• Latest news

Ոչ միայն հիվանդացություն եւ մահացություն. տնտեսական ի՞նչ խնդիրներ է ստեղծում գրիպը

29 հոկտեմբերի, 2019  17:54

Ինչպես պանդեմիկ, այնպես էլ «սովորական» սեզոնային գրիպն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան կարող ենք պատկերացնել։ Այն ոչ միայն բարդություններ է առաջացնում եւ սպանում տասնյակ հազարավոր մարդկանց ամեն տարի, այլեւ լուրջ ազդեցություն է գործում աշխարհի երկրների տնտեսությունների վրա, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայկական գրասենյակից Նունե Դոլյանը։

«Երբ խոսում ենք գրիպի մասին, պետք է հիշել, որ խոսքը ոչ միայն հիվանդացության եւ մահացության մասին է, այլեւ տնտեսական բեռի, որը ստեղծում է այդ հիվանդությունը»- ասաց մասնագետը։

Ի՞նչ կապ կա գրիպի եւ տնտեսական խնդիրների միջեւ։

Բանն այն է, որ, ինչպես բացատրեց մասնագետը, երբ մարդիկ հիվանդանում են, նրանք չեն կարողանում աշխատել. երբ հիվանդանում են երեխաները (իսկ նրանք հատկապես խոցելի են գրիպի հանդեպ), ծնողները խնամում են նրանց եւ նորից չեն կարողանում նորմալ աշխատել։ Բացի այդ, գրիպի բռնկման ժամանակ հսկայական բեռնվածություն է ընկնում առողջապահության համակարգի վրա, եւ քիչ փողեր չեն ծախսվում բուժման, կանխման եւ հետեւանքների վերացման համար։ Այս ամենը լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա։

Մասնագետի խոսքով՝ իրավիճակը շտկել եւ ոչ քիչ փող խնայել կարող է գրիպի տարածումը կանխելը, օրինակ՝ պատվաստման օգնությամբ։ Համաձայն մասնագետների հաշվարկների, եթե երկրի բնակչության գոնե 50 տոկոսը պատվաստվի գրիպի դեմ, դա կօգնի խուսափել այդ հիվանդությունից եւ խնայել բավականաչափ փող, որոնք կարելի է ծախսել այլ հիվանդությունների դեմ պայքարում։

Ինչպես նշեց Նունե Դոլյանը, եթե երկրում հնարավորություն չկա պատվաստելու բոլորին, պետք է պատվաստել գոնե ռիսկի խմբի մարդկանց՝ հղի կանանց, մինչեւ 5 տարեկան երեխաներին, տարեցներին, բուժաշխատողներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր ապրում են փակ շինություններում։ Քանի որ այդ մարդկանց մոտ մեծ է վարակվելու եւ առավել մեծ՝ բարդությունների առաջացման ռիսկը, նրանց պատվաստումն օգնում է լուծելու ոչ քիչ խնդիրներ, ընդգծել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել