• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ճարպակալումը կասեցնող մոլեկուլը

21 սեպտեմբերի, 2019  18:59

Գիտնականներին վաղուց է հայտնի, որ ոչ առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվության պակասը ճարպակալում են առաջացնում: Միաժամանակ այնքան էլ լավ ուսումնասիրված չեն ավելորդ քաշ հավաքելուն բերող մոլեկուլյար մեխանիզմները: Այս ոլորտում նոր հայտնագործությունը կատարել են Տեխասի համալսարանի հետազոտողները, փոխանցում է HighTech+-ը՝ վկայակոչելով New Atlas-ին:

Խումբն ուսումնասիրել է միկրոՌՆԹ-ի՝ ոչ մեծ չկոդավորվող մոլեկուլների հատկությունները, որոնք կարգավորում են գեների էքսպրեսիան: Հետազոտողների հատուկ ուշադրությունն է գրավել miR-26 միկրոՌՆԹ-ն, որը մասնակցում է ուռուցքների աճի ճնշմանը, ազդում է ինսուլինի հանդեպ զգայունության վրա եւ հնարավոր է՝ կառավարում է սպիտակ ճարպային հյուսվածքի կուտակումը:

Սովորաբար միկրոՌՆԹ-ն «խլացնում» են այս կամ այն գեները, ուստի գիտնականները գեներ էին որոնում, որոնք ավելի ակտիվ են արտահայտվում miR-26-ի բացակայությամբ: Սա թույլ է տվել հայտնաբերել դրա թիրախը՝ FBXL19 գենը: Պարզվել է, որ այն ուղղակիորեն ազդում է ճարպային բջիջների ձեւավորման վրա:

Երբ FBXL19-ի աշխատանքն արգելափակել են, ճարպային բջիջների կազմավորումը կտրուկ դանդաղել է: Հակառակը՝ այս գենի էքսպրեսիայի մակարդակի մեծացումը խթանել է ճարպային բջիջների աճը:

Այնուհետեւ CRISPR տեխնոլոգիայի միջոցով մկների ԴՆԹ-ից հեռացրել են երեք գեներ, որոնք կապված են miR-26-ի արտադրման հետ: Կրծողներն առաջին փուլում նորմալ են զարգացել, սակայն հասուն տարիքի հասնելով՝ նրանց օրգանիզմում սպիտակ ճարպային հյուսվածքի քանակությունը նորման գերազանցել է 2-3 անգամ:

Իսկ miR-26-ի ահեստականորեն մեծացված էքսպրեսիայով մկները, հակառակը, ճարպի կուտակումից պաշտպանված էին: Երբ փորձի ժամանակ այսպիսի առանձնյակներին կերակրել են յուղոտ սնունդով, նրանք պահպանել են առողջ կազմվածքը եւ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը: Նույն սննդակարգը ստուգիչ խմբի նրանց ցեղակիցների օրգանիզմում ճարպի պարունակությունը մեծացրել է 40 տոկոսով:

miR-26-ի էքսպրեսիայի մեծացումից ոչ մի կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել: Հնարավոր է, որ մի օր այս միկրոՌՆԹ-ն օգտագործվի մարդկանց ճարպակալումը բուժելու համար: Սակայն miR-26-ի հիմքով լիարժեք թերապիա մշակելու համար անհրաժեշտ է ավելի ճշգրիտ հասկանալ FBXL19 թիրախ-գենի աշխատանքը եւ դրա դերակատարումը ճարպի կուտակման մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել