• Latest news

Եթե նույնիսկ ՀՀ ամբողջ բյուջեն տրամադրենք, չենք կարողանա ապահովել 100%-անոց ծածկույթ․ փոխնախարարը՝ առողջապահական ապահովագրության մասին

12 դեկտեմբերի, 2019  22:20

Հայաստանում բոլոր առողջապահական ծախսերի մոտ 80 տոկոսը կատարվում են քաղաքացու գրպանից, եւ սա տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Այս փաստը մտահոգիչ է համարում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Դեկտեմբերի 12-ը 2012 թվականից ՄԱԿ-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր, ինչի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Շոմբի Շարփը ներկայացրեց առողջապահության վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբումնքը, որի շուրջ, նրա խոսքով, համախմբվել են բոլոր անդամ երկրները։

«Մեր սկզբունքը շատ հասարակ է, ցանկացած անձ, անկախ նրանից, թե ով է եւ որտեղ է ապրում պետք է կարողանա ստանալ որակյալ առողջապահական ծառայություններ առանց որեւէ ֆինանսական խոչընդոտների։ Ցավոք սրտի, Հայաստանում մենք տեսնում ենք շատ բացասական իրավիճակ, երբ այս երկրում գրպանից կատարվող առողջապահական ծախսերը գերազանցում են 80 տոկոսը, իսկ պետական ծախսերը առողջապահության ոլորտում ամենացածրն են տարածաշրջանի այլ երկրների համեմատ։ Եւ դա լուրջ խոչընդոտ է ե՛ւ կայուն զարգացման, ե՛ւ էթիկական տեսանկյունից»։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նունուշյանը կիսում է մտահոգությունը կապված պետական ցածր ֆինանսավորման եւ քաղաքացիների կողմից կատարվող առողջապահական բարձր ծախսերի վերաբերյալ։

«Մենք պարտավորություն ունենք յուրաքանչյուր քաղաքացու առջեւ մատչելի դարձնելու առողջապահական ծառայությունները, որպեսզի լինեն ավելի ֆինանսապես պաշտպանված։ Համապարփակ առողջապահական ծածկույթը ենթադրում է, որ ծառայությունները լինեն ոչ միայն  մատչելի, այլեւ ֆիզիկապես հասանելի։ Խնդիրներ ունենք մենք նույն մեր մարզերում, բժիշկներով ապահովվածության հետ կապված, մարզային առողջապահության զարգացնելու, որակի հետ կապված, բոլոր նշված ուղղություններով առողջապահության նախարարությունը ծրագրեր է իրականացնում լուծելու դրանք, բայց միաժամանակ ամենամեծ խնդիրը թերեւս ֆինանսավորման խնդիրն է»։

Փոխնախարարի խոսքով՝ առողջապահական առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները  անվճար են հայտարարված արդեն տարիներ շարունակ, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ  մարդկանց 20 տոկոսը, ովքեր բուժօգնության կարիք ունեն, չեն դիմում ֆինանսական խնդիրների պատճառով, քանի որ ստիպված պետք է գնեն դեղորայք, կամ լրացուցիչ հետազոտություններ անցնեն այլ վայրերում։ Փոխնախարարի կարծիքով՝ մշակված հայեցակարգը նաեւ լուծում է այս խնդիրը, քանի որ իր մեջ ներառված են նաեւ դեղերի փաթեթները, որոնք մարդիկ կարող են ստանալ։

«Մենք հաշվարկել ենք, որ այս ծառայությունների փաթեթը, դեղերի փաթեթը, մոտավորապես կկազմի 230 մլրդ դրամ, առանձնացրել ենք բյուջեի շրջանակներում 2 տարի հետո տրամադրվելիք միջոցները առողջապահությյան ոլորտին, եւ մնացած գումարը որեւէ ճանապարհ ենք փնտրել ներգրավելու։ Հանգել ենք այն եզրակացությանը, որ ապահովագրությունը կարող է այդ ճանապարհներից մեկը լինել», - ասաց փոխնախարարը։

Մեր դիտարկմանը, որ ըստ հայեցակարգի, որոշ ծառայություններ այնուամենայնիվ հասանելի չեն լինելու քաղաքացիներին, փոխնախարարը պատասխանեց, որ եթե նույնիսկ ՀՀ ամբողջ բյուջեն տրամադրենք, չենք կարողանա ապահովել 100 տոկոսանոց ծածկույթ, քանի որ այժմ կան այնպիսի թանկարժեք դեղեր, որ որեւէ ապահովագրական փաթեթ դրանք չի կարող ներառել:

«Բնականաբար մենք մեր հաշվարկների հիմքում դրել ենք հիմնական հիվանդությունները եւ դրանց համար անհրաժեշտ դեղորդայքը, հաշվարկել ենք՝ հիմնականում ծածկելով անհրաժեշտ ծառայությունների եւ դեղորայքի 90 տոկոսը։ Եթե մենք փորձեինք ամբողջ ծավալով դեղորայքը ընդգրկել՝ 100 տոկոսով, ապա ոչ թե 6 տոկոս կլիներ, այլ կլիներ, ենթադրենք, 8 կամ 10 տոկոս»։

Մեր հարցին, արդյո՞ք հաշվարկել են այն հոսքը, որ կարող է լինել համակարգի ներդրումից հետո ու արդյո՞ք առողջապահական համակարգը պատրաստ է դրան, փոխնախարարը դրական պատասխան տվեց․

«Իրականում այս բոլոր ծառայությունները հիմա էլ են մատուցվում, ուղղակի մարդիկ վճարում են իրենց գրպանից։ Մենք ուղղակի մեխանիզմ ենք ներդնում, որը կհեշտացնի վճարման գործընթացը, կանխավճարային մեթոդի կիրառմամբ։ Որոշակի չափով հոսքի ավելացում կանխատեսվում է, ցանկացած նոր ծրագիր որ ներդնում ենք, որոշակի քանակով մարդկանց հոսքը ավելանում է, բայց հետո արդեն հավասարակշռվում է, այդ բոլոր կանխատեսումները ներառել ենք»։

ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հերթին հավելեց, որ շատ կարեւոր է հասկանալ այս ծառայությունների իրական պահանջարկը ու չճնշել այն՝ գումարի կամ առաջարկի բացակայության պատճառով։

«Ցանկացած պարագայում ամենացանկալի տարբերակն այն է, որ իրական կարիքը, պահանջարկը երեւան գա, ոչ թե արհեստականորեն ճնշեն, որ մարդիկ չդիմեն, այլ ընդհակառակը, մարդիկ դիմեն ու մենք տեսնենք՝ բավարար առաջարկ ունե՞նք, թե ոչ, ու եթե ոչ, դա նշանակում է, որ պետք է ընդլայնել այդ ծառայությունները։ Դա լավագույնս նպաստում է այդ ծառայությունների ուղղությամբ համապատասխան պետական ներդրումների իրականացմանը»։

Փոխնախարար Լենա Նունուշյանը նաեւ ընդգծեց, որ պատրաստ են լսել առաջարկներ, քննարկումներ անել, սակայն չէին ուզենա, որ ծածկույթը մասնատվի, որոշ խմբեր դուրս մնան, կամ ծառայությունները կրճատվեն, քանի որ ի սկզբանե նախարարությունն իր առջեւ խնդիր է դրել համապարփակ, բոլորին հասանելի ապահովագրական համակարգ ստեղծել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է