• Latest news

Օրգանների փոխպատվաստման ծրագիրը կօգնի փրկել կյանքի շատ ցածր որակ ունեցող հարյուրավոր պացիենտների. նախարար

21 հոկտեմբերի, 2019  16:46

Մահացած դոնորներից օրգանների փոխպատվաստման ազգային ծրագիրը կօգնի փրկել կյանքի շատ ցածր որակ ունեցող հարյուրավոր պացիենտների, որոնք ստիպված են մշտապես հեմոդիալիզ ստանալ ամբողջ կյանքի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ օրգանների փոխպատվաստման ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 2-3 տարում, դրա համար անհրաժեշտ է պատրաստել ենթակառուցվածքներ, առողջապահության էլեկտրոնային համակարգ, ինչպես նաեւ լուծել մի շարք իրավական հարցեր։

«Այդ ծրագրի օգնությամբ մենք կփրկենք մարդկանց կյանքը, ովքեր այսօր կյանքի շատ, շատ ցածր որակ ունեն։ Նրանք առաջին հերթին  քրոնիկական երիկամային անբավարարություն ունեցող պացիենտներն են, որոնք հեմոդիալիզ են ստանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ այսօր մոտ 1000 պացիենտ Հայաստանում ստանում է հեմոդիալիզ, եւ առանց մահացած դոնորներից օրգանների փոխպատվաստման նրանք ստիպված են 2 օրը մեկ գնալ հիվանդանոց 4-5 ժամով, որպեսզի հեմոդիալիզ ստանան։ Երիկամների փոխպատվաստումն այդ մարդկանց կապահովի կյանքի ավելի բարձր որակով։

Առաջին հերթին, ըստ նախարարի, կշեշտադրվի հենց երիկամների փոխպատվաստումը։ Այսօրվա դրությամբ երկրում նման փոխպատվաստումներ կատարվում են միայն կենդանի դոնորներից, եւ վերջին ժամանակներս փոխպատվաստումների թիվն ավելացել է 2 անգամ։ Միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնում, ըստ նախարարի, ամեն ամիս կատարում են երիկամի 2 փոխպատվաստում։

Եղջերաթաղանթի փոխպատվաստում, նախարարի խոսքով, Հայաստանում վաղուց է արվում, բայց եղջերաթաղանթները բերում էին արտասահմանից։ Եթե դիակներից դոնորության ծրագիրն աշխատի, բժիշկների տրամադրության տակ կհայտնվեն ավելի շատ եղջերաթաղանթներ, եւ ավելի շատ պացիենտներ կունենան այդ վիրահատությանը ենթարկվելու հնարավորություն։

Ինչ վերաբերում է այլ օրգանների փոխպատվաստմանը՝ լյարդ, սիրտ, թոքեր, ենթաստամոքսային գեղձ եւ այլն, այդ վիրահատություններն, իհարկե, ավելի բարդ են, բայց անհրաժեշտ կլինի սկսել նաեւ դրանք։ Ընդ որում՝ ծրագրի  ներդրման եւ առաջին փոխպատվաստումների հարցում հայ մասնագետներին կօգնեն Բելառուսի գործընկերները, որտեղ այդ ոլորտը շատ զարգացած է։ Տառացիորեն օրերս նրանք կօգնեն այստեղ կատարելու Հայաստանում երկրորդ լյարդի փոխպատվաստումը՝ այս անգամ արդեն անչափահաս պացիենտին։

Իսկ առաջին պացիենտուհու մոտ, որին դոնորական լյարդ են փոխպատվաստել, ամեն բան լավ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի