• Latest news

Ոսկորը եւ ոչ թե ադրենալինն է սթրեսի ռեակցիա առաջացնում

13 սեպտեմբերի, 2019  19:24

Գիշատչի կամ անսպասելի վտանգի հանդիպելիս սրտի զարկերի հաճախականությունն ավելանում է, շնչառությունն՝ արագանում, իսկ վառելիքը՝ գլյուկոզայի տեսքով, տարածվում ամբողջ մարմնով, որպեսզի պատրաստի պայքարի կամ փախուստի, տեղեկացնում է Phys.org-ը։

Կարծիք կա, որ այդ ֆիզիոլոգիական ռեակցիաները մասամբ առաջ են գալիս ադրենալին հորմոնից։

Բայց Կոլումբիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ենթադրում է, որ ողնաշարավորները չեն կարող նման ռեակցիա առաջացնել առանց կմախքի։ Նրանք հայտնաբերել են, որ մկների եւ մարդկանց ուղեղը վտանգի դեպքում կմախք է կառուցակցում, որպեսզի լրացնի արյան հոսքը հորմոնալ օսթեոկալցինով, որն անհրաժեշտ է «պայքար կամ փախուստ» ռեակցիան միացնելու համար։

«Ոսկրավոր ողնաշարավորների ռեակցիան սուր սթրեսին անհնար է առանց օսթեոկալցինի,- ասում է հետազոտության հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, Կոլումբիայի համալսարանի Վիրաբույժների եւ բժիշկների քոլեջի գենետիկայի եւ զարգացման ամբիոնի վարիչ Ժերար Կարսենտին։

«Դա լիովին փոխում է մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես են առաջանում սուր սթրեսային ռեակցիաները»։

«Ոսկրերի մասին պատկերացումը՝ որպես պարզապես քարացած դրոշմներ, խորապես արմատավորվել է մեր կենսաբժշկական մշակույթում»,- ասում է Կարսենտին։

Բայց մոտ տասը տարի առաջ նրա լաբորատորիան առաջ քաշեց հիպոթեզ եւ պարզեց, որ կմախքը թաքուն ազդեցություն է գործում այլ օրգանների վրա։

Հետազոտությունը ցույց տվեց, որ կմախքն արտադրում է օսթեոկալցին, որն անցնում է արյան շրջանառությամբ՝ ազդելով ենթաստամոքսային գեղձի, ուղեղի, մկանների եւ այլ օրգանների կենսաբանական ֆունկցիայի վրա։

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ օսթեոկալցինն օգնում է կարգավորել նյութերի փոխանակությունը՝ ավելացնելով բջիջների գլյուկոզա կլանելու կարողությունը, բարելավում է հիշողությունն ու օգնում կենդանիներին ավելի արագ վազել՝ ավելի մեծ տոկունությամբ։

Ինչո՞ւ է ոսկորը ցուցադրում այս բոլոր թվում է, թե չկապակցված էֆեկտներն այլ օրգանների վրա։

«Եթե ոսկրի մասին մտածենք որպես մի ինչ-որ բանի, որը զարգացել է, որպեսզի պաշտպանի օրգանիզմը վտանգից (գանգը պաշտպանում է ուղեղը վնասվածքներից, կմախքը թույլ է տալիս ողնաշարավորներին փախչել գիշատիչներից, եւ անգամ ականջի ոսկրերն են նախազգուշացնում մեզ վտանգի մոտենալու մասին), օսթեոկալցինի հորմոնալ ֆունկցիաները սկսում են իմաստ ստանալ»,- ասում է Կարսենտին։

Եթե ոսկորը զարգացել է որպես  վտանգից խուսափելու միջոց, կմախքը նույնպես պետք է ներգրավված լինի սուր սթրեսի ռեակցիայում, որն ակտիվանում է վտանգի առկայության դեպքում։

Եթե օսթեոկալցինն օգնում է առաջ բերել սուր սթրեսային ռեակցիա, այն պետք է աշխատի արագ, վտանգի հայտնաբերման առաջին իսկ րոպեներից։

Նոր հետազոտությունում գիտնականները մկներին հոտոտել են տվել գիշատչի մեզը՝ հետեւելով արյան հոսքի փոփոխություններին։ 2-3 րոպե հետո նրանք հայտնաբերել են օսթեոկալցինի մակարդակի կտրուկ բարձրացում։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ օսթեոկալցինը բարձրանում է նաեւ մարդկանց մոտ, երբ նրանք ենթարկվում են սթրեսի հրապարակային ելույթների կամ խաչաձեւ հարցաքննության ժամանակ։

Երբ օսթեոկալցինի մակարդակը բարձրանում է, սրտի զարկերի հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մկների մոտ նույնպես ավելացել են այն բանին զուգընթաց, երբ սկսվել է «պայքարի կամ փախուստի» ռեակցիան։

Մկները, որոնք գենետիկորեն այնպես են կառուցված, որ չէին կարող օսթեոկալցին արտադրել, դրանք լրիվ անտարբեր են եղել սթրեսորի հանդեպ։

«Առանց օսթեոկալցինի նրանք ուժեղ չեն արձագանքել վտանգին»,- ասում է Կարսենտին։

Որպես ամփոփիչ թեստ հետազոտողները կարողացել են առաջ բերել սուր սթրեսային ռեակցիա մկների մոտ առանց սթրեսի՝ պարզապես մեծ քանակությամբ օսթեոկալցին ներարկելով։

Ստացված տվյալները կարող են բացատրել նաեւ, թե ինչու է առանց մակերիկամների կենդանիների եւ մակերիկամային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ, առանց ադրենալինի կամ այլ մակերիկամային հորմոնների ատադրման, զարգանում սթրեսի սուր ռեակցիա։

«Դա մեզ ցույց է տալիս, որ արյան մեջ  օսթեոկալցինի մակարդակը բավական է սուր սթրեսին արձագանքելու համար»,- ասում է Կարսենտին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել