• Latest news

Ամենաուշագրավը շաբաթվա ընթացքում. ի՞նչ եք բաց թողել 2020 թվականի փետրվարի 2-8-ը

9 փետրվարի, 2020  11:42

Ի՞նչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում 2020 թվականի փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Ո՞ր լուրերը դուք, գուցե, բաց եք թողել:

Կորոնավիրուսը Չինաստանում

Նոր կորոնավիրուսը, որը ստացել է 2019-nCoV անունը, տարածվել է ամբողջ աշխարհում՝ առաջացնելով թոքաբորբ: Վերջին տվյալներով՝ վիրուսն արդեն խլել է ավելի քան 814 մարդու կյանք, իսկ հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 37 560-ը: Բուժվել եւ հիվանդանոցից դուրս են գրվել 2769 հիվանդներ:

34-ամյա բժիշկ Լի Վենլյանը դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի վերջին փորձում էր նախազգուշացնել գործընկերներին նոր վտանգավոր վիրուսի մասին: Սակայն նրան այցելել էին ոստիկաններն ու պահանջել դադարել «ասեկոսեներ տարածել»: Ինքը՝ բժիշկը, վարակվել էր կորոնավիրուսով հիվանդներից մեկի հետ աշխատելու ժամանակ եւ մահացել փետրվարի 7-ին: Նրա մահն առաջացրել է հասարակական հնչեղ արձագանք:

Մեկ ուրիշ բժիշկ՝ 28-ամյա Սուն Ինցզեն չինական Հունան նահանգից, մահացել է սրտի կանգից գերհոգնածության հետեւանքով. մինչ այդ նա 10 օր շարունակ ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունն ավտոճանապարհին 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Կորոնավիրուսի մեկ այլ զոհ 16-ամյա Յան Չենն ինքը վարակված չէր, սակայն մահացել է սովից, երբ նրա հայրը մեկուսացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Տղան ուներ ՄՈՒԿ եւ չուներ ինքնախնամքի հմտություններ ու չէր կարող ինքնուրույն սնվել: Հայրը միակ մարդն էր, որը խնամում էր նրան: Մնալով տանը մենակ՝ տղան սովամահ է եղել:

Ընտանի կենդանիները նույնպես տառապում են կորոնավիրուսի հետեւանքով. հազարավոր կատուներ եւ շներ մնացել են տանը մենակ, քանի որ նրանց տերերը մեկնել են եւ չեն կարողացել վերադառնալ հայրենի քաղաք կարանտին հայտարարելուց հետո:

Չինաստանի Հարբին քաղաքի (Հեյլունցզյան նահանգ) հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբելել է առողջ աղջիկ: Սակայն մեկ ուրիշ վարակված կնոջ երեխան ծնվել է՝ լինելով նույնպես կորոնավիրուսով վարակված:

Չինացի բժիշկները հրապարակել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակված 33-ամյա հիվանդ կնոջ համակարգչային տոմոգրաֆիայի նկարները:

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանը ստացել է նոր կորոնավիրուսն ախտորոշելու համար լաբորատոր թեստեր: Դեռեւս բոլոր անցկացված թեստերը բացասական են եղել:

Իսկ հարբուխով եւ ՍՇՎՎ-ով հիվանդացությունը երկրում աճում է: Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ավելի քան 10 աշակերտ հիվանդացել է Ա H1N1 հարբուխով, իսկ աշակերտների մեկ երրորդը չի հաճախում դասերի: Վանաձորի դպրոցներում նույնպես կան բազմաթիվ բացակայողներ:

Աճում է նաեւ ջրծաղիկով հիվանդացությունը, սակայն երկրում չկան պատվաստանյութեր այդ հիվանդության դեմ:

49 մարդ հոսպիտալացվել է աղիքային ինֆեկցիաներով Սյունիքի եւ Լոռու մարզերում: Թունավորման պատճառը «Զեյթուն» ընկերության էկլերներն էին, որոնք վաճառվում են քաշով:

2019 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է շմոլ գազից թունավորման 272 դեպք, տուժել է 602 մարդ:

Ընթացիկ տարվա մարտից Հայաստանում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով հիվանդ կանայք կստանան տրաստուզումաբ պետպատվերի շրջանակում:

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանում. բժիշկները փրկել են կյանքի հետ անհամատեղելի դեղորայքի չափից մեծ դոզա ընդունած 33-ամյա կնոջը:

Ուշագրավ դեպքեր

Ամերիկյան Սենթ Փոլ քաղաքում (Մինեսոտա նահանգ), երեխան ծնվել է մորուքով եւ ամբողջ մարմնի վրա մազածածկույթով:

7-ամյա Ռաջեշվարին հնդկական Դանտեւադա շրջանից (Չխաթիսգարխ նահանգ), հիվանդ է անբուժելի էպիդերմոլիթական իխթիոզով, որի հետեւանքով նրա մաշկը դառնում է քարի նման:

Հորմոնային խանգարման պատճառով կնոջ բերանում սկսել են մազեր աճել:

22-ամյա Սել Գեսթն անգլիական Դադլի քաղաքից (Ուեսթ Միդլենդս կոմսություն), անգամ չէր կասկածում իր հղիության մասին. ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը նա ընդունել է հակաբեղմնավորիչ հաբեր, ունեցել է դաշտան, իսկ փորը գրեթե չի մեծացել:

38-ամյա Ռոբերտ Ալենը Շոտլանդիայից տեղափոխվել է հիվանդանոց ինքնասպանության անհաջող փորձից հետո: Այնտեղ պարզվել է, որ նա ունի լյարդի քաղցկեղ, որը գտնվում է սկզբնական փուլում: Հիվանդության վաղ ախտորոշումը փրկել է նրա կյանքը:

Հետազոտություններ

Քաղցկեղի 13 տոկոսի շրջանում գիտնականները հայտնաբերել են վիրուսներ կամ բակտերիաներ, եւ ոչ միայն բոլորին հայտնի քաղցկեղածին Helicobacter pylori, մարդու պապիլոմայի վիրուսը, հեպատիտ В եւ С վիրուսները եւ Էփշթեյն Բարի վիրուսը, սակայն նաեւ ադենովիրուսներ եւ բակուլովիրուսներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել