• Latest news

Լավատեսներն ավելի երկար են ապրում հոռետեսներից. հետազոտություն

3 սեպտեմբերի, 2019  22:35

Լավատեսներն ավելի երկար են ապրում, քան կյանքի հանդեպ պակաս վարդագույն հայացքներ ունեցողները։ Այսպիսին է հետազոտության արդյունքը, որին մասնակցել են 58-86 տարեկան ավելի քան 69 հազար բուժաշխատակից եւ 41-90 տարեկան վետերան տղամարդիկ, որոնց հետեւել են 10-30 տարվա ընթացքում, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտության սկզբում մասնակիցները (բոլորն ԱՄՆ-ից) պատասխանել են հարցերին, որպեսզի գնահատվի, թե որքանով են նրանք լավատես։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցները, ովքեր տեղեկացրել են լավատեսության ամենաբարձր մակարդակների մասին, 50-70 տոկոսով մինչեւ 85 տարեկան եւ ավելի ապրելու ավելի մեծ հավանականություն են ունեցել, քան վատատեսները։

Ավելին, ամենալավատես մարդկանց մոտ կյանքի տեւողությունը միջինը 11-15 տոկոսով ավելին է եղել, քան վատատեսներինը։

Ստացված արդյունքները լրացնում են անընդհատ ավելացող այն վկայությունների թիվը, որ որոշակի հոգեբանական գործոններ կարող են նպաստել կյանքի երկարատեւությանը, կարծում են հետազոտության հեղինակները։ Օրինակ, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լավատես մարդիկ ավելի քիչ են ենթակա քրոնիկական հիվանդություններ ունենալուն եւ վաղ մահանալուն։

Այլ խոսքով՝ «լավատեսությունը կարող է նպաստել առողջ սովորությունների ձեւավորմանն ու անառողջ ազդակների դիմակայության ամրապնդմանը»,- կարծում են հեղինակները։

Նրանց խոսքով՝ լավատես մարդիկ կարող են ավելի արագ վերականգնվել հանկարծակի սթրեսներից հետո եւ շատ ավելի պակաս զգալ նման սթրեսներից հետո առաջացող էքստրեմալ հուզական ռեակցիան։

Հեղինակները նշել են, որ հետազոտությանը հիմնականում մասնակցել են բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակով սպիտակամորթ մարդիկ, եւ դրա համար պարզ չէ, թե որքանով են արդյունքները կիրառելի բնակչության մյուս խմբերի հանդեպ։ Բացի այդ, հետազոտությունը չի կարողացել հաշվի առնել բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել մարդու լավատեսության մակարդակի վրա, օրինակ՝ կորցրե՞լ են արդյոք մասնակիցներն աշխատանքը, կամ սիրելի մարդն է մահացել, ինչը նույնպես կարող էր ազդել արդյունքների վրա։

Բայց եթե արդյունքները ճիշտ են, դրանք ենթադրում են, որ լավատեսությունը կարող է հոգեբանական բնութագրիչ հանդիսանալ, որը «նպաստում է առողջությանն ու երկարակեցությանը»,- գրում են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել