• Latest news

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը հնարավոր կլինի երկու շաբաթում զգալիորեն կրճատել երեք պարզ կանոնների շնորհիվ

14 հուլիսի, 2020  11:18

Եթե բոլորը հետեւեն երեք պարզ կանոնների, ընդամենը երկու շաբաթում հնարավոր կլինի Հայաստանում կորոնավիրուսի տարածումը զգալիորեն կրճատել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը:

Շատերն են, հավանաբար, այս երեք կանոնների մասին արդեն լսել եւ ոչ մեկ անգամ. անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել եւ ձեռքերը վարակազերծել:

Մասնագետի խոսքով՝ մարդիկ դիմակ կրելու պահանջին բավարար լրջությամբ չեն վերաբերվում, մինչդեռ դա կարեւոր հակահամաճարակային միջոց է:

«Որոշ մարդիկ դիմակը կրում են միայն ոստիկանների տեսնելիս: Իսկ ոմանք մտածում են, որ եթե փողոցում են եւ արեգակը փայլում է, նշանակում է՝ պաշտպանված են: Բայց դա, ցավոք, այդպես չէ: Նույնիսկ փողոցում է հնարավոր վարակվել, եթե, օրինակ, մոտակայքում որեւէ մեկը փռշտա»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է սկսեն հասկանալ, որ դիմակ կրելը յուրատեսակ փոխադարձ պատասխանատվություն է. դիմակով մարդը պաշտպանում է թե՛ իրեն, թե՛ շրջապատի մարդկանց, քանի որ նա կարող է կորոնավիրուսով վարակված լինել եւ ախտանիշներ չունենալ: Իսկ ահա նրանք, ովքեր նրանից կվարակվեն, կարող են հիվանդությունն արդեն այնպես չտանել, ինչպես ինքը:

«Եթե մի մարդ ինֆեկցիան թեթեւ է տանում, դա չի նշանակում, որ նրա օրգանիզմը կարողացել է վիրուսը զսպել եւ թույլ չի տվել ախտանիշներին զարգանալ: Բայց մեկ այլ մարդու օրգանիզմը կարող է վիրուսին միանգամայն այլ կերպ արձագանքել, եւ նրա մոտ կարող են սկսվել ծանր բարդություններ: Ուստի այդքան կարեւոր է փոխադարձ պատասխանատվության հասկացությունը. ես պետք է հասկանամ, որ եթե հանկարծ հիվանդ եմ ու հիվանդությունն ասիմպտոմ եմ տանում, միեւնույն է, կարող եմ ուրիշներին վարակել, եւ ուրիշների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ամենեւին ոչ առանց ախտանիշների»,- ասաց մասնագետը:

Նա հավելեց, որ այսօր մարդկանցից շատերը գանգատվում են, որ դիմակով շնչելը դժվար է:

«Վիրաբույժները կարող են 7-8-ական ժամ վիրահատություն կատարել դիմակով: Վիրահատությունը փողոցում հանգիստ զբոսանք չէ, դա լարում է, պատասխանատվություն, կենտրոնացվածություն: Վիրաբույժը երբեք դիմակը չի հանում վիրահատության ժամանակ, որովհետեւ «դժվարությամբ է շնչում»: Եվ ոչ մի վիրաբույժ դիմակի պատճառով դեռեւս շնչահեղձ չի եղել»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ եթե մարդիկ դիմակը պատշաճ ձեւով կրեն, պահպանեն սոցիալական հեռավորություն եւ ձեռքերը հաճախակի լվանան կամ ախտահանեն, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը հնարավոր կլինի կրճատել ընդամենը 2 շաբաթում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է