• Latest news

Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը փակման շեմին է. աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

15 հոկտեմբերի, 2019  12:19

Երեւանում հակատուբերկուլյոզային դիսպանսերի ստացիոնարի ֆինանսավորման կրճատումը վաղ թե ուշ հանգեցնելու է ամբողջ դիսպանսերի փակմանը, քանի որ արտահիվանդանոցային բաժանմունքից ստացվող ֆինանսավորումը բավարար չէ կենտրոնի աշխատանքի համար։ Այս մասին NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում ասաց դիսպանսերի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը։

Դիսպանսերի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  գործադուլ են սկսել՝ բողոքելով Հայաստանի առողջապահության նախարարության՝ Հակատուբերկուլյոզային դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի պետական ֆինանսավորումը դադարեցնելու որոշման դեմ։

Տնօրենի խոսքով՝ դիսպանսերի ֆինանսավորումն այսօրվա դրությամբ կազմում է 143 մլն դրամ, որից 97 մլն-ը ստանում է ստացիոնարը, իսկ մնացած 46 մլն-ը՝ արտահիվանդանոցային բաժանմունքը։ Զրկվելով ֆինանսավորման մեծ մասից՝ դիսպանսերը չի կարողանա շարունակել աշխատանքը, համոզված է տնօրենը։ Նրա խոսքով՝ այսօրվա ֆինանսավորման մոտ 70 տոկոսը տրվում է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, որոնք ավելի ցածր են, քան պոլիկլինիկաների բժիշկներինը։ Եվս մոտ 15 մլն ծախսվում է կոմունալ սպասարկումների վրա։ 46 մլն-ը բավական չի լինի կենտրոնի գոյության համար, անգամ եթե դիսպանսերի հաստիքը ստացիոնարի փակմամբ կրճատվի 24 մարդով։

Ինչպես նշեց տնօրենը, թեեւ տուբերկուլյոզ ունեցող մարդկանց թիվը երկրում կրճատվում է (եթե նախկինում ամեն տարի ախտորոշվում էր մոտ 550-650 դեպք, ապա այժմ գրանցվում է մոտ 250 դեպք տարեկան), դիսպանսերը կարեւոր դեր է խաղում քաղաքում։ Նախ՝ հենց այստեղ են ամենից հաճախ վերջնական ախտորոշում կայացնում. 2018 թվականին Երեւանում գրանցվել է տուբերկուլյոզի 213 նոր (եւ 64 կրկնվող) դեպք, որոնց 68 տոկոսն ախտորոշվել է հենց այս դիսպանսերում, իսկ մյուսների մեծամասնությունը՝ մեծ հիվանդանոցներում կամ Աբովյանի դիսպանսերում։ Պոլիկլինիկաների հնարավորություններն այս դեպքում սահմանափակ են. մեծամասնությունը չունի ոչ սարքավորումներ, ոչ պայմաններ տուբերկուլյոզի լիարժեք ախտորոշման համար։

Տնօրենի խոսքով՝ ամեն տարի դիսպանսերում կատարվում են ավելի քան 2500 խորհրդատվություններ, խորխի 2500 հետազոտություններ, 1100 ռենտգենաբանական հետազոտություններ, 2500 ֆլյուրոգրաֆիաներ, ինչպես նաեւ մի շարք այլ հետազոտություններ, որոնք երեւանյան պոլիկլինիկաներում պարզապես անհասանելի են։

Այս պահին Երեւանի դիսպանսերի ստացիոնարում, տնօրենի խոսքով, բուժում է ստանում 9 պացիենտ: Տարվա ընթացքում այստեղ է լինում մոտ 177-180 պացիենտ: Դա, իհարկե, այդքան էլ շատ չէ, սակայն եթե ստացիոնարը փակվի, ախտորոշման կամ ստացիոնար բուժման կարիք ունեցող պացիենտները ստիպված կլինեն գնալ Աբովյան քաղաք: Քանի որ տուբերկուլյոզով կամ տուբերկուլյոզի կասկածով պացիենտների մեծ մասը բնակչության անապահով շերտերից է, նրանց համար հեշտ չի լինի գնալ հարեւան քաղաք, առավել եւս, որ վերջնական ախտորոշում ստանալու համար պահանջվում է ոչ թե մեկ, այլ 3-4 այց:

Բացի այդ, չպետք է մոռանալ նաեւ վարակի տարածման խնդրի մասին: Եթե տուբերկուլյուզով հիվանդ մարդը մի քանի անգամ հարեւան քաղաքում տրանսպորտ նստի, ապա կա ռիսկ, որ մինչ վերջնական ախտորոշումը նա կարող է վարակել մյուս մարդկանց:

Տնօրենի խոսքով՝ դիսպանսերի անձնակազմը ամենեւին չի պահանջում պահպանել ստացիոնարի ֆինանսավորումն ու ստացիոնարը:

«Եթե ստացիոնարը փակվի, ապա վերադարձրեք պոլիկլինիկաներում մեր ԱՏ-կաբինետները, եւ մենք այնտեղ կստեղծենք բոլոր պայմանները պացիենտների նորմալ բուժման համար, տուն այցերով, առանձին մուտքով եւ անհրաժեշտ ամեն ինչով: Կամ գոնե ապահովեք նորմալ ֆինանսավորում արտահիվանդանոցային բաժանմունքի համար, որպեսզի մենք կարողանանք նորմալ աշխատել»,- ասաց տնօրենը:

Տնօրենի խոսքով՝ վերջին տարիներին քաղաքապետարանը լուրջ ներդրումներ է կատարել այդ կենտրոնում, կազմակերպել է տեղական ջեռուցման համակարգի տեղադրումը, փոխել է տանիքն ու բոլոր պատուհանները, իսկ հաջորդ տարի խոստացել է վերազինել կլինիկական եւ բակտերիոլոգիական լաբորատորիաները: Դիսպանսերը, տնօրենի խոսքով, կարող է ոչ հեռավոր ապագայում հեռանկարային եւ կարեւոր կենտրոն դառնալ ոչ միայն տուբերկուլյոզի, այլ նաեւ բոլոր թոքային հիվանդությունների բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է