• Latest news

Գլոբալ համավարակը առաջին 36 ժամում կսպանի մինչեւ 80 մլն մարդու

20 սեպտեմբերի, 2019  10:37

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 15 փորձագետներից բաղկացած հատուկ խումբ է ստեղծել, որոնք փորձում են գտնել գլոբալ համավարակին հակազդելու սցենարները՝ ինչ-որ բան, որը կտարբերվեր «խուճապի եւ հերքման խառնուրդից», որին սովորաբար դիմում են քաղաքական գործիչները: Իր աշխատանքի իմաստն այսպես է նկարագրում Նորվեգիայի նախկին վարչապետ Գրո Հարլեմ Բրունտլանը, որը հիմա ղեկավարում է Գլոբալ պատրաստվածության մոնիթորինգի խորհուրդ (ԳՊՄԽ) կոչվող այս խումբը, հայտնում է HighTech+-ը:

Մահացու կոկտեյլը պարզ է՝ ուրբանիզացիա, գլոբալ տաքացում եւ հակասանիտարական վիճակ: Իշխանությունները որոշ չափով լուծում են միայն երրորդ խնդիրը, քաղաքական գործիչներն աստիճանաբար սկսում են գիտակցել երկրորդը: Տեղաշարժ կա, բայց ընդհանուր առմամբ ԳՊՄԽ գնահատման միջոցառումները «բացարձակապես անբավարար» են:

Գլոբալ տաքացման պատճառով արդեն նոր հիվանդություններ են ի հայտ գալիս: Ապագայում դրանք ավելի մեծաթիվ կլինեն եւ ավելի վտանգավոր:

Նոր հիվանդության՝ վարակունակ գրիպի տարածման համար ԳՊՄԽ սցենարները նախատեսում են, որ առաջին 36 ժամում կմահանա մինչեւ 80 մլն մարդ, նշում է Guardian-ը: Մարդկանց մահանալուց բացի, համաշխարհային խուճապը նշանակում է անվտանգության, առողջապահության ազգային համակարգերի կործանում, ինչպես նաեւ տնտեսությանը հասցված չտեսնված վնաս:

Համաշխարհային բանկի եւ ԱՀԿ-ի պատվերով խմբի պատրաստած զեկույցում ընդգծվում է, որ այս վտանգն իրական է եւ տարեցտարի աճում է: «Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հանդեպ համաշխարհային առաջնորդների մոտեցումները չափից ավելի երկար ժամանակ ներկայացրել են խուճապի եւ քամահրանքի ցիկլ,- հայտարարել է Բրունտլանը: - Հիմա եկել է շտապ եւ հետեւողական գործողությունների ժամանակը: Անհրաժեշտ է տեղական, ազգային եւ միջազգային մակարդակներով մեծացնել  ֆինանսավորումը՝ բռնկումների տարածումը կանխելու համար: Առաջնորդները պետք է նախաձեռնեն արտակարգ իրավիճակի դեպքում կառավարությունների եւ հանրության միջեւ պատրաստվածության համակարգման մեխանիզմների ուժեղացման ակտիվ միջոցառումներ»:

Խորհրդի փորձագետները նաեւ չեն բացառում վիրուսային ահաբեկչությունը, երբ համավարակ կհարուցեն ոչ թե կարմրուկի դեմ պատվաստումներն արհամարհելը կամ Աֆրիկայում բռնկումը, այլ որեւէ մեկի դիտավորյալ գործողությունները:

ԱՀԿ ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը կոչ է անում «տանիքը նորոգել մինչեւ անձրեւը»: Հիվանդությունների անսպասելի բռնկումների դեմ պայքարի ոլորտում առաջընթացն առայժմ չափավոր է. 59 երկրներում ընդունվել են այդպիսի դեպքի համար գործողությունների ծրագրեր, բայց ոչ մի ծրագիրն ամբողջությամբ չի ֆինանսավորվել:

ԱՄՆ-ից մասնագետներն անցյալ տարի գնահատել էին վիրուսները, որոնք ավելի մեծ հավանականությամբ կառաջացնեն գլոբալ համավարակ: Դա, ավելի շուտ, կլինի սովորական մրսածության ազգակիցը՝ հիվանդություն, որը դեռեւս իր հանդեպ հատուկ ուշադրություն չի գրավում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է