• Latest news

Արվեստ, որը փոխում է սոցիալական նորմերը. հայ նկարչուհին նկարում է կրծքի քաղցկեղը հաղթահարած կանանց դիմանկարներ

3 հոկտեմբերի, 2019  17:35

Շատ կանայք, ովքեր քաղցկեղի բուժման ընթացքում անցել են մաստէկտոմիայի միջով, կարծում են, որ առանց կրծքի իրենք այլեւս կին չեն։ Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի նոր նախագիծը, որի շրջանակում նա նկարում է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց դիմանկարներ, կոչված է ապացուցելու, որ բնավ այդպես չէ. կինը միշտ կին է մնում, եւ նա միշտ հիասքանչ է։

Քաղցկեղի խնդրի մասին նկարչուհին լսելով չէ, որ գիտե. անցած տարի նրա մոտ վահանաձեւ գեղձի քաղցկեղ են ախտորոշել։ Այն ժամանակ նա առաջին անգամ մտածեց քաղցկեղի խնդրի եւ այն մասին, թե ինչպես կարող են այդ հիվանդությունը եւ նրա բուժումը անդրադառնալ արտաքինի վրա։

«Պատրաստվելով վիրահատության՝ ես կանգնել էի հայելու առջեւ եւ մտածում էի, որ պարանոցիս սպի կմնա... Իսկ հետո հանկարծ ինձ բռնեցի հետեւյալ մտքի վրա. «Ինչի՞ մասին ես դու առհասարակ մտածում»,- պատմում է Մարիամ Մուղդուսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։

Պարանոցին վիրահատությունից հետո իսկապես սպի մնաց, բայց բացասական զգացողություններ այն հիմա չի առաջացնում, ընդհակառակը՝ Մարիամը խոստովանում է, որ անգամ սիրում է այդ սպին։

Վիրահատությունից հետո վերականգնվելով՝ նա մտածում էր այն մասին, թե ինչի միջով է անցնում պացիենտը քաղցկեղի մյուս տեսակների դեպքում։ Նրա ուշադրությունը կանգ առավ կրծքագեղձի քաղցկեղի խնդրի վրա, չէ՞ որ կուրծքը միշտ համարվել է կանացիության խորհրդանիշը, եւ կանայք հաստատ շատ են տառապում՝ իմանալով, որ վիրահատվելու են, որի ընթացքում, գուցե, ստիպված կլինեն հեռացնել կուրծքը։

«Հին ժամանակներից կուրծքը համարվում է կանացիության խորհրդանիշը, եւ դա միայն արվեստում չէ, որ արտացոլվել է, արվեստն ինքն է ստեղծել մեր գլխում այդ կապը»։

Կանանցից ոմանք, ինչպես իմացել է Մարիամը, անգամ հրաժարվել են բուժումից՝ վախենալով կորցնել կուրծքը։ Սա հատկապես ակտուալ է ավագ սերնդի համար, իսկ ժամանակակից երիտասարդ կանայք ավելի խելամիտ եւ իրատես են գնահատում իրավիճակը։

Այս նախագիծը, ինչպես նշեց նկարչուհին, միաժամանակ հետապնդում է մի քանի նպատակ։ Այն կոչված է փոխելու գեղեցկության եւ կանացիության ընկալումը, ցույց տալու, որ կինը կին է մնում անգամ մաստէկտոմիայից հետո։

«Ես կարծում եմ, որ արվեստը պետք է փոխի սոցիալական նորմերը։ Արվեստը սոցիալական նորմերի փոփոխման հզոր գործիքներից մեկն է։ Եվ եթե դուք, նայելով այդ նկարին, մտածում եք, որ այն գեղեցիկ է, ուրեմն՝ ես հասել եմ նրան, ինչին ցանկացել եմ հասնել»,- ասաց նկարչուհին։   

Նախագծի մյուս նպատակը քաղցկեղի, սքրինինգային հետազոտությունների եւ վաղ ախտորոշման մասին գրագետ տեղեկություն տարածելն է։ Որքան ավելի շուտ պարզվի հիվանդությունը, այնքան ավելի շատ կլինեն դրանից բուժվելու հնարավորությունները։

«Մեզանից շատերը սխալ, ոչ գրագետ պատկերացում ունեն քաղցկեղի մասին։ Մեզ թվում է, թե դա դատավճիռ է։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում, որովհետեւ ինքս անցել եմ դրա միջով։ Երբ իմանում ես, որ քաղցկեղ ունես, քեզ թվում է, թե վերջ, վերջդ եկել է։ Եթե ես այն ժամանակ ավելի շատ տեղեկատվություն ունենայի, կկարողանայի համարժեք գնահատել ապաքինման իմ շանսերը եւ կխնայեի ինձ ու հարազատներիս նյարդային բջիջները։ Չէ՞ որ այնքան շատ հաջող դեպքեր կան։ Իմ նախագիծը ցույց կտա, որ հաղթանակը քաղցկեղի հանդեպ հնարավոր է, եւ որ կյանքն այդ հաղթանակից հետո շարունակվում է»,- ասաց նկարչուհին։

Նախագծի շրջանակում  նախատեսվում է 10 դիմանկար, որոնցից մեկն արդեն պատրաստ է, եւս 5-ը մոտ են ավարտին։ Նկարչուհու խոսքով՝ բոլոր կտավներում ուժեղ կանայք են լինելու՝ իսկական հաղթողներ, որոնք ծաղրով են նայում մահվանը եւ պատրաստ են պայքարել իրենց կյանքի համար։

Պատրաստի կտավում կարելի է տեսնել գեղեցիկ կնոջ, որն անցել է մաստէկտոմիայի միջով։ Սպիների փոխարեն նրա մոտ փյունիկ է։

«Կտավը ցույց է տալիս, որ այս կինը կին է մնում անգամ կրծքի վիրահատությունից հետո։ Ես բնավ չեմ փորձել ցույց տալ, որ այս կինը կուրծք չունի։ Ես ցանկացել եմ ցույց տալ, որ նա, միեւնույն է, հիասքանչ է»։

Որոշ կանայք կտավներում մերկ կլինեն, մյուսները՝ ոչ։ Համենայնդեպս, բոլոր նկարներն ընդգծելու են գեղեցկությունն ու կանացիությունը։

«Իմ նպատակը դիտողին շոկի ենթարկելը չէ։ Ինձ համար՝ որպես նկարչի, այս նախագիծը լուրջ մարտահրավեր է. պետք է գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի նկարները դիտող մարդկանց մեջ շոկ չառաջանա, որպեսզի նրանք կարողանան տեսնել գեղեցկությունը։ Ուստի, սպիները փոխարինվում են հրաշք թռչուններով, ծաղիկներով...»։

Երբ բոլոր կտավները պատրաստ լինեն, Մարիամը նախատեսում է ցուցահանդես կազմակերպել։ Յուրաքանչյուր կտավի հետ այցելուներին կտրամադրվեն դրանցում պատկերված կանանց պատմությունները։ Կանանց մի մասի դեմքերը կտավներում կարող են չերեւալ, բայց բոլոր պատմություններն իսկական են։ Կլինի նաեւ մեկ դատարկ պաստառ՝ «կնոջ դիմանկարը, որին չեմ հասցրել նկարել»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել