• Latest news

Ո՞ր հիվանդությունները կարող են կուրություն առաջացնել

15 նոյեմբերի, 2019  19:27

Ժամանակակից բժշկությունը կուրություն առաջացնող շատ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ է գտնում, բայց վտանգ ներկայացնող հիվանդություններն առայժմ մեծաթիվ են: Ակնաբույժ-վիրաբույժ պրոֆեսոր Իգոր Ազնավուրյանը Medportal.ru-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի հիվանդություններ, որոնք կարող են կուրություն առաջացնել:

Դիաբետիկ ռետինոպատիա

Կուրության պատճառների թվում առաջին տեղում է դիաբետիկ ռետինոպատիան, որը շաքարային դիաբետի ամենատարածված բարդություններից մեկն է: Դիաբետիկ ռետինոպատիան ախտահարում է ցանցաթաղանթի անոթները, մեծացնում անոթների անցանելիությունը, ինչի հետեւանքով առաջանում են այտուցներ եւ ցանցաթաղանթում արյան զեղումներ, ինչն էլ հանգեցնում է տեսողության սրության նվազման եւ կուրության:

Դիաբետիկ ռետինոպատիայի բուժմամբ պետք է զբաղվեն էնդոկրինոլոգը եւ ակնաբույժը: Առաջինը պետք է կարգավորի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը կօգնի խուսափել բարդություններից, իսկ երկրորդն ապահովի կանխարգելում, բարդությունների ժամանակին հայտնաբերում եւ կոնսերվատիվ կամ վիրաբուժական բուժում:

Գլաուկոմա

Գլաուկոման աչքի վտանգավոր հիվանդություն է, որի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը, եւ մահանում են տեսողական նյարդի բջիջները:

Այս հիվանդությունը երկար ժամանակ մարդու համար աննկատ է զարգանում, եւ նա հաճախ բժշկի է դիմում արդեն բարձիթողի փուլերում, երբ նրա մոտ արդեն զարգանում է խողովականման տեսողությունը եւ անհետանում է ծայրամասային տեսողությունը:

Առայժմ անհնար է գլաուկոման բուժել, ուստի այդքան կարեւոր է կանխարգելումը: Անհրաժեշտ է պարբերաբար հաճախել ակնաբույժի կանխարգելիչ զննումների՝ աչքի ճնշումը չափելով: Ցանկացած խախտման դեպքում հետեւել բժշկի հանձնարարականներին:

Տեսողական նյարդի ատրոֆիա

Տեսողական նյարդի ատրոֆիան աչքի բարդագույն հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում տեսողական նյարդի նյարդային մանրաթելերի ոչնչացում:

Տեսողական նյարդի ատրոֆիան երկար ժամանակ անբուժելի էր եւ կուրություն էր առաջացնում, բայց այսօր, եթե ատրոֆիան մասնակի է եւ կան կենսունակ մնացած մանրաթելեր, տեսողության մնացորդը կարելի է փրկել: Ճիշտ է, այլեւս անհնար է այն բարելավել:

Ռետինոբլաստոմա

Ռետինոբլաստոման աչքերի ուռուցքային հիվանդություն է, որը կարող է առաջանալ երեխայի կյանքի առաջին ամիսներին կամ տարիներին եւ երկար ժամանակ չդրսեւորվել: Հիվանդության ժամանակ մարդու լուսանկարում ախտահարված աչքի բբում նկատվում է կանաչավուն լուսարձակում, եւ հաճախ հիվանդությունն ախտորոշում են հենց ըստ լուսանկարների: Նման բան նկատելիս անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել:

Եթե հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, բուժումն ավելի արդյունավետ կլինի, անգամ ախտահարված աչքը փրկելու հնարավորություն կլինի: Իսկ բուժման բացակայության դեպքում ուռուցքի մետաստազները ուղեղ եւ թոքեր կարող են բերել մահվան:

Մելանոմա

Մելանոման եւս մեկ ուռուցքային հիվանդություն է, որը կարող է տեսողությունից զրկել: Մելանոման սովորաբար առաջանում է մաշկին, բայց երբեմն ախտահարում է նաեւ աչքերը՝ բիբը, ծիածանաթաղանթը կամ սկլերան՝ ակնախնձորի սպիտակապատյանը: Չափազանց դժվար է մելանոման նկատել, գուցե հնարավոր լինի տարբերակել աչքի վրա պիգմենտային բիծը կամ կետը: Այս դեպքում նույնքան անհրաժեշտ է անմիջապես դիմել ակնաբույժի, քանի որ ժամանակին հայտնաբերելը, ինչպես նախորդ դեպքում, կարող է փրկել ինչպես աչքը, այնպես էլ կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի