• Latest news

«3C» եւ ոչ մի լոքդաուն. ո՞րն է կորոնավիրուսի դեմ պայքարում Ճապոնիայի հաջողության գաղտնիքը

24 հունիսի, 2020  19:43

Երբ սկսվեց կորոնավիրուսի պանդեմիան, շատ մասնագետներ վստահ էին, որ Ճապոնիայում կլինեն վարակման եւ մահվան շատ դեպքեր, քանի որ երկրի բնակչության առնվազն 26 տոկոսը 65-անց մարդիկ են, հենց տարեցներն են կորոնավիրուսի հիմնական ռիսկային խմբում:

Սակայն նման բան տեղի չունեցավ: Ճապոնիայում պանդեմիայի ամբողջ ընթացքում, worldometers.info-ի տեղեկություններով, գրանցվել է վարակման 17 968 եւ մահվան 955 դեպք՝ 1 մլն բնակչության հաշվով վարակման ընդամենը 142 եւ մահվան 8 դեպք՝ շատ ավելի ցածր, քան Հայաստանում:

Ո՞րն է Ճապոնիայի հաջողության գաղտնիքը: Ինչպե՞ս է նրանց հաջողվում դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը՝ տոտալ լոքդաուն չսահմանելով:

Այս հարցերին «COVID-19. հաջողություն եւ գլոբալ համագործակցության ուղիներ» թեմայով վեբինարի ընթացքում պատասխանել է Տոխոկու համալսարանի բժշկական դպրոցի վարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, կորոնավիրուսային հիվանդության արձագանքման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման: 

Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում նոր կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունենում այսպես կոչված կլաստերների միջոցով: Վարակվածների մեծ մասն իրականում վիրուսը չի փոխանցում մյուսներին. վարակվածների միայն 20 տոկոսն է վարակում մարդկանց. հենց դա է կոչվում կլաստերային տարածում:

Ճապոնացի մասնագետների խոսքով՝ եթե գտնվեն նման կլաստերներ եւ հսկողության տակ առնվեն, վիրուսի տարածումը կարելի է զգալիորեն դանդաղեցնել:          

Հասկանալու համար, թե ինչպես դա պետք է անել, մասնագետներն ուսումնասիրել են վիրուսի տարածման կլաստերային դեպքերը եւ ուշադրություն դարձրել, որ նրանց մոտ շատ ընդհանրություներ կան. բոլորը վարակվել են փակ տարածքներում, բազմամարդ վայրերում կամ այլ մարդկանց հետ սերտ շփման ժամանակ: Այդ 3 գործոնները մասնագետներն անվանում են «3С» (closed spaces, crowded places, and close-contact settings):

Այդպիսով, մասնագետները կարծում են, որ եթե բացառվեն կամ նվազեցվեն ռիսկի այդ 3 գործոնները, կարելի է նվազեցնել վիրուսի տարածումը:

Օգտագործելով այդ մոտեցումը՝ մասնագետներին հաջողվել է գտնել շատ կլաստերներ եւ կանխել մյուսները: Այսօր Ճապոնիայում շատերը, նույնիսկ երեխաները գիտեն, որ պետք է խուսափել այդ 3 գործոններից:

Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում կշարունակի տարածվել, եւ առանց արդյունավետ պատվաստանյութի չի հաջողվի հաղթահարել կորոնավիրուսը: Այդ պատճառով պետք է գտնել խնդրի դեմ պայքարի լավագույն միջոցները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել