• Latest news

Ինչու՞ 600 000 աշխատողը պիտի վճարի 3 միլիոն շահառուի համար. Առողջապահական ապահովագրության հայեցակարգը մի շարք հարցեր է հարուցում

3 դեկտեմբերի, 2019  21:10

Հայաստանում այսօր մոտ 600 000 գրանցված աշխատող կա, եւ արդար չի լինի, որ նրանք հոգան առողջապահական համապարփակ ապահովագրության բոլոր 3 միլիոն շահառուների ծախսերը։ Նման կարծիք հայտնեց «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը առողջապահական ապահովագրության ներդրման նոր հայեցակարգի քննարկման ժամանակ։

«Եկեք որոշենք՝ Հայաստանում ո՞րն է ավելի կարևոր՝ կրթությունը, առողջապահությունը, թե՞ պաշտպանությունը: Եթե մենք այս տրամաբանությամբ շարժվենք և որոշենք հարկատեսակները ավելացնել, այդ դեպքում հարկերը 50%-ով կավելանան: Իմ կարծիքով՝ կրթությունն էլ է շատ կարևոր. մենք պիտի որոշենք՝ ուզում ենք առողջ-չկրթված թե՞ կրթված անառողջ լինել: Ինչու՞ հարկ, ինչու՞ ենք որոշել հարկ ներդնել: Եթե ապահովագրություն է, ու ենթադրում է ծառայություն, ինչու՞ պետք է հարկ լինի: Ավելի լավ էր՝ մնար եկամտահարկ՝ նույն դրույքաչափով, եկամտահարկի որոշ տոկոս էլ կուղղեինք առողջապահությանը: 600 000 աշխատող ունենք, ու այդ 600 000-ը պետք է հոգա 3 միլիոն շահառուի ծախսերը: Մենք ինչքա՞ն պիտի աշխատողների բեռը ծանրացնենք», - ասաց նա։

Փայլակ Թադևոսյանը նշեց նաև, որ կան մարդիկ, ովքեր պարզապես առանց որեւէ պատճառի չեն ուզում աշխատել: Ինչու՞ պիտի գրանցված աշխատողները նաև այդ մարդկանց համար վճարեն։

Բժիշկ իր հերթին Հայկ Մանասյանը ասաց, որ եթե նույնիսկ մեր քաղաքացիները համաձայն լինեն վճարել նոր հարկ, միևնույնն է, առողջապահական համակարգն այսօր այդքան որակյալ չէ հասարակության պահանջները բավարարելու համար.

«Ենթադրենք, ես այս պահին ունեմ այդ 150 միլիարդ դրամը, դուք ունե՞ք այդ առողջապահությունը ինձ տալու: Ես պատրաստ եմ 150 միլիարդ տալ, բայց դու չունես այդ առողջապահությունը. դու չունես ուղեցույցներ, դու չունես պատրաստված բժիշկներ: Ի՞նչ ունես դու տրամադրելու մեզ, հարգելի առողջապահական համակարգ: Առողջապահության նախարարը ասում է՝ մեզ պետք է 250 միլիարդ դրամ ամբողջ հանրապետության առողջապահական խնդիրները լուծելու համար, այն դեպքում, երբ Առողջապահության ազգային ինտիտուտը հրապարակել է ազգային հաշիվներ, որում 2018 թվականի ծախսերը գնահատվել է 570 և ավելի միլիարդ դրամ», - ասաց նա:

ՀՀ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն էլ հակադարձեց.

«250 միլիարդ դրամ ասելով նկատի ունենք համապարփակ ապահավագրության մեջ ներառված ծառայությունների ծախսերը: Մի օր մեր մեջ պիտի լինի սոցիալական, քաղաքական կամք՝ հասկանալու համար, որ բացի առողջապահական համակարգին քննադատելուց պետք է լուրջ քայլ անենք, որպեսզի ունենանք առողջապահական կայուն համակարգ, իսկ դրա համար առաջին նախապայմանը ֆինանսական կայուն համակարգ ունենալն է, և համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա կարող է լինել համապարփակ ապահովագրության միջոցով», - ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Փայլակ Թադևոսյանի «ինչու՞ հարկ» հարցին էլ Ծաղիկ Վարդանյանը այսպես պատասխանեց.

«Պարտադիր հարկատեսակը ֆինանսական կայունության խնդիրը լուծում է: Ես Ձեզ ասում եմ, որ առողջության հարկը համեմատելի չէ այլ հարկի հետ, այս հարկը առողջության ձևով վերադառնում է մեզ, և հասարակությունը այստեղ շահելու է միանշանակ: Եթե ունեք այլ առաջարկներ, կարող եք ներկայացնել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել