• Latest news

Պատվաստանյութից հրաժարվելու իրավունքն ընդդեմ երեխայի առողջ լինելու իրավունքի. Երեւանում հակապատվաստումային շարժման մասին գիրք է ներկայացվել

14 դեկտեմբերի, 2019  20:34

2018 թվականին աշխարհում 120 հազար մարդ մահացավ կարմրուկից․ սա հիվանդություն է, որի դեմ պատվաստանյութ գոյություն ունի եւ, ըստ էության, այդ մարդիկ չպետք է մահանային։ Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։

Վերջինիս խոսքով՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են գրեթե մոռացված հիվանդությունները նորացված վերադառնում։

«2 տարի առաջ, երբ ներդրվեց քառավալենտ պատվաստանյութը պապիլոմա վիռուսի դեմ եւ սկսվեցին խոսակցությունները, թե ինչպես են փորձում հայերի գենը «չորացնել», «հայերին ոչնչացնել» եւ այլն, այն ժամանկվանից ակնհայտ էր, որ անգրագիտությունը, որը կա ամբողջ աշխարհում, վաղ, թե ուշ, գալու է Հայաստան։ Եւ եկավ հենց այդ պահը՝  պատվաստանյութի հետ միասին։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հիվանդությունները նորացված վերադառնում․ օրինակ, 2018 թվականին 120 հազար մարդ մահացավ կարմրուկից։ Ի պատիվ մեզ՝ մենք այդպիսի դեպքեր Հայաստանում քիչ ունենք, բայց վաղ թե ուշ դրանք լինելու են, եւ խոսքս ոչ միայն պեսիմիստական է, կամ փորձում եմ վախեցնել, այլ փորձում եմ պատրաստել նրան, որ վաղը այդ ամենը գալու է նաեւ մեզ մոտ»։

Մասնագետի խոսքով՝ սա անգրագիտության հետեւանք է, որը ոչ միայն դիտվում է ծնողների, այլեւ որոշ բժիշկների մոտ։

«Օրինակ՝ մեր հիվանդանոցներից մեկի գլխավոր համաճարակաբանը ասում է ՝ ես իմ երեխաներին չեմ պատվաստելու եւ խորհուրդ եմ տալիս բոլորին՝ չպատվաստել։ Սա անգրագիտության հաղթանակն է 21-րդ դարում, եւ ես հույս ունեմ, որ նմանատիպ գրքերը լույս կսփռեն այդ անգրագիտության  վրա», - եզրափակեց նա։

Վարդանանց ԲԿ-ի Մանկաբուժական ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիլիթ Մարությանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այսօր կորել է վստահությունը բժիշկ-ծնող հարաբերություններում։

«Երբ ծնողը հիվանդ երեխային է բերում բժշկի մոտ, նա, բնականաբար, շատ ավելի պատրաստակամ է ընդունում բժշկի խոսքը։ Բայց երբ բերում է առողջ երեխային, եւ դու ինչ-որ կանխարգելիչ միջամտություն պետք է կատարես, նրա մոտ արդեն սկսում  են տարբեր վախեր։ Ծնողը մոռանում է, թե ինչին կարող է բերել կարմրուկը, պոլիոմելիտը, կապույտ հազը․․․ Սրանք հիվանդություններ են, որ մեր շուրջ են, ամեն տարի ունենում ենք կապույտ հազի դեպքեր, սա այնպես չի, որ այլեւս չի հանդիպում։ Ուղղակի ծնողը արդեն սկսում է մտածել՝ ինչ-որ մեկն ասաց, որ կարող է երեխան ջերմի, կարող է պատվաստումը ազդի զարգացման վրա, հիվանդություններ առաջացնի․․․ Իրականում սրանք առասպելներ են, որոնք եկել են հնուց, բայց բավականին լուրջ տեղ են գրավում ծնողների մտքերում։ Մեր աշխատանքն այն է, որ ծնողներին ճիշտ ճանապարհը ցույց տանք»։

Մանկաբույժը նշում է, որ պատվաստումից հրաժարվելու իրավունքի մասին խոսելիս պետք է անպայման հիշել նաեւ երեխայի առողջ լինելու իրավունքի մասին։

Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գիրքը թարգմանվել է աշխարհի 10 լեզուներով։ Այն պատվաստանյութերից վախի, դրա վրա հիմնված պատվաստումից հրաժարվելու և ճակատագրական այդ ընտրության մահացու հետևանքների մասին է։ Հայերեն տարբերակի նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը։

Գրքի հեղինակը՝ Փոլ Օֆիթը, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Նա ձայնային հաղորդագրությամբ դիմել է Հայաստանի բնակիչներին՝ ներկայացնելով ԱՄՆ-ի փորձը․

«ԱՄՆ-ում մենք պատվաստում ենք 11-ից 13 տարեկան աղջիկներին եւ տղաներին, ինչի հետեւանքով կանխարգելվում են տարեկան սեռական օրգանների, անալ եւ կոկորդի քաղցկեղի 29 000 դեպք եւ քաղցկեղից առաջացած 5000 մահ։ Պատվաստումներն իրականացնելու գործում ցավոք մենք էլ խնդիրներ ունենք․ պատվաստանյութ է ստանում աղջիկների միայն կեսը եւ տղաների ընդամենը 30 տոկոսը։ Դրա պատճառն անհիմն մտահոգությունն է պատվաստման անվտանգության առնչությամբ։ Հուսով եմ, որ Հայաստանում դուք կհասնեք ավելի լավ արդյունքների», - նշեց հեղինակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել