• Latest news

Իտալացի պլաստիկ վիրաբույժն իր մասնագիտությունը գիտության եւ արվեստի համադրություն է որակում

19 հուլիսի, 2014  15:07

Էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի ղեկավար Ռուբեն Օդենինոն իր մասնագիտությունը գիտության եւ մշակույթի համադրություն է որակում: Նրա խոսքով, եթե գիտությունը ուսում է պահանջում, ապա մշակույթի միակ պահանջն էլ կոչումն է: Իսկ հայերը, իտալացիների նման, մշակույթի բարձր ընկալունակություն ունեն, գտնում է իտալացի մասնագետը, ով ներկայումս, հայ վիրաբույժներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով, մեր երկրում է գտնվում:

Հուլիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա դժգոհել է, որ հայերեն սովորելու առիթ չի ունեցել եւ, միաժամանակ, հայ պլաստիկ վիրաբույժների վարպետության բարձր մակարդակն ընդգծել՝ նկատելով, թե նրանց սովորեցնելու ոչինչ չունի եւ միայն փորձով կարող է կիսվել:

Օդենինոն նաեւ նշել է, որ շատ է սիրում իր մասնագիտությունը՝ մեկնաբանելով, որ էսթետիկ վիրաբույժները ոչ թե փոխում, այլ ընդամենը՝ ուղղում են «հիվանդի» դեմքն ու մարմինը: Ընդ որում՝ անձամբ ինքը երբեք պլաստիկ վիրաբույժի դանակի տակ չի հայտնվել, քանի որ «այնպիսի հրաշալի տեսք ունի, որ դրա կարիքը բոլորովին չի զգում»:

Բժշկի խոսքով, իտալուհիների շրջանում ամենալայն հեղինակությունը մամոպլաստիկան, բլեֆարոպլաստիկան եւ լիպոսակցիան են վայելում: Իսկ ահա տղամարդիկ մեծ ի մասամբ քիթն են վիրահատում, այն էլ՝ շնչառության հետ կապված բարդությունների առկայության վերապահումով: Չնայած երբեմն նաեւ մազերի աճեցման համար կարող են դիմել:

Հարցին ի պատասխան, թե լինում են արդյոք դեպքեր, երբ պլաստիկ վիրաբույժը մերժում է «հիվանդին», բժիշկ Օդենինոն նշել է, որ որոշ դեպքերում, երբ միանշանակ պարզ է՝ ինչի է ձգտում այցելուն, կամ երբ այնպիսի ցանկություն է արտահայտվում, որի տակ չէր ցանկանա «իր ստորագրությունը դնել», մերժումը, բնականաբար, անխուսափելի է: «Անգամ տասը այցելուներից հինգին կարող եմ «ոչ» ասել», - նկատել է բժիշկը՝ հավելելով, որ ամեն ինչ հանգամանքներից է կախված: «Առաջինն այն է, թե արդյոք կարող եմ տվյալ վիրահատությունը անել: Երկրորդը՝ թե ինչ է այցելուն ցանկանում ստանալ ինձնից: Հարկավոր է շատ լավ հասկանալ, թե ինչ կա նրա մտքին: Օրինակ՝ եթե պետք է կուրծք վիրահատեմ, փորձում եմ հասկանալ, թե ինչ կարծիք ունի տվյալ կինն իր կրծքի մասին: Այստեղ ոչ թե իմ, այլ՝ հենց իր կարծիքն է կարեւոր: Եվ եթե զգում եմ, որ մինչեւ վերջ չի հասկանում, թե ուզածն ինչ է, ասում եմ՝ «ոչ հիմա», քանի որ գիտեմ, որ արդյունքները գոհացուցիչ չեն լինելու», - նշել է վիրաբույժը:

Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք Իտալիայում, Հայաստանի համեմատությամբ, բնականաբար, ավելի բարձր են: Օրինակ՝ ռինոպլաստիկան 8500 եվրո արժի, մինչ Հայաստանում 400 հազարից 800 հազար դրամ է: Օդենինոյի գնահատմամբ, տարբերությունը նորմալ է, քանի որ Իտալիայում կյանքի մակարդակը թե առավել բարձր է, եւ թե՝ ավելի թանկ: Գներից բողոքող այցելուներին էլ միշտ ասում է, որ եթե Արմանիի կամ Վալենտինոյի՝ ի վերջո մաշվող հագուստների դիմաց պատրաստ են մեծ գումարներ վճարել, ապա ինքն էլ ցմահ հագուստ է առաջարկում:

Ռուբեն Օդենինոն արդեն երրորդ անգամ է Հայաստան այցելում: Այս անգամ նա մինչեւ հուլիսի 25-ը Երեւանում կլինի. այդ ընթացքում նա մտադիր է մի քանի վիրահատություններ իրականացնել «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել