• Latest news

Տնից գրեթե դուրս չեկած կինը պատմել է՝ ինչպես է վարակվել կորոնավիրուսով եւ ինչպես է իմացել ախտորոշման մասին

19 հունիսի, 2020  19:00

Վերջին շաբաթների ընթացքում 57-ամյա Նարինեն (անունը փոխվել է պացիենտի խնդրանքով) գրեթե դուրս չի եկել տնից, միայն խանութ է գնացել, այն էլ՝ դիմակով: Այդ պատճառով նա զարմացել է, երբ հանկարծ բարձրացել է ջերմությունն ու հազ է սկսվել: 2 օր անց նրա մոտ հաստատել են կորոնավիրուսը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Նարինեն պատմեց, որ իր ինքնազգացողությունը միանգամից վատացել է. առավոտյան նա իրեն լավ է զգացել, սակայն երեկոյան ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,5 աստիճան: Նա կրծքավանդակի շրջանում ցավ է զգացել: Հաջորդ առավոտյան դիմել է բժշկի:

Քանի որ Նարինեն բժշկական ապահովագրություն է ունեցել, առաջին հերթին դիմել է ապահովագրական ընկերություն, որտեղից նրան ուղարկել են Երեւանի մասնավոր բուժկենտրոններից մեկը, որտեղ նրան ասել են, որ հնարավոր է՝ կորոնավիրուս լինի: Ասել են, որ հաստատելու կամ հերքելու համար լավ կլինի ԿՏ անել: Եվ քանի որ ապահովագրական ընկերությունը հետազոտության ծախսերը չի հոգացել, պացիենտը պետք է 30 000 դրամ վճարեր: Սակայն նույնիսկ վճարովի հետազոտությունը հնարավոր էր անցկացնել միայն մի քանի օր անց, քանի որ հերթը շատ մեծ էր: Իսկ մինչ այդ բուժկենտրոնի թերապեւտը հակաբիոտիկներ է նշանակել եւ պացիենտին տուն ուղարկել:

Նարինեն չի իմացել՝ ինչ անել: Կնոջ հարազատները նրան խորհուրդ են տվել դիմել պոլիկլինիկա: Չափելով ջերմությունն ու սատուրացիան՝ թերապեւտը Նարինեին խորհուրդ է տվել թոքերի ուլտրաձայնային հետազոտություն անցկանցել եւ կորոնավիրուսի թեստ հանձնել: Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ Նարինեի մոտ թոքաբորբ կա: Երկրորդ հետազոտության արդյունքները խոստացել են հայտնել 4 օրվա ընթացքում: Դրանից հետո նա տուն է վերադարձել եւ սկսել է ընդունել պոլիկլինիկայի թերապեւտի կողմից նշանակված դեղամիջոցները:

Արդեն հաջորդ օրը նրան զանգել են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնից եւ հայտնել, որ նրա թեստը դրական է: Պարզաբանել են, որ նա եւ բոլոր նրանք, ովքեր նրա հետ ապրում են կամ շփվել են, պետք է ինքնամեկուսանան:

Այժմ Նարինեն բուժվում է տանը: Նրա խոսքով՝ ախտորոշումն իրեն զարմացրել է, քանի որ առավելագույնս զգույշ է եղել, վերջին շաբաթների ընթացքում միայն խանութ է գնացել՝ միշտ դիմակով: Ամենայն հավանականությամբ, վարակվել է իր թոռանից:

Նրա խոսքով՝ երեխաները բակում առանց դիմակների են խաղում, եւ հնարավոր է, որ թոռը վարակված լինի ընկերներից մեկից, Նարինեն էլ՝ թոռանից։

Նարինեն հավելեց, որ որոշ ժամանակ առաջ թոռան մոտ թեթեւ հարբուխ եւ ջերմություն է եղել՝ 37 աստիճան: Մի քանի օր անց ախտանիշները անցել են, եւ հարազատները կարծել են, թե երեխայի մոտ սովորական մրսածություն է եղել: Ընտանիքի մյուս անդամների մոտ եւս 2-3 օր թեթեւ թուլություն է եղել:

Բարդացումներ են սկսվել միայն Նարինեի՝ ընտանիքի ավագ անդամի մոտ:

«Ես գիտեմ, որ դժվար է բացատրել երեխաներին, որ պետք է զգույշ լինել, դիմակ կրել… Նույնիսկ եթե բացատրես, երեխաները կարող են խաղի ժամանակ մոռանալ զգուշության մասին: Սակայն դա իսկապես կարեւոր է: Մեծահասակները պետք է հետեւեն, որպեսզի երեխաները չվարակվեն եւ չվարակեն մեզ», - ասաց Նարինեն:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է