• Latest news

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ գրիպի եւ ՍՇՎ պատճառով, եւ ինչո՞վ են վտանգավոր դրանք. պատմում է մասնագետը

17 հունվարի, 2020  17:16

Գրիպը եւ սուր շնչառական վարակները (ՍՇՎ) վտանգավոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ իրենց բարդություններով, որոնք կարող են առաջանալ դրանց պատճառով, հատկապես այսպես կոչված ռիսկի խմբի մարդկանց՝ տարեցների, հղի կանանց եւ քրոնիկական հիվանդություններ ունեցողների մոտ։

Մանկաբույժ Մարի Դարակչյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ որոշ վիրուսներ կարող են առաջացնել թոքաբորբ, մենինգիտ եւ այլ հիվանդություններ։ Այլ իրավիճակներում, եթե մարդու իմունային համակարգը «զբաղված» է գրիպի կամ ՍՇՎ-ի դեմ պայքարով, «գլուխ են բարձրացնում» հարուցիչները, որոնք վաղուց կային օրգանիզմում, բայց որոնց իմունիտետը պահում էր ճնշված վիճակում։ Այս դեպքում արդեն այդ հարուցիչները հանգեցնում են բարդությունների առաջացման։

Ի՞նչ բարդություններ են ավելի հաճախ առաջանում գրիպի եւ/կամ սուր շնչառական վարակների դեպքում։

  • Առաջին տեղում, իհարկե, թոքային բարդությունն է (թոքաբորբ, բրոնխիտ), հենց թոքաբորբն է գրիպից մահվան ելքերի մեծամասնության պատճառը։
  • Վերին շնչուղիների եւ քիթ-կոկորդ-ականջի հետ կապված բարդությունները (օտիտ, սինուսիտ, ռինիտ, տրախեիտ) նույնպես բավական հաճախ են հանդիպում, հատկապես երեխաների մոտ։
  • Նյարդային համակարգի հետ կապված բարդությունները (մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, էնցեֆալիտ, նեւրալգիա, պոլիռադիկուլոնեւրիտներ) հանդիպում են ոչ շատ հաճախ, բայց շատ վտանգավոր են պացիենտի կյանքի համար։
  • Սիրտ-անոթային համակարգի հետ կապված բարդությունները (միոկարդիտ, պերիկարդիտ) գրանցվում են հազվադեպ, բայց պակաս վտանգավոր չեն, քան մյուս բոլոր բարդությունները։
  • Հաճախ գրիպը ուղեկցվում է առկա քրոնիկական հիվանդությունների սրմամբ, ինչը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել պացիենտի համար։

Պատշաճ բուժման բացակայության դեպքում այս բոլոր բարդությունները կարող են ծանր խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում նաեւ մահվան ելք ունենալ: Պատահական չէ, որ գրիպը դեռեւս մտնում է ամբողջ աշխարհում մահվան 10 հիմնական պատճառների ցանկի մեջ:

Այս բոլոր բարդությունների զարգացման հավանականությունը մեծ է վերեւում թվարկված խմբերի մեջ մտնող մարդկանց շրջանում, քանի որ նրանց օրգանիզմը տարիքի կամ այլ առանձնահատկությունների պատճառով ավելի խոցելի է թե՛ գրիպի, թե՛ այլ բարդությունների դեպքում: Ուստի եթե մտնում եք այդ խմբերից որեւէ մեկի մեջ, չարժի ինքնաբուժմամբ զբաղվել, եթե հիվանդացել եք գրիպով կամ ՍՇՎ-ով. հետագա խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս բժշկի դիմել:

Մարի Դարակչյանը գրիպով վարակումը եւ դրա պատճառով բարդությունները կանխարգելելու համար խորհուրդ է տալիս պատվաստվել: Հայաստանում այս սեզոնին կիրառում են գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը, որը պաշտպանում է H1N1-ից, H3N2-ից եւ B գրիպի վիրուսի երկու գծերից:

Մասնագետը հիշեցրեց, որ բնակության վայրի պոլիկլինիկայում պատվաստումն անվճար է, պատվաստանյութն առաջին հերթին նախատեսված է մինչեւ 6 տարեկան երեխաների, հղի կանանց, 60 տարեկանն անց մարդկանց եւ քրոնիկական հիվանդություններով պացիենտների համար: Սակայն այս խմբերում չընդգրկված մարդիկ ցանկության դեպքում նույնպես կարող են պատվաստվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել