• Latest news

Եղե՞լ է արդյոք կորոնավիրուսը Եվրոպայում դեռեւս 2019թ․ մարտին

29 հունիսի, 2020  19:27

Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը Եվրոպայում կարող էր հայտնվել շատ ավելի վաղ, քան ընդունված է համարել։ Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը Իտալիայում շրջանառվել է դեռեւս 2019թ․ դեկտեմբերին։ Ավելի զարմանալի է այն, որ University of Barcelona-ից իսպանացի մասնագետները այդ վիրուսի հետքերը գտել են կոյուղաջրերում, որոնք հավաքվել են 2019թ․ մարտի 19-ին, հայտնում է Conversation-ը։

Նոր հետազոտությունը հրապարակվել է վերապրինտների medRxiv կայքում եւ այլ գիտնականների կողմից գնահատական դեռեւս չի ստացել։

Գլազգոյի Կալեդոնյան համալսարանից վիրուսաբան Քլեր Քրոսանը բացահայտել է առավել հավանական պատճառը, որի հետեւանքով վերոնշյալ իսպանացի հետազոտողները SARS-CoV-2-ի հետքերն Իսպանիայում հայտնաբերել են դեռեւս 2019թ․ գարնանը։ Գիտնականի կարծիքով՝ Բարսելոնի համալսարանի մասնագետների անցկացրած փորձերի արդյունքները կարող են սխալ լինել։

Ինչպես հայտնում է Lenta-ն, հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են կոյուղաջրերի սառեցված նմուշները, որտեղ պարունակվում են մարդկային կղանքի մասնիկներ՝ հավաքված 2018թ․ հունվարից մինչեւ 2019թ․ դեկտեմբերը։ Վիրուսը առկա է եղել 2020թ․ հունվարի 15-ին թվագրված նմուշներում՝ Բարսելոնում կորոնավիրուսով վարակի առաջին պաշտոնական դեպքից 45 օր առաջ։ Բոլոր մնացած նմուշները բացասական են եղել, բացառությամբ այն մեկի, որը հավաքվել է 2019թ․ մարտի 12-ին։ ՊՇՌ անալիզը դրանում հայտնաբերել է SARS-CoV-2-ի երեք գեներից մեկը՝ RdRp-ը։ Այս արդյունքի հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը աշխարհում կարող էր պաշտոնական հայտարարված ժամկետից շատ ավելի վաղ հայտնվել։

ՊՇՌ-ն (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեսթի մի տարատեսակ է, որի ժամանակ ընտրված եւ մաքրված գենետիկական նյութը բազմիցս պատճենվում է` հատուկ ֆերմենտների մասնակցությամբ: Կորոնավիրուսի դեպքում անցկացնում են հակառակ տրանսկրիպցիայով ՊՇՌ, երբ պաթոգենի ՌՆԹ-ն փոխանցվում է սկզբում ԴՆԹ-ին, եւ միայն հետո ամպլիֆիկացիայի է ենթարկվում մի շարք ցիկլերի մեջ: Շուտով ելակետային գենի հատվածները բավական շատանում են, որպեսզի այն հնարավոր լինի հայտնաբերել հատուկ նշումների օգնությամբ:

Վերլուծության ընթացքում հետազոտողները արձանագրել են RdRp գենի երկու առանցքային հատվածների առկայություն մոտավորապես ամպլիֆիկացման 39-րդ փուլում: Սակայն խնդիրն այն է, որ ցիկլերի քանակի աճի հետ մեթոդը դառնում է ավելի քիչ հուսալի՝ պատճենելու սխալների կուտակման պատճառով, ուստի ՊՇՌ-ն երբեմն օգտագործում են գեներում փոփոխություններ կատարելու համար: Թեսթավորման համար սովորաբար կատարվում է մոտ 40 փուլ:

Քրոսանի խոսքերով՝ կա ստացված արդյունքի մի քանի հնարավոր բացատրություն: Առաջինը՝ վիրուսը իսկապես կարող էր առկա լինել կոյուղաջրերի ստորին մակարդակում: Երկրորդ՝ լաբորատոր պայմաններում երբեմն դժվար է կանխել նմուշների աղտոտումը՝ մեկ այլ նմուշի աննշան քանակով: Ի վերջո՝ նմուշում կարող էր առկա լինել մեկ այլ, սակայն ՌՆԹ գենի ուսումնասիրվող հատվածին շատ նման նմուշ, որը նույնպես կարող էր դրական արդյունք տալ պատճենման 39-րդ փուլում։

Առաջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ այն լրջորեն տարբերվում է համաճարակաբանական տվյալներից, եւ հեղինակները նմուշառման ժամանակահատվածում շնչառական հիվանդությունների թվի կտրուկ աճի վերաբերյալ տվյալներ չեն բերում: Բացի այդ, ավելի ուշ վերցված նմուշներում վիրուսի հետքեր չկան, թեեւ 800 միլիլիտր ծավալով կոյուղաջրերում պաթոգենի առկայությունը պետք է վկայեր բնակչության շրջանում դրա բարձր տարածվածության մասին։

Այսպիսով, մասնագետը կարծում է, որ գիտնականների այն եզրակացություններին, թե SARS-CoV-2-ը կարող էր Իսպանիայում առկա լինել հիվանդության առաջին պաշտոնական բռնկումից դեռ շատ ժամանակ առաջ, պետք է զգուշությամբ վերաբերել՝ մինչեւ կատարվեն հետագա ուսումնասիրություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է