• Latest news

Դիմակներ ինչպես Դարտ Վեյդերի մոտ, օդ չկա շնչելու, զուգարան գնալ չի կարելի. բժիշկը պատմել է կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող մասնագետների առօրյայի մասին

26 հունիսի, 2020  17:59

Ե՛վ բժիշկները, եւ՛ բուժքույրերը, եւ՛ սանիտարները այսպես կոչված «կարմիր գոտի» կարող են մտնել հատուկ պաշտպանիչ հագուստով: «Կարմիր գոտում» աշխատող մասնագետների առօրյայի մասին «COVID-19: Մարտահրավեր նետելով համընդհանուր վախին: Կարմիր գոտի» թեմայով օնլայն քննարկման ժամանակ ասել է բժշկական գիտությունների թեկնածու, ռենտգենէնդովասկուլյար վիրաբույժ եւ սկսնակ գրող Նարեկ Կարապետյանը (Ռուսաստան), ով գրել է «Կարմիր գոտի» գիրքը:

Նրա խոսքով՝ բուժկենտրոնում, որտեղ ինքը աշխատում է, հերթապահությունը տեւում է օրեր, որից հետո 2 օր կարելի է հանգստանալ: Հերթապահության ժամանակ բժիշկն աշխատում է 6 ժամ, ապա 6 ժամ հանգստանում: Սակայն հանգստանալու ժամանակ զբաղվում է այլ աշխատանքով, օրինակ՝ փաստաթղթերի հետ աշխատանք, եւ այդպես մինչեւ հերթապահության ավարտը:

Նախքան «կարմիր գոտի» մտնելը բուժաշխատողը հանում է կոշիկները, այն թողնում ներքեւում, բարձրանում է մյուս հարկ, որտեղ հանգում է մաքուր համազգեստ, ապա հաղթահարելով բուժկենտրոնի լաբիրինթները՝ բարձրանում է այլ հարկ, որտեղ հագնում է պաշտպանիչ հագուստը:

Պաշտպանիչ հագուստի պարտադիր մաս է FFP-3 ռեսպիրատորը, որով դժվար է չնչել, այն հետքեր է թողնում քթի եւ աչքերի շրջանում: Այդ դիմակները նման են «Աստղային պատերազմներ» ֆիլմից Դարտ Վեյդերի դիմակին: Պետք է նաեւ կրել ակնոց, ձեռնոց եւ սպիտակ համազգեստ:

Կարապետյանի խոսքով՝ այդ հագուստի մեջ որեւէ անցք չկա, եւ բուժաշխատողը պետք է ամբողջությամբ մեկուսացված լինի՝ ջրասուզակի պես:

Նույնիսկ երբ շատ շոգ չէ, բուժաշխատողներն այդ համազգեստով քրտնում են:

«Բոլորս սովոր ենք թոքերով շնչել, սակայն ջերմակարգավորման մեծ մասը կատարվում է մաշկի միջոցով: Երբ դու հագնում ես այդ պաշտպանիչ հագուստը, օրգանիզմն արգելափակվում է: Եվ հետո օրգանիզմն ինչ-որ կերպ հարմարվում է, տախիկարդիա է սկսվում, սակայն դու հասկանում ես, որ այդպես էլ պետք է լիներ…»,-պատմել է մասնագետը:

Բացի այդ, նրա խոսքով, նման համազգեստով բուժաշխատողը չի կարող ուտել, խմել կամ գնալ զուգարան, այդ պատճառով «կարմիր գոտի» մտնելուց 2 ժամ առաջ փորձում են ոչինչ չուտել եւ չխմել, որպեսզի աշխատանքի ժամանակ «կարիքներ» չառաջանան:

Իհարկե, անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է դուրս գալ այդ գոտուց, սակայն համազգեստը հանելու համար 30 րոպե կպահանջվի եւ նույնքան՝ հագնելու համար:

6 ժամ բժիշկը կտրված է արտաքին աշխարհից, իր մոտ հեռախոս չունի, եւ եթե նրա տանն ինչ-որ բան լինի, նա չի իմանա, նույնիսկ եթե իմանա, չի կարողանա լքել հիվանդանոցը մինչեւ հերթափոխի ավարտը:

«Կարմիր գոտուց» ոչինչ, այդ թվում հագուստը, դուրս հանել չի կարելի:

Բժիշկ Կարապետյանի խոսքով՝ «կարմիր գոտում» աշխատելը բարդ է, սակայն ինքն ու իր գործընկերները հասկանում են, որ տանելի պայմաններում են աշխատում, քանի որ ինչ-որ տեղ կան բժիշկներ, որոնց վիճակն ավելի բարդ է:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել