• Latest news

ՄՌՏ-ն դաշտերի համար. ինչպես կարող են արդիական տեխնոլոգիաներն օգնել լուծելու պարենի անբավարարության խնդիրն աշխարհում

31 հոկտեմբերի, 2019  18:40

Անգամ 21-րդ դարում է պարենային անվտանգությունը բավական սուր, եւ մոտ 800 մլն մարդ աշխարհում այսօր քաղցած է։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց IntelinAir-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Եսայանը։

Նրա խոսքով՝ խնդիրը բոլորովին էլ սննդի անբավարարությունը չէ իբրեւ այդպիսին. աշխարհում արտադրվում է բավական քանակությամբ սննդամթերք, բայց ենթակառուցվածքների եւ լոգիստիկայի խնդիրների պատճառով այդ մթերքները հաճախ չեն հասնում այն շրջաններ, որտեղ դրանք ամենից շատ են հարկավոր։ Զարգացած երկրներում, օրինակ, շատ ավելի մթերք է արտադրվում, քան պահանջվում է, եւ շատ բան փչանում է եւ դեն նետվում, այն դեպքում, երբ աղքատ երկրներում սննդամթերքները հաճախ չեն բավականացնում։

Այլ խնդիր է, ըստ մասնագետի, ժամանակակից գյուղատնտեսության անբավարար արդյունավետությունը։ Այսօր առկա դաշտերը եւ ռեսուրսները կարելի կլիներ օգտագործել ավելի արդյունավետ՝ դրանց հետ աշխատանքի արդյունքում ստանալով ավելի շատ սննդամթերք։ Բայց այսօր ինչ-որ տեղ մեկ ակր հողի վրա աճեցնում են, օրինակ, միայն 20 թուփ եգիպտացորեն, իսկ ինչ-որ տեղ էլ՝ 180-200։

ԳՄՕ-ների շուրջ աղմուկը, փորձագետի խոսքով, նույնպես չի նպաստում  պարենային անվտանգության խնդիրների լուծմանը։ ԳՄՕ-ների խնդիրը, Ալֆրեդ Եսայանի խոսքով, պետք է, վերջապես, սկսի դիտարկվել գիտական տեսանկյունից, այլ ոչ թե քաղաքական։

IntelinAir ընկերությունը, որը գլխավորում է Ալֆրեդ Եսայանը, օգտագործում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներ, որպեսզի ստանա եւ վերլուծի դաշտերի պատկերները՝ սերմերը ցանելու պահից մինչեւ բերքահավաք։ AGMRI-ն (ԱԳՄՌՏ), այդպես են նրանք անվանում այն, դաշտերի համար անում է մոտավորապես այն, ինչ ՄՌՏ-ն կենդանի էակի օրգանիզմի համար՝ արժեքավոր տեղեկատվություն է տալիս, որն անհրաժեշտ է ճիշտ որոշումներ կայացնելու համար։

AGMRI-ն վերլուծում է տեղեկատվությունը, որն ստացվում է տարբեր աղբյուրներից, օգտագործում օդից ստացված պատկերները, ջերմաստիճանի, խոնավության, անձրեւների, ընդերքի նմուշների, տեղանքի տեսակի, օգտագործվող սարքավորումների, տնկելու նորմերի եւ այլնի մասին տվյալները, որպեսզի առավելագույն լիարժեք պատկերացում տա ընթացիկ սեզոնում դաշտի վիճակի մասին։

Ինչպես նշեց Ալֆրեդ Եսայանը, նա լավատեսորեն է վերաբերվում արհեստական բանականության եւ ժամանակակից այլ տեխնոլոգիաների օգտագործմանը՝ պարենային անվտանգության խնդիրների լուծման համար. գուցե հենց այդ տեխնոլոգիաները կարողանան լուծել այդ խնդիրների գոնե մի մասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել