• Latest news

Սրտաբանները նշել են կաթվածների առաջացման հիմնական վտանգները. գործոններից մեկը սթրեսն է աշխատավայրում

10 սեպտեմբերի, 2019  10:47

Լեհական Զաբժե քաղաքի Սրտի հիվանդությունների կենտրոնը հավաքել է սրտի հիվանդությունների տվյալների ազգային շտեմարան, որոնց վերլուծությունը թույլ է տվել մի քանի հետաքրքիր եզրակացություններ անել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պարզվել է, որ սիրտը չի սիրում երկուշաբթիները։ Ինչպես հայտնի է, կաթվածի վտանգը բարձրացնող գործոններից մեկը սթրեսն է աշխատավայրում։ Ուստի, կաթվածների 17 տոկոսը տեղի է ունենում հանգստյան օրերից հետո հենց առաջին օրը։ Մյուս օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, բաժին է ընկնում նման դեպքերի 15 տոկոսը։ Իսկ հանգստյան օրերին՝ միայն 11-12 տոկոսը։

Բացի այդ, նախկինում ընդունված էր կարծել, թե կաթվածների մեծ մասը պատահում է առավոտյան։ Լեհ սրտաբանների վերլուծությունը հերքեց այս դատողությունը։ Պարզվեց, առավոտյան ժամերին՝ 06.00-ից մինչեւ 12.00-ը, պատահում է կաթվածների 27 տոկոսը, իսկ կեսօրվա եւ ժամը 18.00-ի միջեւ հատվածում՝ 35 տոկոսը։ Երեկոյան նոպաներ պատահում են սրտային հիվանդների 22 տոկոսի մոտ, իսկ գիշերն ամենաանվտանգ ժամանակն է։

Հատկանշական է, որ չնայած հանգստյան օրերին եւ ժամերին սրտի նոպայի ցածր ռիսկին, արձակուրդի եւ ճամփորդությունների շրջանը չի վերաբերում ամենանպաստավորներին։ Արձակուրդի առաջին եւ վերջին օրը կաթվածի ռիսկը, հակառակը, բարձրանում է մի քանի անգամ։

Բարձր ջերմաստիճանները նույնպես լավ բան չեն խոստանում սրտային հիվանդներին։ 0-ից բարձր 20 աստիճանից հետո կաթվածի վտանգը բարձրանում է երկրաչափական պրոգրեսիայով յուրաքանչյուր աստիճանի հետ։ Բայց ցրտերն էլ են համարվում ռիսկի գործոն։ Հատկապես վնասակար են ջերմաստիճանի կտրուկ տատանումները։ Եթե գիշերազգեստով դուրս գաս ցրտին, կաթվածի հավանականությունն անհամեմատ ավելի բարձր կլինի, քան եթե հագնվես ըստ եղանակի։

Բայց սրտի գլխավոր թշնամին ոչ թե սառը եղանակն է, այլ մարդու՝ տունը տաքացնելու փորձերի հետեւանքները, երբ դա արվում է անորակ ածխով կամ աղբով։ Ինչպես հայտնի է, այդ պատճառով քաղաքներում օդը չափից ավելի է աղտոտվում եւ առաջանում է մառախուղ։ Երբ օդի որակը շատ վատն է, կաթվածների թիվը հիվանդանոցներում բարձրանում է 12 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել