• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը (ֆոտո)

20 փետրվարի, 2020  21:01

«Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվեց 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական:

Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց տվեցին հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր, իսկ պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում, ամեն րոպեն երեխայի համար կարող էր ճակատագրական լինել: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց անհետաձգելի կարգով կատարել կեսարյան հատում: Այն իրականացրեց Էդիտա Ղարիբյանը։

Ծնվեց 2950 գրամ քաշով տղա երեխա: Երեխայի վիճակը ծնվելիս գնահատվեց ծայրահեղ ծանր եւ նա տեղափոխվեց նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ կատարվեցին մի շարք հետազոտություններ եւ ախտորոշվեց նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում: Այս դեպքում հեղուկը կուտակված էր թոքերում, որովայնի խոռոչում, ինչպես նաև ամբողջ մարմնի վրա կային տարածուն այտուցներ, երեխան ուներ խիստ արտահայտված սակավարյունություն:

Ծանր շնչառական անբավարարության պատճառով նորածնին միացվեց թոքերի արհեստական շնչառության սարք: Կյանքի 3-րդ ժամում կատարվեց արյան փոխներարկում՝ 5 ժամ տեւողությամբ: Փոխվեց երեխայի արյան երկու ծավալ:

Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջում էր այս միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվեց:

Հեմոլիտիկ հիվանդության այս ձեւի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է. աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն: Սակայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ինչպես արագ կողմնորոշվել եւ կատարել կեսարյան հատումը, այնպես էլ լուրջ աշխատանք կատարել երեխայի կյանքը փրկելու ուղղությամբ: Այժմ փոքրիկը ապաքինմամբ դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է