏ կատարել նաեւ փոքր երեխաների համար, որոնք առանց անեսթեզիայի չեն կարող անշարժ պառկել։

Այսօրվա դրությամբ «Աստղիկը» Հայաստանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ կատարում են սրտի ՄՌՏ։ Սա հեշտ հետազոտություններից չէ, քանի որ այն կատարող ռադիոլոգը պետք է ունենա համապատասխան պատրաստություն, եւ բավական չէ, որ ընդամենը լավ հասկանա ՄՌՏ աշխատանքի սկզբունքները, նա պետք է իմանա նաեւ սրտի ֆիզիոլոգիան՝ հասկանալու համար, թե ինչ պաթոլոգիայի հետ գործ ունի, բավակա՞ն են արդյոք ստացված պատկերները, թե՞ լրացուցիչ պատկերներ են հարկավոր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է