• Latest news

Ինչպես է կորոնավիրուսն ազդում ընկերքի վրա

1 հունիսի, 2020  21:30

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը կարող է վնասել ընկերքը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Clinical Pathology-ում։

Թեեւ հայտնաբերված վնասվածքները չեն անդրադարձել այն երեխաների առողջության վրա, որոնք ծնվել են հետազոտության մասնակիցներից, հեղինակները նախազգուշացնում են, որ նման վնասվածքները հղիության ընթացքը կարող են խախտել։

Ընկերքը ժամանակավոր օրգան է, որը զարգացող պտղին միացնում է հղի կնոջ արգանդին։ Այդ օրգանի շնորհիվ պտուղը ստանում է սննդարար նյութեր եւ թթվածին, բացի այդ, այն մասնակցում է պտղի նյութափոխանակության արդյունքները հանելուն, նրա ջերմաստիճանի կարգավորմանը, պաթոգեններից պաշտպանելուն։ Շատ վիրուսներ եւ մանրէներ չեն կարող անցնել ընկերքի միջով, եւ հայտնի դեպքերի մեծ մասում կորոնավիրուսը մորից երեխային չի փոխանցվել։

Գիտնականներն COVID-19-ի ախտորոշում ունեցող 16 կանանց ընկերքները ուսումնասիրել են ծննդաբերությունից անմիջապես հետո։ Ինչպես պարզվել է, վարակը կարող է դեր ունենալ մոր եւ պտղի միջեւ արյան հոսքը խախտելու մեջ։ Հետազոտության հեղինակները չեն բացառում, որ դա կարող է դառնալ բարդությունների պատճառ, որոնց մասին պետք է իմանան հղիությանը հետեւող մանկաբարձներն ու գինեկոլոգները։

«Ես չեմ ուզում հապշտապ եզրակացություններ անել ոչ մեծ հետազոտությունից, սակայն այս նախնական տվյալները խոսում են այն բանի օգտին, որ COVID-19-ը կարող է հանգեցնել ընկերքում փոփոխությունների, որոնք կարեւոր նշանակություն ունեն հղիության ժամանակ առողջության համար»,- Հյուսիսարեւմտյան համալսարանի դոցենտ, հետազոտության համահեղինակ Էմիլի Միլլերի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Գիտնականները նաեւ COVID-19-ով պացիենտների ընկերքում անոմալ արյունատար անոթներ (մալպերֆուզիա) եւ միջմանրաթելային տրոմբներ են հայտնաբերել։ Մալպերֆուզիան սովարաբար հանդիպում է արյան բարձր ճնշմամբ եւ պրեէկլամպսիայով կանանց մոտ։ Սակայն այս հետազոտության մեջ միայն մեկ կին է հղիության ընթացքում ունեցել այդ բարդությունը։

«Երեխաները եղել են առողջ, սովորական աճով եւ լիովին նորմալ։ Սակայն մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ անոթներ արգելափակվել են, եւ շատ ընկերքներ ավելի փոքր են եղել, քան պետք է լինեին։ Ընկերքը ամրության մեծ պահուստով օրգան է։ Նույնիսկ երբ այդ օրգանի միայն կեսն է աշխատում, երեխան կարող է լիարժեք նորմալ լինել։ Սակայն այն դեպքում, երբ երեխաների մեծ մասի համար դա վտանգ չի ներկայացնում, առանձին դեպքերում կարող են բարդություններ ծագել»,- Forbes-ին տված հարցազրույցում պատմել է Միլլերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել