• Latest news

1988 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք. Սամվել Գրիգորյան

2 դեկտեմբերի, 2019  20:28

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում և Գյումրիում ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում մարդիկ անցնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում են: Այս շարժական կլինիկաները, սակայն, միայն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը չէ, որ աշխատում են: Դրանք աշխատում են ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակի և տոնական օրերից, ըստ նախապես կազմված ժամանակացույցի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«3 շարժական կլինիկաները մեկնում են Հայաստանի տարբեր մարզեր, գյուղական համայնքներ, որտեղ ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները հասանելի չեն: Մենք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում ենք բժշկական այլ ծառայությունների փաթեթի շրջանակում, մասնավորապես՝ այցելուներին առաջարկվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունից բացի անցնել նաև հեպատիտ Բ, Ց և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություն: Իրականացվում են նաև ուլտրաձայնային հետազոտություններ: Բոլոր հետազոտություններն անանուն են և անվճար», - ասաց Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ շարժական կլինիկաների աշխատանքը պահանջված է, ինչի մասին վկայում է դիմողների թիվը:

«Շարժական կլինիկաները այցելել են շուրջ 350 գյուղական ու քաղաքային համայնք: Ընտրվել են այն համայնքները, որոնք ամենախիտն են բնակեցված և որտեղ ավելի շատ է աշխատանքային  միգրացիան: Այս 6 տարիների ընթացքում մենք ավելի քան 70 000 հետազոտություն ենք անցկացրել, և ավելի քան 130 000 մարդ անցել է մոտիվացիոն խորհրդատվություն, այսինքն՝ իրազեկվել է ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին», - նշեց նա:

Անդրադառնալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությանը՝ Սամվել Գրիգորյանը նշեց, որ 1988 թվականից 2019 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք։ Մասնագետի խոսքով՝ չնայած Հայաստանը գտնվում է ՄԻԱՎ վարակի բարձր աճի տեմպեր ունեցող տարածաշրջանում, այնուամենայնիվ, ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը մեր երկրում մնում է կայուն ցածր:

«ՄԻԱՎ-ով վարակվածների 69%-ը տղամարդիկ են, իսկ 31%-ը ՝ կանայք: Վարակը ավելի հաճախ հանդիպում է 25-39 տարեկանների մոտ: Վերջին 5 տարիների կտրվածքով դեպքերի 56%-ը արձանագրվում է աշխատանքային միգրանտների շրջանում, մոտ 10%-ն էլ նրանց կանայք են. այսպիսով՝ դեպքերի 66%-ը պայմանավորված է աշխատանքային միգրացիայով: Եթե բացարձակ թվով նայենք, ամենաշատ դեպքերը գրանցված են Երևանում, իսկ եթե 100 հազար բնակչի հաշվով դիտարկենք, ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է», - ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը:

Սամվել Գրիգորյանը հայտնեց նաև, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է։ Այս պահի դրությամբ նրանց 78%-ը ունեն ախտորոշում, և նպատակ կա մյուս տարի այդ թիվը հասցնել 90-ի:

«Այս 90%-ները միջազգային թիրախներ են՝ ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին: Գոյություն ունի 3 «90»-երի թիրախ. առաջին թիրախն այն է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվից 90%-ն իմանա իր կարգավիճակի մասին և ունենա ախտորոշում: Հաջորդը, որ ախտորոշում ունեցող մարդկանցից 90%-ը ստանա հակառետրովիրուսային բուժում (Հայաստանում այդ բուժումը ստանում է ախտորոշված մարդկանց 78%-ը): Երրորդ թիրախն էլ հետևյալն է. բուժում ստացող մարդու արյան մեջ վիրուսի քանակն այնքան քիչ պետք է լինի, որ լաբորատոր հետազոտությամբ չհայտնաբերվի: Այս ցուցանիշով էլ մենք հասել ենք 86%-ի: Այսպիսով, Հայաստանն ընդհուպ մոտեցել է 90-երի միջազգային ցուցանիշներին և նպատակաուղղված, շարունակական գործողությունների արդյունքում կարող է դրանց հասնել 2020 թվականի ավարտին», - ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել