Այսօր նոր կորոնավիրուսի մասին կան բազմաթիվ միֆեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները ցրել են դրանցից մի քանիսը.
Միֆ. Կորոնավիրուսը վտանգավոր է միայն սառը երկրներում:
Փաստ. Կորոնավիրուսը կարող է տարածվել ցանկացած երկրում, այդ թվում՝ շոգ եւ խոնավ կլիմայով: Ավստրալիան դրա վառ օրինակն է: Այսօր որեւէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսից:
Միֆ. Ցուրտն ու ձյունը կարող են սպանել կորոնավիրուսը:
Փաստ. Չկա որեւէ հիմք այդպես մտածելու համար: Իրականում ո՛չ ցուրտը, ո՛չ ձյունը չեն կարող սպանել նոր կորոնավիրուսը, իսկ դրանից պաշտպանվելու համար պետք է հետեւել բժիշկների խորհրդին, ոչ թե հիմնվել եղանակային պայմանների վրա:
Միֆ. Տաք լոգանքը կարող է պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց:
Փաստ. Տաք լոգանքը բնավ չի պաշտպանի ձեզ: Մարդու մարմնի ջերմաստիճանը շուրջ 36,5-37 աստիճան է ըստ Ցելսիուսի՝ անկախ նրանից, թե որքան տաք լոգանք եք դուք ընդունում:
Միֆ. Ձեռքերի համար էլեկտրական չորանոցներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում:
Փաստ. Իրականում ձեռքերի համար էլեկտրական չորանոցները չեն կարող սպանել կորոնավիրուսը: Պաշտպանվելու համար ձեռքերը հաճախ լվացեք հոսող ջրով եւ օճառով կամ օգտվեք հականեխիչ գելերից եւ սփրեյերից, անհրաժեշտության դեպքում սրփեք ձեռքերը թղթե կամ ձեր անձնական սրբիչներով, որոնք միայն դուք եք օգտագործում:
Միֆ. Ուլտրամանուշակագույն լամպերն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում:
Փաստ. Չի կարելի օգտագործել ուլտրամանուշակագույն լամպեր կորոնավիրուսի դեմ պայքարում եւ առավելեւս չի կարելի դրանցով մշակել ձեռքերը:
Միֆ. Ամբողջ մարմինը սպիրտով ցողելը կօգնի պաշտպանվել կորոնավիրուսից:
Փաստ. Եթե վիրուսն արդեն ներթափանցել է ձեր օրգանիզմում, ոչ մի սփրեյ դա չի փոխի: Բացի այդ, այդպիսի գործողությունները կարող են վնասել ձեր մաշկը եւ լորձաթաղանթը: Մաքրեք ձեռքերը հատուկ հականեխիչ գելերով. դա բավական է:
Միֆ. Աղաջրով քիթը պարբերաբար մաքրելը կկանխի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:
Փաստ. Իրականում ապացուցված չէ այդ մեթոդի արդյունավետությունը:
Միֆ. Սխտորը կարող է պաշտպանել կորոնավիրուսից, ուստի անհրաժեշտ է հաճախ օգտագործել:
Փաստ. Սխտորը, իհարկե, օգտակար է, եթե չչարաշահեք այն, սակայն չկան հիմքեր կարծելու, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից:
Միֆ. Կորոնավիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար:
Փաստ. Կորոնավիրուսով կարելի է վարակվել ցանկացած տարիքում: Բարդությունների ռիսկը բարձր է տարեցների եւ այն մարդկանց շրջանում, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, ինչպես դիաբետն է, ասթման, սրտի հիվանդություններ, անկախ տարիքից:
Միֆ. Հակաբիոտիկներն արդյունավետ են կորոնավիրուսի դեմ:
Փաստ. Հակաբիոտիկները սպանում են միայն բակտերիաները, իսկ կորոնավիրուսը հարուցիչ է, եւ հակաբիոտիկներն անզոր են դրա դեմ: Հիվանդներին կարող են նշանակել հակաբիոտիկներ, միայն եթե նրանց մոտ կա նաեւ ուղեկցող բակտերիալ վարակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր