• Latest news

Հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել դեպրեսիայի դեմ պայքարում

2 նոյեմբերի, 2019  23:45

Հակաբորբոքային եւ ցավազրկող դեղամիջոցները կարող են էականորեն թեթեւացնել ծանր դեպրեսիայի ախտանշանները։ Ընդ որում, եթե այդպիսի դեղամիջոցները օգտագործվում են հակադեպրեսանտների հետ զուգահեռ, բուժումը առավել արդյունավետ է լինում, ինչպես ասվում է Journal of Neurology Neurosurgery & Psychiatry-ում հրապարակված հետազոտության մեջ։

Դեպրեսիա ունեցող յուրաքանչյուր երրորդ մարդու համար այսօր առկա բուժումը անարդյունավետ է, չհաշված այն, որ օգտագործվող դեղամիջոցներից շատերը կողմնակի լուրջ ազդեցություններ ունեն։

Մինչեւ այժմ հայտնվել են բազմաթիվ ապացույցներ այն բանի, որ բորբոքումը կարող է կարեւոր դեր խաղալ դեպրեսիայի զարգացման մեջ։ Սակայն ավելի վաղ կլինիկական հետազոտությունները միանշանակ պատասխան չէին տալիս այն հարցին, թե կարող են արդյոք հակաբորբոքային դեղամիջոցները օգնել դեպրեսիայի դեպքում։

Հակաբորբոքային ազդեցությամբ դեղամիջոցների թվին են պատկանում ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները, օմեգա-3 ճարպաթթուները, ստերոիդային դեղամիջոցները, որոշ հակաբիոտիկներ, N-ացետիլցիստեինը եւ այլն։

University of Science and Technology in Wuhan-ից գիտնականները կատարել են 1610 մարդու մասնակցությամբ 26 հետազոտության վերլուծություն, որի ընթացքում հակաբորբոքային դեղամիջոցների հակադեպրեսային ազդեցությունը համեմատել են պլացեբոյի հետ։

Պարզվել է, որ հակաբորբոքային դեղամիջոցները առավել արդյունավետ են եղել, քան պլացեբոն, եւ լավացրել են հակադեպրեսանտներով բուժման արդյունավետությունը։ Դրանք 52 տոկոսով ավելի արդյունավետ են եղել ախտանշանների ծանրության թեթեւացման առումով եւ 79 տոկոսով ավելի արդյունավետ՝ այդ ախտանշաններն արմատախիլ անելու հարցում։

Առավել արդյունավետ են եղել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները (պարացետամոլ, ասպիրին), օմեգա-3 ճարպաթթուները, ստատինները եւ մինոցիկլինների դասի հակաբիոտիկները։ Դրանց արդյունավետությունը նույնիսկ առավել արտահայտիչ է եղել, եթե դրանք օգտագործվել են սովորական հակադեպրեսանտների հետ միասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է