• Latest news

Մելանոման սկսել է բուժվել. Այս ախտորոշմամբ պացիենտների 52 տոկոսը գոնե 5 տարի ապրելու հնարավորություն ունի

1 հոկտեմբերի, 2019  15:23

Ամենասարսափելի քաղցկեղային ուռուցքներից մեկի՝ մելանոմայի բուժման գործում մեծ հաջողության են հասել, փոխանցում է BBC-ն:

10 տարի առաջ ուշ փուլում մելանոմայի ախտորոշմամբ 20 պացիենտից ընդամենը մեկն էր 5 տարի ապրում: Մեծ մասը մահանում էր ախտորոշումը կատարելուց հետո մի քանի ամսվա ընթացքում:

Բրիտանացի բժիշկների տվյալներով՝ հիմա այսպիսի ախտորոշմամբ պացիենտների 52 տոկոսը իմունաթերապիայի շնորհիվ ծայրահեղ դեպքում 5 տարի ապրելու  հնարավորություն ունի:

Բրիտանիայում մելանոման տարածվածությամբ քաղցկեղի տեսակներից 5-րդն է: Դրա հետեւանքով մահանում է տարեկան մոտ 2300 մարդ: Եթե ախտորոշումը կատարվում է հիվանդության վաղ փուլում, վերապրելու հավանականությունը մեծ է: Սակայն եթե հայտնաբերման պահին քաղցկեղը սկսել է ագրեսիվ կերպով տարածվել պացիենտի օրգանիզմում եւ մետաստազներ են առաջացել, ապա մահը վրա էր հասնում ախտորոշումը կատարելուց հետո 6-9 ամսվա ընթացքում:

Բրիտանական հիվանդանոցներում 5 տարի անցկացված կլինիկական փորձարկումներին մասնակցել է 4-րդ փուլում գտնվող մելանոմայով 945 պացիենտ:

Նրանց երրորդ մասը ստացել է նիվոլումաբ, երրորդ մասը՝ իպիլիմումաբ, եւս երրորդ մասին ներարկել են երկու դեղը:

Բժիշկները 5 տարի հետո վերլուծել են պացիենտների ապրելիության ցուցանիշները:

Պարզվել է, որ ողջ են մնացել՝

  • իպիլիմումաբ ստացած հիվանդների 26 տոկոսը,
  • նիվոլումաբ ստացողների 44 տոկոսը,
  • երկու դեղամիջոցները ստացած հիվանդների 52 տոկոսը:

«Մենք ապշահար էինք այդքան կարճ ժամանակահատվածում այդպիսի արագ առաջընթացով,- ասում է պրոֆեսոր Լարկինը: - Խոսքը քաղցկեղի տեսակի բուժման մեջ ամենաարտասովոր փոխակերպման մասին է, որը մինչ այդ համարվում էր ամենադժվար բուժվող ուռուցքային հիվանդությունը»:

Կլինիկական փորձարկումների արդյունքների մասին զեկուցել են Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միության նիստում եւ հրապարակել New England Journal of Medicine ամսագրում:

Մեր իմունային համակարգը սովորաբար օրգանիզմում ինքնուրույն է փնտրում մուտացիայի ենթարկված բջիջները եւ դրանք քայքայում՝ թույլ չտալով բազմանալ: Սակայն քաղցկեղային բջիջները գտել են այս բնական պաշտպանությունը շրջանցելու ճանապարհը, ինչը ուռուցքին թույլ է տալիս արագ աճել:

2018 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ամերիկացի Ջեյմս Ալիսոնը եւ ճապոնացի Տասուկու Հոնձյոն կարողացել են խաբել քաղցկեղային բջիջներին եւ նրանց թույլ չտալ արգելափակելու իմունային ռեակցիան: Սա թերապիայի մեջ իսկական հեղափոխություն է կատարել եւ դրվել նոր կարգի դեղամիջոցների հիմքում:

Այս դեղերն առայժմ շատ կողմնակի էֆեկտներ ունեն, սակայն ապացուցել են իրենց արդյունավետությունն օնկոլոգիայի դեմ պայքարում: Երբեմն հաջողվում է բուժել անգամ քաղցկեղի ուշ փուլում գտնվող պացիենտներին, որոնց նախկինում անբուժելի են համարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել