• Latest news

Բարորակ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացում. ի՞նչ առավելություններ ունի այս մեթոդը

28 սեպտեմբերի, 2019  11:03

Մաշկի վրա խալերը (նեւուս), պապիլոմաները, ֆիբրոմաները, հեմանգիոմաները եւ այլ բարորակ նորագոյացությունները հաճախ մարդկանց անհարմարություն են պատճառում. դրանք ոչ միայն փչացնում են արտաքինը, այլ նաեւ հաճախ անհաջող տեղակայման պատճառով խանգարում են ամենօրյա կյանքում: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է այդ նորագոյացությունների հեռացման բազմաթիվ միջոցներ: Ամենահայտնին եւ արդյունավետ մեթոդների թվում է բարձր հաճախականությամբ ռադիոալիքային սարքավորման միջոցով հեռացումը: 

«Աստղիկ» ԲԿ-ում ռադիոալիքային հեռացումն անցկացնում է մաշկաբան Կարեն Հովսեփյանը: Նա տարիներ շարունակ աշխատել է Մոսկվայում, սակայն վերջերս որոշել է Հայաստան վերադառնալ եւ այստեղ կիրառել իր գիտելիքներն ու փորձը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը պատմեց, որ բարորակ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացման առաջին եւ գլխավոր առավելությունը էսթետիկ արդյունքն է: Բացի այդ, առողջ հյուսվածքները չեն վնասվում, չեն դեֆորմացվում, իսկ նույն հատվածում ռեցիդիվի առաջացման հավանականությունը գրեթե զրոյական է:

Հեռացված հյուսվածքնեը եւս չեն վնասվում, եւ դրանք կարելի է առանց որեւէ խնդրի ուղարկել հիստոլոգիական հետազոտության:

Այդ մեթոդի օգնությամբ, ինչպես նշեց մասնագետը, կարելի է հեռացնել ինչպես փոքր տարրերը, այնպես էլ 1-2 սմ գոյացությունները:

«Աստղիկ» ԲԿ-ում բարորակ նորագոյացությունների ռադիոալիքային հեռացում իրականացվում է Ellman International «սուրգիտրոն» սարքավորման միջոցով: Պրոցեդուրան անցկացվում է տեղային անզգայացմամբ եւ տեւում է ընդամենը մի քանի րոպե: Յուրաքանչյուր փոքր պապիլոմայի հեռացման համար, մասնագետի խոսքով, պահանջվում է մոտ 20-30 վայրկյան, իսկ խոշոր նորագոյացությունների հեռացման համար՝ 3-4 րոպե:

Պրոցեդուրայից հետո հեռացված նորագոյացության տեղում ձեւավորվում է փոքրիկ "կեղեւ", որը որոշ ժամանակ անց ընկնում է՝ չթողնելով սպիներ կամ այլ հետքեր: Մի քանի ամիս անց սպին անզեն աչքով գրեթե անհնար է տեսնել:

Մեթոդի մեկ այլ առավելություն է այն, որ դրանից հետո արնահոսություն չի լինում (քանի որ պրոցեդուրայի ընթացքում էլեկտրոդը կոագուլացնում է փոքր մազանոթները), բացի այդ, առանձնահատուկ խնամք չի պահանջվում: Մշակված տեղում ասեպտիկ վիրակապ է դրվում, եւ պացիենտը տուն է վերադառնում: Մի քանի օրվա ընթացքում նա ինքնուրույն մշակում է վերքը, հիվանդանոց կրկին այցելելու եւ ստացիոնար պայմաններում վիրակապ դնելու անհրաժեշտություն եւս չկա:  

Հակացուցումները շատ չեն. առաջին հերթին, պրոցեդուրան հակացուցված է դեկոմպենսացված շաքարային դիաբետի դեպքում, սակայն եթե պացիենտը հաջողությամբ պահպանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում, ապա մասնագետի հետ խորհրդակցությունից հետո կարող է պրոցեդուրան անցնել:

Որոշ դեպքերում պրոցեդուրան կարող է հակացուցված լինել նաեւ օրգանիզմում կարդիոխթանիչներ ունեցող պացիենտների համար: Տվյալ դեպքում պացիենտը պետք է խորհրդակցի մասնագետի հետ, որպեսզի վերջինս կարողանա որոշում կայացնել՝ հետագա գործողությունների համար:  


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է