• Latest news

Հայաստանում կլինիկական օրդինատորների համար Մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության նոր ամբիոն է բացվում

21 օգոստոսի, 2019  21:28

Հայաստանում Առողջապահության ազգային ինստիտուտին առընթեր Մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության նոր ամբիոն է բացվում, որտեղ բժշկական համալսարանների շրջանավարտները կկարողանան որակյալ հետդիպլոմային կրթություն ստանալ եւ դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ եւ/կամ վերարտադրողաբան: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մարտինի Համբարձումյանը:

Պրոֆեսոր Համբարձումյանի խոսքով՝ այսօր Հայաստանում բժիշկների հետդիպլոմային կրթության հետ կապված խնդիրներ կան: Հաճախ օրդինատուրայում ապագա բժիշկներին սովորեցնում են միայն տեսություն՝ գործնականի փոխարեն: Դրա համար եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներ կան. ամբիոնների մեծ մասը ղեկավարում են ծննդատների ղեկավարները, հայտնի եւ հարգված պրոֆեսորներ: Շատ պացիենտներ՝ գալով նրանց ծննդատներ, դիմում են հենց նրանց, եւ վերջիններս իրենց պացիենտներին չեն վստահում օրիդինատուրայի շրջանավարտներին:

Սակայն արդյունքում օրիդինատուրան ավարտած երիտասարդ բժիշկները գործնական փորձ գրեթե չեն ունենում եւ քիչ բան են կարողանում ինքնուրույն անել, նրանք սկսում են աշխատանքի համար սովերել արդեն ավարտելուց հետո:

«Դա մեր ներկայիս կրթական համակարգի խնդիրն է: Տեսությունը սովորեցնում են՝ մոռանալով գործնական հմտությունների մասին»,- ասաց բժիշկ Համբարձումյանը:  

Նոր ամբիոնում, որը կսկսի գործել արդեն սեպտեմբերին, կներդրվեն մոտեցումներ եւ չափորոշիչներ, որոնք օգտագործվում են առաջատար եվրոպական երկրներում: Այդպիսով, կլինիկական օրդինատորներին կուսուցանեն գործնական հմտություններ, ընդ որում, նույն եվրոպական մոտեցումներով՝ օրդինատուրան ավարտելուց հետո երիտասարդ բժիշկը պետք է մի շարք լապարասկոպիկ վիրահատություններ, կեսարյան հատումներ կատարի, իսկ եթե նա վերարտադրողականությունն է ընտրել, ապա պետք է կարողանա ախտորոշել անպտղությունը, բուժում նշանակել, ներարգանդային սերմնավորում (ինսեմինացիա) կատարել, ԷԿՈ եւ այլն: Ամբիոնը կաշխատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատան, ինչպես նաեւ Fertility Center կլինիկայի հիմքով:

Ուսումը կտեւի 4 տարի: Օրդինատորներին, ինչպես նշեց բժիշկը, հասանելի կլինեն նաեւ սիմուլյացիոն կենտրոնները՝ մեկը լապարասկոպիկ վիրահատությունների, մյուսը՝ մանկաբարձական միջամտությունների համար: Այստեղ օրդինատորները հատուկ թրեյնինգ մանեկենների վրա կսովորեն վիրահատություններ կատարել, ծնունդ ընդունել, եւ, իհարկե, աշխատել թիմում, քանի որ հաջողության համար կարեւոր են ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգի կամ վիրաբույժի հմտությունները, այլ նաեւ անեսթեզիոլոգի, բուժքրոջ եւ այլ մասնագետների աշխատանքը:

Բժիշկ Համբարձումյանը վստահ է, որ այդ ամբիոնում կպատրաստեն լավ մանկաբարձ-գինեկոլոգներ եւ վերարտադրողաբաններ, որոնք կունենան գործնական հմտություններ: Ավելին, նման մասնագետների շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել Հայաստանում մայրական մահացության մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել