• Latest news

Ի՞նչ մասնագետներ են պահանջվում Հայաստանում ծննդօգնության կազմակերպման համար

17 հունվարի, 2020  20:04

Ծննդաբերությունը կնոջ օրգանիզմի համար բնական պրոցես է, սակայն դրա ժամանակ 30-40% դեպքերում բարդություններ են առաջանում, որոնք կարող են սպառնալ եւ՛ մոր, եւ՛ երեխայի կյանքին: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, եւ՛ մորը, եւ՛ երեխային հնարավորինս պաշտպանելու համար զարգացած եւ զարգացող երկրներում ծննդօգնությունը կազմակերպվում է հիվանդանոցներում, որտեղ ծննդկանի կողքին կլինեն մասնագետներ, որոնք բարդությունների դեպքում կարող են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Իսկ այն, թե ինչ մասնագետներ կարող են դրա համար պահանջվել, կախված է կնոջ առողջական վիճակից: Եթե կինն առողջ է եւ բարդությունների ռիսկը քիչ է, ապա, մասնագետի խոսքով, կարելի է ծննդաբերել առաջին կատեգորիայի ծննդատանը, որտեղ նվազագույն անձնակազմ կա՝ վիրահատություն կատարող մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգն ու նեոնատոլոգը:

Օրինակ, եթե կնոջ մոտ արնահոսություն սկսվի, ապա շտապ վիրահատություն կպահանջվի, առանց որի նա կարող է մահանալ արյան կորստից: Շտապ կեսարյան հատում կարող է պահանվել մի շարք բարդությունների դեպքում՝ ինչպես մոր, այնպես էլ պտղի կողմից: Այդ  պատճառով, մասնագետի խոսքով, ծննդկանի կողքին պարտաիր պետք է լինեն վիրահատություն կատարող մանկաբարձ-գինեկոլոգը, ինչպես նաեւ անեսթեզիոլոգը, առանց որի վիրահատության անցկացումն անհնար է:

Անեսթեզիոլոգի ներկայությունը կարող է պահանջվել նաեւ էպիդուրալ կամ սպինալ անեսթեզիայի ժամանակ պացիենտի ցանկությամբ: Ի վերջո, կինն իրավունք ունի հարմարավետ ծննդաբերել:

Ինչ վերաբերում է նեոնատոլոգին, ապա նա նորածինների առողջության հարցերով զբաղվող մասնագետ է: Եթե երեխան, օրինակ, ծնվել է շնչահեղձության խնդրով, առաջին երկու մասնագետները հազիվ թե կարողանան գրագետ օգնություն ցուցաբերել նրան. երեխային անհրաժեշտ է նեոնատոլոգի միջամտությունը:

Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, անգամ առաջին կատեգորիայի ծննդատանն անհրաժեշտ է նեոնատոլոգ, եթե անգամ ոչ լրիվ դրույքով, ապա գոնե նախնական գրանցումներով հիվանդանոց ժամանող:

Իսկ եթե ծննդկանն ունի որեւէ ուղղեկցող այլ հիվանդություն (օրինակ, դիաբետ, սրտի կամ ցանկացած այլ հիվանդություններ), ապա նրան խորհուրդ է տրվում ծննդաբերել երրորդ կատեգորիայի ծննդատանը, որտեղ նրան օգնություն կցուցաբերեն նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները (էնդոկրինոլոգ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան եւ այլն), եւ որտեղ կա վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այդ քանակությամբ մասնագետներ կարելի է գտնել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում. հենց դրանցում են սովորաբար գտնվում երրորդ կատեգորիայի ծննդատները:

Բացի այդ, որոշ հիվանդություններ, օրինակ, ՄԻԱՎ-վարակ ունեցող կանայք Հայաստանում կարող են ծննդաբերել միայն մեկ բժշկական կենտրոնում՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում, որն ունի 3Բ աստիճան եւ մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցող հիվանդների հետ աշխատելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել