• Latest news

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ չունեն ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն. Արմեն Ալավերդյան

2 դեկտեմբերի, 2019  14:26

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ամենացավոտ խնդիրը մատչելիության բացակայությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում ինքնուրույն կյանքով ապրել: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը։

«Եթե լինեն հարմարություններ, ես ոչ օգնականի, ոչ մեքենայի կարիք չունեմ: Ես կարող եմ էլեկտրական սայլակով միայնակ մուտք գործել ցանկացած վայր: Մեզ մոտ հաշմանդամություն ունեցող մարդիկ կախում ունեն իրենց ընտանիքներից, մտերիմներից», - ասաց նա:

Մեկ այլ խնդիր է, նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը.

«Մենք 2005 թվականին ստեղծել ենք Հայաստանում առաջին զբաղվածության կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձանց համար, և հարյուրավոր մարդիկ ընդունվել են աշխատանքի: Իրենք հատուկ հաստատություններ չեն ընդունվել, այլ` սովորական կազմակերպություններ, պետական որոշ հիմնարկներ: Հայաստանում ապրում են գոնե 100.000 հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր աշխատելու պոտենցիալ ունեն: Այդ 100.000 մարդու 8-9%-ն  է միայն աշխատում: Այդ մարդիկ կարող են օգուտ տալ պետությանը, աշխատել, հարկեր վճարել և այլն», - նշեց Արմեն Ալավերդյանը:

«Ունիսոն» ՀԿ-ի ղեկավարը նշեց նաև, որ Հայաստանում վերականգնողական բուժման որակը այդքան էլ լավը չէ.

«Վիրահատություններից, բուժումներից հետո գալիս է ստաբիլ վիճակ, երբ մարդը ստանում է հաշմանդամության կարգ: Եթե, օրինակ, մարդը ունի լսողական խնդիր, լավ լսողական սարք ունենալու դեպքում կարող է չտարբերվել լսողական խնդիրներ չունեցող մարդկանցից: Կան նաև թերապիաներ, որոնք երկարատև են և որոնք շատ թույլ են մեզ մոտ: Մենք ունենք որոշակի նախադրյալներ վերականգնողական բուժման որակը բարձրացնելու համար», - ասաց նա:

ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի 2 նախագիծ կա՝ վավերացված ՄԱԿ-ի կոնվենցիայով, սակայն դրանք 2010 թվականից չեն ընդունվում:

Ըստ Արմեն Ալավերդյանի՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ խնդիրներ են ունենում նաև հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված.

«Գոնե հաշմանդամության կարգ տալու հարցում պետք է լինի շատ հասկանալի համակարգ: Մարդիկ լսում են ինչ-որ ասեկոսեներ, թե այստեղ այսքան կտաս, քեզ խումբ կտան, և այլն: Կարելի է, օրինակ, ինչ-որ կայք ստեղծել, որը ոչ պաշտոնական ձևով կպատասխանի հուզող հարցերին ու մարդը կհասկանա՝ իրականում ինքը որ խմբին է պատկանում», - ասաց Արմեն Ալավերդյանը:

Նա նաև նշեց, որ իրենց ՀԿ-ն հունվարի 1-ից զրկվելու է պետական սուբսիդիայից, իսկ պատճառի մասին նրանց չի ծանուցվել:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց թոշակին՝ Արմեն Ալավերդյանը ասաց, ամսական 25.5000 դրամով անհնար է հոգալ կարիքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է