• Latest news

Ճապոնիայում առաջին անգամ մարդուն եղջերաթաղանթ են փոխպատվաստել վերածրագրավորված ցողունային բջիջներից

4 սեպտեմբերի, 2019  14:03

Օսակայի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ աշխարհում մարդուն եղջերաթաղանթ են փոխպատվաստել, որի հիմքը կազմել են ինդուկցիայի ենթարկված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների (ԻՊՑԲ) սերունդները, այլ ոչ թե մահացած դոնորների կենսանյութը, տեղեկացնում է N+1-ը՝ հղում կատարելով Nature ամսագրին։ Այս մասին ասել է աշխատանքի գլխավոր հեղինակ Կյոձի Նիսիդան (Kohji Nishida) օգոստոսի 29-ին, Օսակայի համալսարանում կայացած մամուլի ասուլիսում։ Նման տրանսպլանտատի գլխավոր պլյուսներից մեկը դրանում իմունային համակարգի բջիջների բացակայությունն է եւ, որպես հետեւանք, դրանց վանման ցածր հավանականությունը։

Եղջերաթաղանթը  ակնագնդի թափանցիկ մասերից է, այն ծառայում է լույսի բեկման համար եւ ձեւավորվում է էպիթելի բջիջներից։ Ցավոք, բավական հաճախ աչքի այդ մասը վնասվում է, կամ կենսաքիմիական պրոցեսները եղջերաթաղանթի էպիթելում այնպես են վնասվում, որ դա նվազեցնում է դրա թափանցիկությունը։ Տեսողությունն, ընդ որում, վատանում է, եւ վատթարացումը հաճախ ավելի է խորանում։

Ելքը եղջերաթաղանթը դոնորոկանով փոխելն է։ Սովորաբար տրանսպլանտատը վերցնում են մահացած մարդկանցից։ Նոր եղջերաթաղանթները վատ չեն կպչում, բայց եւ այնպես, կա վտանգ, որ ռեցիպիենտի օրգանիզմը կվանի դրանք, քանի որ եղջերաթաղանթների հետ միասին անխուսափելիորեն տեղադրվում են նաեւ այլ իմունային համակարգի որոշ քանակության բջիջներ։ Բացի այդ, նկատվում է դոնորական նյութի անբավարարություն. Ճապոնիայում այժմ փոխպատվաստման սպասում է մոտ 1600 մարդ։

Օսակայի համալսարանի ակնաբույժներն առաջարկել են եղջերաթաղանթի պատվաստման համար հասանելի ցողունային բջիջների քանակի ավելացման միջոց։ Դրանք ոչ ցողունային բջիջներ են, ավելի հաճախ՝ ֆիբրոբլաստենր, որոնք էպիգենետիկ վերածրագրավորում են անցել (այսինքն՝ դրանց գեների ակտիվությունը փոխվել է) եւ դրա շնորհիվ վերադարձել չդիֆերենցված վիճակի՝ կորցնելով իրենց «մասնագիտացումը»։ ԻՊՑԲ-ից կարելի է ստանալ տարբեր տեսակի բջիջներ, վերջնարդյունքը կախված է այն բանից, թե դիֆերենցման գործոնների ինչ խառնուրդ է նրանց վրա ազդել։

Եղջերաթաղանթի էպիթելը, որ ստացել են դոնորի ԻՊՑԲ-ից, չի պարունակում իմունային համակարգի բջիջներ, նշանակում է՝ ցածր է նման տրանսպլանտատի վանման հավանականությունը։ Ճագարի վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այդ գործողությունը բարելավում է տեսողությունը եւ առաջ չի բերում իմունիտետի ուժեղ ռեակցիա։ Այս դեպքում կենդանիներին պատվաստել են մարդկային ԻՊՑԲ եղջերաթաղանթ, այսինքն՝ դոնորը անգամ այլ տեսակից էր։

Եղջերաթաղանթի  առաջին մարդ ռեցիպիենտը, որի էպիթելը աճեցվել էր ինդուկցիայի ենթարկված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից, Ճապոնիայի քաղաքացուհի էր, որը մոտ 40 տարեկան էր։ Նա տառապում էր եղջերաթաղանթի էպիթելի ռետիկուլյար դիսգենեզիայով։ Նրա բջիջները չէին թարմացվում հավուր պատշաճի եւ դրա համար էլ չէին կարողանում ապահովել եղջերաթաղանթի բավականաչափ թափանցիկություն։ 2019-ի հուլիսի 25-ին պացիենտին փոխպատվաստեցին եղջերաթաղանթի նուրբ շերտ, օգոստոսի 23-ին նրան դուրս գրեցին հիվանդանոցից։ Տեղեկացվում է, որ կնոջ տեսողությունը վիրահատության պահից լավացել է։

Կյոձի Նիսիդան սպասում է, որ տրանսպլանտատը լավ կաշխատի մինչեւ կնոջ կյանքի վերջը, բայց, բնականաբար, առաջիկա տարում նրա ինքնազգացողությանը ուշադիր կհետեւեն։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ արդեն մի քանի տարի հետո եղջերաթաղանթի փոխպատվաստումը լայն տարածում կստանա։

ԻՊՑԿ օգտագործման թույլտվությունը Նիսիդան ստացել է 2019-ի մարտին։ Այդ ժամանակ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը պայմանականորեն հաստատել է ԻՊՑԲ սերունդներից եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունը չորս կամավորների համար, որոնք տառապում են աչքի այդ հատվածի դեգեներացիայով։ Այս տարի Ճապոնիայի կառավարությունը հավանություն  է տվել նաեւ մարդու եւ կենդանիների քիմերային սաղմերի ստեղծմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է