• Latest news

Ինչպե՞ս է COVID-19-ի համավարակն ազդել ՄԻԱՎ-ի հետ կապված գլոբալ իրավիճակի վրա

7 հուլիսի, 2020  16:03

Դեռ դժվար է գնահատել COVID-19-ի համավարակի ազդեցությունն աշխարհում ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակի վրա, սակայն այսօր մենք կարող ենք ասել, որ բացասական հետեւանքներ կան եւ կլինեն: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ռազմավարական տեղեկատվության խորհրդատու Լեւ Զոհրաբյանը։

Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի պատճառով նվազել է ՄԻԱՎ-ի ախտորոշման համար պարբերաբար թեստ հանձնող մարդկանց թիվը: Իսկ նման թեստավորումները շատ կարեւոր են վարակի նոր դեպքերը բացահայտման եւ, հետևաբար, «90–90–90» ռազմավարության նպատակներին հասնելու համար: Ըստ այս ռազմավարության՝ ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 90 տոկոսը պետք է տեղյակ լինի իր կարգավիճակի մասին. ՄԻԱՎ-ով ախտորոշված ​​բոլոր հիվանդների 90 տոկոսը պետք է հակավիրուսային թերապիա անցնի, հակավիրուսային թերապիա անցնող բոլոր հիվանդների 90 տոկոսի մոտ պետք է զրոյական վիրուսային ծանրաբեռնվածություն լինի: Այս դեպքում աշխարհում ՄԻԱՎ-ի համաճարակը հնարավոր կլինի վերահսկողության տակ առնել:

Սակայն կորոնավիրուսային վարակի համավարակը բազմաթիվ մարտահրավերներ է առաջացրել այս նպատակներին հասնելու ճանապարհին: Եվ խոսքը միայն այն մասին չէ, որ արգելափակման պատճառով ավելի քիչ մարդ է սկսել թեստավորվել ՄԻԱՎ-ի համար եւ պարզել իրենց կարգավիճակը: Խնդիրները, փորձագետի կարծիքով, կարող են առաջանալ ՄԻԱՎ վարակի բուժման մեջ օգտագործվող դեղամիջոցների հետ:

Մասնագետի խոսքով՝ չնայած մեր տարածաշրջանում ARV դեղամիջոցների առկայությունն առաջիկա 6 ամսվա ընթացքում բավականին մեծ է, չպետք է մոռանալ, որ երկրների միջեւ օդային եւ ծովային հաղորդակցությունը կտրուկ կրճատվել է, ավելին՝ համավարակի պայմաններում ավելի քիչ մարդ է սկսել աշխատել  հակառետրովարակային թերապիայում օգտագործվող ակտիվ բաղադրիչների եւ դեղամիջոցների արտադրության ուղղությամբ: Եթե ​​ոչինչ չձեռնարկվի, այս դեղամիջոցների պակասի վտանգ կա աշխարհի բազմաթիվ երկրներում։

Դեղամիջոցների պակասը եւ լոգիստիկ խնդիրները, իրենց հերթին, կարող են հանգեցնել նրան, որ ՄԻԱՎ-ով ապրող ավելի քիչ մարդկ հակառետրովիրուսային թերապիա կանցնի: Եվ սա հղի է մի շարք խնդիրներով: Բանն այն է, որ եթե ՄԻԱՎ-ով վարակված անձը ARVT է ընդունում եւ բուժումն արդյունավետ է, մարդու մարմնում վիրուսային ծանրաբեռնվածությունն իջնում է մինչեւ անորոշ մակարդակ. Այդպիսի մարդը չի կարող վարակել ուրիշներին եւ ինքն էլ չի կարող լիարժեք կյանքով ապրել: Իսկ եթե ​​բուժումը դադարեցվի, վարակային ծանրաբեռնվածությունը հիվանդի օրգանիզմում նորից կբարձրանա, ավելին՝ կարող է դիմադրություն առաջանալ արդեն օգտագործված դեղամիջոցների նկատմամբ, եւ հետագայում դրանք այլեւս արդյունավետ չեն լինի նրա համար, ինչը լրացուցիչ դժվարություններ կստեղծի նրա բուժումը կազմակերպելու համար։

ՁԻԱՀ-ի գլոբալ համաճարակի մասին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի զեկույցի համաձայն՝ 2020 թվականի նպատակային ցուցանիշները չեն իրականացվի ձեռքբերված հաջողության անհամաչափության պատճառով: Կորոնավիրուսը կարող է լրջորեն դանդաղեցնել առաջընթացը ՄԻԱՎ-ի դեմ պայքարում:

Կորոնավիրուսն արդեն լրջորեն ազդել է ՁԻԱՀ-ի դեմ հակազդեցության միջոցներին եւ հետագայում կարող է էլ ավելի խոչընդոտել այդ ջանքերին: 6 ամսով ՄԻԱՎ վարակի բուժման լրիվ դադարեցումը կարող է 2020-2021 թվականներին Աֆրիկայի երկրներում հավելյալ 500 000 մահվան դեպքերի պատճառ դառնալ: Նույնիսկ 20 տոկոսանոց դադարեցումը կարող է հավելյալ 110 000 մահվան դեպքերի պատճառ դառնալ:

Զեկույցում նշվում է զգալի, սակայն անհամաչափ առաջընթաց, հատկապես հակառետրովիրուսային թերապիայի նկատմամբ հասանելիության ընդլայնման առումով: «Բաց չթողնել պահը» վերնագրով զեկույցը զգուշացնում է, որ նույնիսկ առկա արդյունքները կվերանան, իսկ առաջընթացը էլ ավելի կդանդաղի, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: Զեկույցում ասվում է, որ երկրները պետք է կրկնապատկեն ջանքերը:

Զեկույցի համաձայն՝ 14 երկրներ հասել են «90–90–90» նպատակային ցուցանիշներից: Նրանց թվում է Էսվատինին՝ երկիր, որտեղ ՄԻԱՎ տարածման ամենաբարձր ցուցանիշն ՝ 2019-ին 27 տոկոս: Երկիրը հասել է «95–95–95» մակարդակի:

Նշենք, որ Հայաստանը «90–90–90» ցուցանիշի դեռ չի հասել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է