• Latest news

Իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում բուժծառայություններ է ստացել 403 պացիենտ

1 փետրվարի, 2020  13:05

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը, և այս ընթացքում ծրագրի շրջանակներում բուժծառայություններ է ստացել 403 հիվանդ: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը:

Ծրագրի շրջանակներում սուր իշեմիկ ինսուլտով հիվանդները պետական պատվերի շրջանակներում թրոմբեկտոմիա կամ թրոմբոլիզ են անցնում են, եթե նրանց հասցրել են հիվանդանոց կաթվածի սկսվելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում և եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդին փրկելու հնարավորությունները բավականին մեծ են, այսինքն, ուղեղում դեռ բավարար քանակությամբ չվնասված հյուսվածքներ կան:

Ծրագիրը այս պահի դրությամբ իրականացվում է երկու բժշկական կենտրոնում` «Էրեբունի» և «Հերացի», սակայն մոտ ժամանակներս նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը Երևանում, ինչպես նաև Գյումրիի և Վանաձորի բուժկենտրոնները: Բոլոր երեք հաստատություններում նախատեսվում է անցկացնել թրոմբոլիզ, սակայն` ոչ թրոմբեկտոմիա:

Ըստ Արմինե Աղաջանյանի` 2019 թվականին ծրագրի համար հատկացվել է 300 միլիոն դրամ, սակայն ծախսվել է փոքր-ինչ ավել` 675 միլիոն դրամ: 2020-ին ծրագրի համար նախապես հատկացվել է 650 միլիոն դրամ, բայց անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կավելացվի:

Ինչպես իր հերթին նշեց նյարդաբան, Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի կաթվածի  բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը, եթե նախկինում մոտ 800-900 կաթվածով հիվանդ էր դիմում «Էրեբունի» ԲԿ, որտեղ նա գլխավորում է նյարդաբանաբանության բաժանմունքը, ապա 2019 թվականին նրանց թիվը հասել է 2347-ի, որից 1712-ը իշեմիկ կաթված է ունեցել:

Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում իրականացվող ընթացակարգերի արդյունավետությանը, ապա, ըստ մասնագետի, այն ոչնչով չի տարբերվում այլ երկրների տվյալներից, ինչի շնորհիվ արտասահմանյան գործընկերները բարձր են գնահատել հայ մասնագետների ջանքերը: 2018 թվականին կաթվածից մահացության դեպքերի թիվը կազմել է մոտ 25%, 2019-ին իշեմիկ կաթվածից մահացությունն ընդհանուր առմամբ կազմել է 17-18%, իսկ ծրագրի շրջանակներում բուժում ստացած հիվանդներինը` 12%:

Նունե Եղիազարյանի խոսքով`՝ ծրագրի շրջանակներում աշխատանքները շատ ակտիվ են: Օրինակ ՝ երեկ` հունվարի 31-ին, «Էրեբունի» ԲԿ-ում 4 թրոմբեկտոմիա և թրոմբոլիզի 5 պրոցեդուրա է իրականացվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է