• Latest news

Պանկրեատիտ, դիաբետ, քաղցկեղ․ Ո՞ր ախտանիշները կարող են վկայել ենթաստամոքսային գեղձի հիվանդության մասին

12 հունվարի, 2020  11:23

Ծարավի մշտական զգացումը, հաճախակի միզարտադրությունը, մեջքի եւ որովայնի ցավերն ու տեսողության խանգարումը կարող են լինել ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների նախանշաններ, ինչպես պնդում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի գծով մասնագետ Խանա Ալգյուլը (Գերմանիա)։

Փորձագետի խոսքով՝ վերջին շրջանում ավելի հաճախ են ախտորոշվում ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները՝ ե՛ւ պանկրեատիտը, ե՛ւ դիաբետը, ե՛ւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։

«Ներկայում ե՛ւ սուր, ե՛ւ քրոնիկական պանկրեատիտն առաջանում է շատ ավելի հաճախ, քան տասը տարի առաջ։ Հիվանդների 10-15 տոկոսի շրջանում անգամ զարգանում է ծանր պանկրեատիտը, որի դեպքում կյանքի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների զարգացման հավանականությունը կազմում է 30-40 տոկոս»,-ասել է Ալգյուլը Focus.de պորտալին։

Ընդ որում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի թիվը եւս աճում է։

Ինչպիսի՞ նախանշաններ կարող են վկայել ենթաստամոքսային գեղձի հիվանդության մասին։

Ամենահաճախ հանդիպում է դիաբետը՝ չափից շատ ծարավի զգացում, հաճախակի միզարտադրություն, տեսողության խանգարում։

«Արյան սովորական անալիզները կարող են արագորեն պարզել՝ կա արդյոք դիաբետ, եւ պետք է սկսել այդ հիվանդության անհրաժեշտ բուժումը»,-հավելել է մասնագետը։

Ենթաստամոքսային գեղձի երկու մյուս հիվանդությունները՝ պանկրեատիտն ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ուղեկցվում են բավականին արտասովոր ցավով։

«Քանի որ գեղձը գտնվում է որովայնի խորքում, ստամոքսի եւ ողնաշարի հետեւում, հաճախ առաջանում են մեջքի ցավեր, որոնք հեշտությամբ կարելի է շփոթել միջողային դիսկի կամ այդօրինակ այլ խնդրի հետ։ Կարող է նաեւ ցավ առաջանալ, որը հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես ստամոքսի հետ կապված խնդիր»,-ասել է Խանա Ալգյուլը։

Մյուս ախտանիշը, որը կարող է առաջանալ պանկրեատիտի եւ ենթաստամոքսային գեղձի կարցինոմի դեպքում, այն է, որ ենթաստամոքսային գեղձը սկսում է սեղմել լեղածորանին, որն անցնում է դրա երկայնքով։ Լեղածորանների օկլյուզիան հանգեցնում է դեղնախտի՝ աչքի խնձորակների եւ մաշկի դեղնությամբ ուղեկցվող։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել