• Latest news

Հետազոտության 5 եղանակներ, որոնց մասին բժիշկներից չեք իմանա

16 հուլիսի, 2014  13:00

Վերջերս հաճախ են կարծիքներ շրջանառվում այն մասին, որ ավանդական բժշկական հետազոտությունների ցանկը թարմացման կարիք ունի: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետազոտության որոշ տեսակներ, որոնք բժշկության ասպարեզում ընդունված չեն, իրականում նշանակալիորեն բարձր արդյունավետություն են ապահովում՝ «ավանդականների» համեմատ, հաղորդում է NewsMax Health-ը:

Այդուհանդերձ, ոչ ապահովագրական ընկերությունները, եւ ոչ էլ առավելապես ավանդույթին հակված բժիշկները դրանց առավելությանը տուրք տալու ցանկություն չեն ցուցաբերում, համարելով, թե փորձված թանն անփորձ մածունից միշտ էլ լավն է լինում:

Ստորեւ հիշատակված հետազոտություններից մի քանիսն ենք ներկայացնում.

1. Խոլեստերինի VAP հետազոտություն

Արյան մեջ տարբեր՝ ցածր եւ բարձր խտության լիպոպրոտեինների բաղադրությունը որոշող այս հետազոտության արդյունավետությունը, ընդամենը խոլեստերինի մակարդակը որոշող հետազոտության համեմատ, կրկնակի բարձր է: Այն ի վիճակի է սրտանոթային հիվանդությունների առաջացման բազմաթիվ ռիսկեր բացահայտել:

2. Միելոպերօքսիդազի կամ MPO հետազոտություն

Միելոպերօքսիդազի՝ արյան սպիտակ գնդիկներից առաջացած բորբոքային էնզիմի բարձր մակարդակը սրտային հիվանդություններից մահացության կրկնակի բարձր ռիսկ է պարունակում: Այն կարող է բարձր խտության լիպոպրոտեինների աշխատանքը արգելակել՝ թույլ չտալով, որ զարկերակների մեջ առկա ճարպերը լիարժեք մշակման նպատակով լյարդ տեղափոխվեն: Ընդ որում, որքան բարձր է MPO-ի մակարդակը, այնքան ավելի թույլ է հիշյալ գործառույթն իրականացվում:

3. Սննդամթերքների նկատմամբ զգայունության թեստ

Երբ մարդը որեւէ սննդամթերքի նկատմամբ բարձր զգայունություն ունի, կարելի է ասել, որ այն ընդունելով՝ օրգանիզմում օտար մարմնի առկայությամբ պայմանավորված բորբոքում է հրահրում: Ի տարբերություն ալերգիայի, բարձր զգայունության պարագայում կոնկրետ սննդամթերքի կամ խմիչքի ազդեցությամբ օրգանիզմը միայն ժամեր անց կարող է «վրդովմունքի» ախտանշաններ ցուցաբերել: Ընդ որում, դրանք կարող են հոգնածության, անհարմարավետության կամ սրտխառնոցի տեսքով արտահայտվել:

Այնինչ պարզագույն թեստի շնորհիվ կարելի է շուրջ 100 տեսակի սննդամթերքների նկատմամբ զգայունության մակարդակը որոշել, ըստ որի դրանք երեք տիպի դասակարգման են ենթարկվում՝ կարմիր, դեղին եւ կանաչ: Կարմիրներն անմիջապես պետք է հանել սննդակարգից, դեղինները՝ եւս, սակայն՝ աստիճանաբար վերադարձնելու պայմանով, իսկ կանաչ սննդամթերքները՝ պահպանել: Միացյալ Նահանգներում հետազոտությունը 200 դոլար արժի:

4. Արյան կարմիր գնդիկներում մագնեզիումի բաղադրության հետազոտություն

Մագնեզիումը օրգանիզմի համար չափազանց մեծ կարեւորություն ունեցող միներալ է համարվում, քանի որ ավելի քան 350 կենսաքիմիական ռեակցիաների համար է պատասխանատու: Ընդ որում, յուրաքանչյուր ներքին օրգան դրա առկայության կարիքն ունի: 

Հետազոտությամբ պարզվել է, որ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ մագնեզիումի ցածր մակարդակ է նկատվում: Քանի օր օրգանիզմում առկա միներալի 40 տոկոսը արյան կարմիր գնդիկների մեջ է պարունակվում, սովորական հետազոտությունն ի վիճակի չէ դրա իրական ծավալները հայտնաբերել:

5. APOE-e4-ի հետազոտություն

Թեեւ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ամենամեծ ռիսկային գործոնը տարիքն է համարվում, մարդու գենետիկ բաղադրիչը եւս մեծ նշանակություն ունի: Մասնավորապես, APOE-e4 գենը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ՝ հիվանդության զարգացման գործում:

Եթե Ալցհեյմերի հիվանդության ընտանեկան պատմություն ունեք, ապա հարկ է այս հետազոտությունը 20-30 տարեկանում հանձնել, իսկ եթե ոչ՝ 50-60-նն էլ բավական է: Գենի հայտնաբերման դեպքում հիվանդը կարող է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ հիվանդության զարգացումը կանխելու կամ դանդաղեցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել