• Latest news

Կարո՞ղ է արդյոք չինական կորոնավիրուսը վտանգ ներկայացնել Հայաստանի համար

21 հունվարի, 2020  19:11

2019-nCoV նոր կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել արդեն ոչ միայն Չինաստանում, այլ նաեւ Ճապոնիայում եւ Թաիլանդում: Կարո՞ղ է արդյոք վիրուսը վտանգ ներկայացնել Հայաստանի համար: Հատկապես հիմա այս հարցն ակտուալ է, քանի որ շատ հայեր են մեկնում Չինաստան:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ վիրուսի մասին դեռեւս բավարար տեղեկություն չկա: Վաղը՝ հունվարի 22-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է արտակարգ նիստ անցկացնել՝ 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով առաջարկներ մշակելու համար: Այդ առաջարկները կօգնեն բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ վարակից բնակչությանը պաշտպանելու հարցով ճիշտ եւ գրագետ միջոցներ ձեռնարկելու համար:

Դեռեւս հայտնի է, որ վիրուսը կարող է մարդուց մարդուն փոխանցվել սերտ շփման ժամանակ: Սակայն մասնագետները դեռ չգիտեն՝ արդյոք այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով թե կոնտակտային-կենցաղային ճանապարհով:

Չի կարելի բացառել, որ ինչ-որ մեկը կարող է վարակվել այդ վիրուսով Չինաստանում (ամենից շատ դեպքեր են գրանցվել Ուհան քաղաքում), ապա վերադառնալ իր երկիր, եւ եթե իսկապես վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում, վարակել այլ մարդկանց:

Ինչպես նշեց մասնագետը, ԱՀԿ-ն դեռ առաջարկներ չի ներկայացրել սահմաններում վերահսկողությունն ուժեղացնելու կապակցությամբ, ավելին, դեռ փաստ չէ, որ, օրինակ, օդանավակայաններում մարդկանց մարմնի ջերմության չափումը կարող է արդյունավետ լինել, քանի որ վարակված մարդը կարող է հատել սահմանը, երբ հիվանդությունը գտնվում է ինկուբացիոն շրջանում, եւ դեռ որեւէ ախտանիշ չկա:

Երկրում այդ կորոնավիրուսի կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածումից խուսափելու համար Լիանա Թորոսյանը բոլոր նրանց, որոնք Հայաստան են ժամանել այլ երկրից, խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի «գրիպոզ» վիճակի առաջին նախանշանների դեպքում:

«Բժիշկին պետք է անպայման ասել, թե որ երկիր եք այցելել, որպեսզի նա կարողանա կողմնորոշվել՝ կապված ձեր բուժման կազմակերպման հետ, եւ անհրաժեշտության դեպքում պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար, եթե խոսքը վարակիչ հիվանդության մասին է», - ասաց մասնագետը:

Գրեթե նույն մեխանիզմը կիրառվեց Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու համար, եւ բավականին հաջող. երբ բժիշկների ուշադրության կենտրոնում էր հայտնվում կարմրուկով հիվանդը (հիմնականում երկրում գրանցվել են այսպես կոչված «ներմուծված դեպքեր»), նրան մեկուսացնում էին, բուժում, իսկ "կոնտակտավոր" անձանց՝ այն մարդկանց, ում հետ հիվանդը շփվում էր, վերահսկում էին, որպեսզի կանխեին հիվանդության տարածումը:

Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, Հայաստանում այժմ անցկացվում են անհրաժեշտ բոլոր համաճարակաբանական հետազոտություններն ու միջոցառումները, մշակված են նաեւ արագ արձագանքման մեխանիզմներ: Եթե ԱՀԿ-ն մոտ օրերս նոր առաջարկներ անի, ապա, իհարկե, դրանք եւս հաշվի կառնվեն:

Հիշեցնենք, որ չինական վտանգավոր 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 4-ի: Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը սկզբնապես նման է ՍՇՎ-ի եւ գրիպի, իսկ բարդությունների դեպքում կարող է թոքաբորբ սկսվել: Բարդությունների ռիսկը մեծ է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Հիվանդությունը հայտնաբերվել է Չինաստանի մի քանի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Թաիլանդում եւ Ճապոնիայում: Որոշ մասնագետներ պնդում են, որ հիվանդությունը կարող է սպառնալիք ներկայացնել ամբողջ աշխարհին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է